Մաշտոցի պուրակ. Ակտիվիստները հանրային դատավարություն կանցկացնեն և հնարավոր է անժամկետ նստացույց հայտարարեն
Նմանատիպ
Մաշտոցի պուրակի համար պայքարը շարունակվում է: Խնդրով մտահոգված ակտիվստները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Կրկին անգամ և լիարժեք կերպով տերը դառնալով մեր հանրային տարածքին և սեփականությանը և գործելով հանուն հանրային շահի, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և մասնավորապես երկրորդ հոդվածը, այն է` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
Արդեն 27 օր է, ինչ մենք` ՀՀ քաղաքացիներս ու բնակիչներս, կենսագործում ենք մեր Սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները և լինելով այս հանրային տարածքի ու սեփականության տերը, մեր քաղաքի և պետության տերը` պահանջել ենք մեր ծառայողներից` քաղաքային և այլ մարմինների ներկայացուցիչներից, կատարել իրենց Սահմանադրական գործառույթներն ու պարտականությունները, որի համար էլ վճարվում են հանրության կողմից: Մեր հստակ ու օրինական պահանջին նրանք արդեն ինչքան ժամանակ է որևէ հստակ և իրավական պատասխան չեն տալիս, այլ խուսափում են, փորձում են խճճել կամ երկարաձգել գործընթացը:
Փաստելով նրանց անգործությունը` մենք կյանքի ենք կոչում «Քաղաքացիական անկախ ու արդար դատարան», որը կոչված է քննել ու հանրային ունեցվածքի ու ազգային հարստության զավթման, կողոպտման, մասնավորեցման հիմնախնդիրըմեր պետությունում: Քաղաքացիական անկախ և արդար դատարանի գործընթացների հիմքում դրվելու են ՀՀ Սահմանադրական իրավունքները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Բոլոր դատավարությունները լինելու են թափանցիկ, բաց և հրապարակային: Կատարվելու է օնլայն հեռարձակում: Բոլորի մուտքն ազատ է ու մասնակցությունը` խրախուսելի: Դատական առաջին նիստի ժամանակ կներկայացվի դատավարության ընթացակարգը և պատիժները: Դատարանի ընդունած որոշումներն անբեկանելի են ու ենթակա են անհապաղ իրականացման:
Բոլոր քաղաքացիներն ու բնակիչները, կազմակերպությունները, միությունները և այլ տեսակի կառույցները, որոնց հանրային սեփականությունը կամ ունեցվածքը խլվել կամ կողոպտվել է, կարող են դիմել Քաղաքացիական անկախ ու արդար դատարանին այստեղ` Մաշտոցի պուրակում, տրամադրել տեղեկատվությունը և հայց ներկայացնել դատարան գործը քննելու համար: Բոլոր այն քաղաքացիները, բնակիչները, որոնց մասնավոր սեփականությունը խլվել է «հանրային շահի համար», նույնպես կարող են դիմել մեզ` արդարացի, ժողովրդական և անկախ որոշում ստանալու համար: Կոչ ենք անում բոլոր գյուղերի, քաղաքների, մարզերի քաղաքացիներին ու բնակիչներին` Քաջարանից մինչև Թեղուտ, Մաշտոցի պուրակից մինչև Դալմայի այգիներ, միանալ մեր քաղաքացիական անկախ ու արդար հրապարակային դատավարություններին` իրենց իրավունքների և մեր բոլորիս քաղաքացիական պետության կերտմանն ի խնդիր:
Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի առաջին հրապարակային դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 13.00-ին Երևանի Մաշտոցի պուրակում: Առաջին գործը Մաշտոցի պուրակի հանրային տարածքի ու սեփականության պաշտպանության դատն է, որտեղ հանրությունը հանդես է գալու ընդդեմ քաղաքային իշխանությունների:
Մինչ վճռի հրապարակումը դատարանի որոշումով Մաշտոցի պուրակի գույքը կալանքի տակ է առնվում»:
Ակտիվիստները նաև ոչ պաշտոնապես հայտարարել են, որ եթե մինչև մարտի 13-ը կրպակները չապամոնտաժվեն պուրակից, իրենք անժամկետ նստացույց կհայտարարեն: Այդ որոշումը նաև կախված կլինի այդ օրը կայանալիք դատավարությունից: Մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն ավելի ուշ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում