Ա. Գրիգորյան. «Նման կարգի հայտարարությունների համար անհրաժեշտ է դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա հղել»

«Թբիլիսիի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն վերջերս հանդես էլ եկել հակահայկական մտքեր պարունակող հարցազրուցների շարքով, որոնցում նկատվում են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ վիրավորական արտահայտություններ և փաստերի խեղաթյուրում: Միեւնույն ժամանակ հայ գործիչների, մասնավորապես ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ ջավախքցիների իրավունքները պաշտպանելուն ուղղված արտահայտությունները առանց որեւէ հիմնավորման համարվեցին հակավրացական: Դրանից շատ չանցած, Սոսոն, հայտնի կենդանու համառություն դրսևորելով, փորձում է այս անգամ արդեն խեղաթյուրել հայոց նորագույն պատմության որոշ փաստեր»: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Ջավախք» երիտասարդական միության նախագահ Արտյուշ Գրիգորյանը:
Հաստատելու համար իր խոսքը` Ա. Գրիգորյանը մեջբերեց մի հատված`վերոնշյալ փորձագետի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցից.
“Для того, чтобы парламент Грузии рассмотрел вопрос признания ходжалинского геноцида, необходимо обращение с азербайджанской стороны. Считаю, что тут многое зависит от активности азербайджанской стороны. Мы сами жертва геноцида, поэтому думаю, что, по всей вероятности, парламент Грузии внимательно рассмотрит эту проблему. А мое частное мнение заключается в том, что, конечно же, геноцид в Ходжалы имел место”.
Ըստ մեր զրուցակցի, եթե նման հայտարարություն անողը լիներ ադրբեջանցի փորձագետ, դա ինչ-որ կերպ կարող էր հասկանալի լինել.
«Հերյուրանքների տարածումը պարտվածի հոգեբանական դրևորումներից է: Արդյո՞ք Սոսո Ցինձաձեն ևս իրեն պարտված  է համարում: Կարծում եմ, որ ոչ: Նա պարզապես տրվել է ադրբեջանցիներին: Հայկական կողմից երբևէ ոչ ոք հրապարակայնորեն չի խոսել Վրաստանի համար այնպիսի ցավոտ խնդիրներից, ինչպիսիք են Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները, կամ վրաց-օսական պատերազմը՝ դրսևորելով հակավրացական պահվածք: Չեն խոսել, պահպանել են չեզոքություն՝ հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունները և դիվանագիտական որոշ նորմեր», համոզված է Ա. Գրիգորյանը:
«Ջավախք» երիտասարդական միության նախագահը կարծում է, որ հայկական կողմն իրավունք չունի ուշադրությունից դուրս թողնելու նման կարգի գործիչների հայտարարությունները, մանավանդ որ դրանք արվում են ոչ մեկ անգամ: «Այո՛, հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունը նման տեսակետը չի կիսում, այնուամենայնիվ, Ցինցաձեի և Մասխուլիայի նման գործիչները, ում վերջերս ազատեցին զբաղեցրած պաշտոնից հակահայկական հայտարարությունների համար, հրապարակային գործունեություն են ծավալում և հասարակության մեջ կարող են կարծիք, տեսակետ և դիրքորոշում ձևավորել: Վերջիններիս և սրանց նմանների պատճառով է, որ վրաց հանրության մեջ ժամանակ առ ժամանակ հակահայկական հիստերիա է բարձրացվում, սրանց հայտարարություններն ու գործունեությունը հենց չի բխում հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից և ստվերում է այն: Բազմիցս ասել ենք և կրկնում ենք.  նման կարգի հայտարարությունների համար անհրաժեշտ է դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա հղել և պատասխանատվության հարց բարձրացնել: Սա առաջին հերթին Վրաստանում Հայաստանի դեսպանության գործառույթն է: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ մինչև ամպը չգոռա, անձրև չի գա», ամփոփեց մեր զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում