Դեսպան Կարապետյանի այցը Սլովենիա
Նմանատիպ
Մարտի 5-7-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում: Այցի ընթացքում դեսպան Կարապետյանը մասնակցել է Լյուբլյանայում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, ինչպես նաև ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ:
Մարտի 5-ին ՀՀ դեսպանը այցելել է Սլովենիայի ԱԳՆ, ուր երկկողմ տնտեսական համագործակցության և եվրոպական ու երկկողմ քաղաքական վարչության պետերի հետ քննարկել է հայ-սլովենական համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Մարտի 6-ին Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Գրեգոր Վիրանտին, որն այդ պաշտոնում էր ընտրվել 2011թ. դեկտեմբերին: Դեսպանը ԱԺ նախագահի հետ քննարկեց միջխորհրդարանական կապերի ու հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվեցին երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը, փոխայցելությունների իրականացումն ու միջազգային կազմակերպություններում միմյանց համար կարևոր հարցերի շուրջ աջակցության ցուցաբերումը:
Նույն օրը` երեկոյան, ՀՀ պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ կազմակերպվել էր ընդունելություն, որին ներկա էին Սլովենիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, այլ երկրների պատվավոր հյուպատոսներ, գործարար և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ընդունելությանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը եւ Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Տոմաշ Կունստելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում