Նախագահ. «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու»
Նմանատիպ
«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային և ազգային նպատակները»: Այս մասին այսօր ՀՀԿ համագումարում նշել է ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից: Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն»,- նշել է երկրի ղեկավարը:
Նախագահը նաև շեշտել է, որ հավատում է՝ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. «Մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն «լսել» չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ «ընտանիքի հենասյուն» չի նշանակում խոհանոցի բանտարկյալ»,- նշել է Սերժ Սարգսյանը ՝ ընդգծելով, որ դրա լավագույն ապացույցը ՀՀԿ շարքերում կանանց և երիտասարդների ներգրավման աճն է. «Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ երիտասարդներ են ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցության ավելացման այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը և կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի և յուրաքանչյուրի համար»:
Ամփոփելով խոսքի այս հատվածը` նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում