Մամուլն այսօր. Քաղցրահամ ընտրակաշառքների և օմբուդսմենի գրասենյակի գործունեության մասին

Ընտրություններ.

«Հայացք»-ը գրում է, որ մի խումբ լրագրողների նախընտրական ցուցակում ընդգրկելուց հետո Հանրապետական կուսակցությունն անցել է շոու բիզնեսի ոլորտին։ «Այս շաբաթավերջին երեք–չորս երգիչ–երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ–ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում։ Առաջինը երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի։ Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինի»,- նշում է թերթը։

«Իրատես de facto» թերթը գրում է. «Իզուր չեն ասում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տեսակներ են: Նրանք երկուսն էլ փայլուն վրեժ լուծողներ են: Պարզապես «շոլկ-տեքստիլի» պարտկոմի համեմատ մատենադարանիստ Տեր-Պետրոսյանը դա անում է գեղեցիկ փաթեթավորմամբ ու խիստ նրբագեղ:

Պարզվում է` ՀԱԿ-ի վերջին «գաղթից» հետո (հիշենք, որ չորս կուսակցություններ հրաժարվել են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներառվելուց, իսկ դրանից առաջ էլ Արամ Զավենիչն էր ասել, որ միայն մեկ թեկնածու կցանկանանք այնտեղ ունենալ, որն ինքն էր, և ինքն էլ ընտրություններից հետո վայր է դնելու մանդատը), և ուրեմն, ՀԱԿ-ը, որ սկսել է խիստ բարեհաջող ինքն իրեն խժռել, մտածել ու գտել է` «ումով» գնա «մուտիլովկայի» ու քանդել անքանդելին` «Հանրապետություն» կուսակցությունը:

Ու հիմա ՀԱԿ-ը խոր բացատրական աշխատանքներ է տանում «Հանրապետության» անդամների հետ, որպեսզի վերջիններս դեմ դուրս գան Արամ Զ. Սարգսյանին ու ներառվեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում` սկսյալ 14-րդ հորիզոնականից: Առաջինը, որի վրա «դուրս է եկել ՀԱԿ-ի հայտնի թևը, Սմբատ Այվազյանն է. այո, հենց նրան է առաջարկվել 14-րդ, ՀԱԿ-ի կարծիքով, պատվավոր-անցողիկ հորիզոնականը:

Սմբոն, ասում են, որպեսզի չմտնի էդ «մուտիլովկաների» մեջ, լքել է Հայաստանը. նա, ասում են, Մոսկվայում է (չհայտնվի՞ Կառլոս Պետրոսյանի ծանր միջավայրում): Մի խոսքով` նա մերժել է:

ՀԱԿ-ը հերթով դուրս է գալիս նախկին ՆԳ նախարար, ոչ անհայտ գեներալ, Զինայի ամուսին (տարիներ առաջ, երբ նախարարին հարցրինք` Դուք ո՞ւմ մարդն եք, ասաց` Զինայի) Սուրեն Աբրահամյանի վրա: Նա էլ է մերժել: 

Դուրս են եկել Սափեյան եղբայրների վրա: Կրկին և արդարաբար մերժվել են: Հետո` Աշոտ Զաքարյանի վրա… 

Մի խոսքով` շա՜տ «դուրս եկածներն» են»:

«168 ժամի»-ի տեղեկությունների համաձայն` մինչև մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ-ի համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաև Աժ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Վերջին երկուսի հետ երեկ կապվել հնարավոր չի եղել: Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում: Իսկ Տ.Թորոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը: Ընդամենն ասել է, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»: Թերթի տեղեկություններով, սակայն, ԲՀԿ ցուցակում չի լինելու «7 օր» կայքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Քաղցրահամ ընտրակաշառքների մասին.

«Երկիրի» տեղեկություններով` ՕԵԿ-ը Մարտի 8-ին Երևանում մուրաբա, «բոնբոներկա» և սուրճ է բաժանել, իսկ մարզերում, մասնավորապես Արմավիրի մարզի Մյասնիկյան, Քարակերտ և Մայիսյան գյուղերում` դդումի մուրաբա և «պլիտկա»: 

«Ընտրամուրաբան բաժանելիս ՕԵԿ-ական երիտասարդները նախ ներկայացել են, որ ՕԵԿ-ից են, հետո էլ բարի ընտրություններ մաղթել ու հեռացել: Արմավիրից թերթին հասած տեղեկությունների համաձայն` տեղի կանայք, երբ տեղեկացել են, թե ՕԵԿ-ը մայրաքաղաքի բնակիչներին նաև սուրճ է բաժանել, շատ են նեղսրտել և այդպես էլ չեն հասկացել, թե իրենք երևանցիներից ինչով են պակաս»,- գրում է թերթը:

Ի դեպ, թերթի թղթակիցը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից փորձել է ճշտել, թե ինչ ազդեցություն կունենան մուրաբաները ընտրողների վրա: Այն, որ մուրաբաներն իրենց հետքը կթողնեն, Ադիբեկյանը հաստատել է. «ՕԵԿ-ն էլ մուրաբա ունի` մուրաբա է բաժանում»:

«Հայացք»-ը գրում է, որ ՀՀԿ 13-րդ համագումարի սկսվելուց կես ժամ առաջ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ տաք-տաք զրուցում ու իրար հուշում էին, թե էլ ինչում է ՀՀԿ-ն առաջինը: Նրանցից մեկը կես լուրջ-կես կատակ ասաց, որ Հայաստանում առաջին ընտրակաշառքն էլ են իրենք բաժանել: Դա 1995 թվականին էր, երբ «Հանրապետություն» բլոկը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը ընտրությունների նախօրեին ընտրողներին խտացրած կաթ էր բաժանում: Թերթը փորձել է կապվել Հերմինե Նաղդալյանի հետ, բայց նրա հեռախոսն անհասանելի է եղել: «Մեր կարծիքով` սա սովորական սուտ է Նաղդալյանի «ցուցակային» մրցակիցների կողմից: Հուսով ենք տիկին Հերմինեն կհերքի այս լուրը»,- եզրափակում է թերթը:

Զարմանազան.

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Տարիներ ի վեր կադաստրի հետ կապված խնդիրները քաղաքացիների համար գլխացավանք են առաջացրել: Այս գերատեսչությունը մարդկանց կադաստրային գործերը խճճել է` ինչպես իրեն ձեռնտու է եղել: Մի այսպիսի պատմության մեջ է հայտնվել քաղաքացի Գուրգեն Միրզոյանը: Չգիտես ինչու` կադաստրի արխիվից նրան պատկանող բնակարանի որոշ փաստաթղթեր ուղղակի անհետացել են, և ավելի ուշ Գուրգենը պարզել է, որ կադաստրային գործում այնպիսի թղթեր են հայտնվել, որոնք կեղծ են ու միանգամայն այլ բովանդակության: Այսօր քննչական մարմինը դեռ մի բան էլ Գուրգեն Միրզոյանին է մեղադրում կեղծիքի ու խարդախության մեջ»:

«Ժողովուրդը» գրում է, որ մարտի 7-ին տեղեկատվություն է տարածվել, թե Բենիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի միջնորդությամբ, հրաժարվում է թերթի դեմ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից` «արժևորելով մամուլի զարգացումը` որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ»: Թերթը գրում է, որ կփորձի պարզել, թե ինչու Բ. Հարությունյանը հրաժարվեց դատարան ներկայացրած հայցից, և հիշեցնում, որ խնդրահարույց հրապարակումն արվել է անցած տարվա սեպտեմբերի 9-ին` «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերնագրով:

Անդրադառնալով ՀՀ օմբուդսմենի գրասենյակի գործունեությանը` «Հրապարակը» գրում է. «Ինչպես և ՀՀ նախարարություններում, պաշտպանի աշխատակազմում գործում են վարչություններ: Նոր ստեղծվողը 8-րդն է լինելու, որը, «ի թիվս այլ գործառույթների, կատարելու է օրենսդրական նախագծերի փորձաքննություն և մշակելու է պաշտպանի տարեկան և միջանկյալ զեկույցները»:

Մինի-նախարար Կարեն Անդրեասյանը երկու տեղակալի հաստիք է սահմանել: Նրանցից մեկը` Աշոտ Վահանյանը, իր բերած կադրերից է, մյուսը` Գենյա Պետրոսյանը, հին աշխատող է, որի բախտը բերել է այնքանով, որ Կարեն Անդրեասյանի շրջապատից մեկի` Վարդան Զադոյանի կինն է: Նա շոու-բիզից է, երգ գրող: Պատահական չէ, որ պաշտպանը չի վայելում իրավապաշտպան կազմակերպությունների վստահությունը: Վերջերս երեք այդպիսի կազմակերպություն հրաժարվեցին նրա գրասենյակի հետ ստորագրած համագործակցության հուշագրից: …Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին մոտ կանգնած մասնագետներից այդ հաստատության գործառույթներին անհարիր մի քանի տեղեկություն ստացանք: Օրինակ, որ այն սպասարկող ծառայողական 4 մեքենաներից մեկն օգտագործում է օմբուդսմենի տիկինը, և որ ինքը` օմբուդսմենը, վարում է «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենա: Դրա նվազագույն գինը ԱՄՆ 39 հազար դոլար է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում