Ն.Բորդյուժա. «Մեծ քանակությամբ սպառազինություն ձեռք բերելն Ադրբեջանի կողմից ճիշտ քաղաքականություն չէ»

«Մենք նպատակ ունենք ուժեղացնել ՀԱՊԿ-ի դերակատարումը որպես մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացուցիչներից մեկը»: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա ներկայացրել է Ն. Բորդյուժայի հետ ունեցած բանակցությունների մանրամասները՝ նշելով, որ քննարկվել են ՀԱՊԿ-ի նոր ռազմավարությունը և պլանավորման նոր հայեցակարգը, որոնք հնարավորություն կտան ավելի մեծացնել միջազգային այդ կազմակերպության դերն ու նշանակությունը՝ անդամ երկրների անվտանգության ապահովման հարցում:

«Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց շարունակել այս գործընթացը և հույս ունենք, որ առաջիկայում հնարավոր կլինի խորհրդի քննարկմանը ներկայացնել պլանավորման նոր հայեցակարգը: Այդ փաստաթղթերը կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար»,- ընդգծել է Ա.Բաղդասարյանը:

ԱԱԽ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ Երևանում այս տարվա աշնանը կազմակերպվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ.

«Այդ մեծածավալ զորավարժությունների ընթացքում հնարավորություն կունենան իրենց համատեղ աշխատանքի ունակությունները ցուցադրել ոչ միայն ՀՀ ոստիկանական ստորաբաժանմունքների ու ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատայինները, այլև անդամ պետությունների համապատասխան ստորաբաժանումները: Փոխգործակցության ավելի բարձր մակարդակի ապահովման ու ձեռք բերված նվաճումների արձանագրման համար զորավարժությունները լավագույն տարբերակն են»,- ընդգծել է Ա.Բաղդասարյանը:

Ն.Բորդյուժան իր հերթին ասել է, որ ՀԱՊԿ նոր ռազմավարական փաստաթղթերը կարող են պարզաբանել, թե ո՞ր ուղղությամբ է այսուհետ շարժվելու կազմակերպությունն ու նաև Հայաստանը. «Այդ ամենը շատ լավ է, բայց կարևոր է պատասխանել նաև այն հարցին, թե ի՞նչ է սպասվում հետագայում, ինչպե՞ս անել, որպեսզի ապահովվի Հայաստանի բացարձակ անվտանգությունը. սա է նպատակը, որ ես այսօր Երևանում եմ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ իրենց կազմակերպության գրեթե բոլոր կարևորագույն փաստաթղթերը, որ երբևէ մշակվել են, նախևառաջ քննարկվում ու լրամշակվում են հենց Հայաստանում, որի ղեկավարությունը երկրի անվտանգության ապահովման հարցերին չափազանց լուրջ մոտեցում է ցուցաբերում:

«Անցած քսանամյակի ընթացքում Հայաստանը ստեղծել է սեփական զինված ուժերը, ունի հզոր կադրային ներուժ, և ես չեմ հիշի մեկ այլ պետություն, որտեղ նախագահն ու իշխանություններն այդքան լուրջ զբաղվեին անվտանգության հարցերով: Իսկապես շատ բան է արված և կարևորը` կա ինչի հետ համեմատել այդ արվածը»,-ասել է Ն.Բորդյուժան:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինություն ձեռք բերելու խնդրին՝ Ն.Բորդյուժան նկատել է, որ դա, իհարկե, ամբողջությամբ իր իրավունքն է, սակայն «դա ճիշտ քաղաքականություն չէ մի հանրապետության կողմից, որը գտնվում է խաղաղ բանակցային գործընթացում»:

ԱԱԽ քարտուղարն իր հերթին շեշտել է, որ վերջին շրջանում իրականացված քաղաքականության շնորհիվ Հայաստանը նույնպես ձեռք է բերելու ժամանակակից սպառազինություն, որը հնարավորություն կտա հետ չմնալ Ադրբեջանից: 

Խոսելով Սիրիայի ճգնաժամային իրավիճակից՝ ՀԱՊԿ քարտուղարն ասել է, որ իրենք շահագրգռված են, որպեսզի սիրիական հարցը լուծվի խաղաղ բանակցային գործընթացի միջոցով. «Պետք է անել բոլոր հնարավոր քայլերն այդ ուղղությամբ: Ուղիղ ժամեր առաջ կազմվել է նախնական ճանապարհային քարտեզ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի իշխանությունների հետ միասին»:

Ն.Բորդյուժան նաև նկատել է, որ ՀԱՊԿն առայժմ չի ցանկանում ուղղակիրորեն խառնվել սիրիական գործընթացներին` հաշվի առնելով, որ ՄԱԿն իր վրա ամենաբարձր մակարդակով պատասխանատվություն է վերցրել ստանձնել կողմերի հաշտեցման բանակցությունները:

«Եթե լարվածությունը մեծանա և սպառնալիք ներկայացնի Հայաստանի համար, ապա ՀԱՊԿը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Հավաստիացնում եմ, որ Հայաստանի անվտանգության հարցը դրված է այնպիսի բարձր մակարդակով, որ թույլ է տալիս սիրիական ճգնաժամի այս փուլում հանգիստ լինել»,- ընդգծել է ՀԱՊԿ քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում