ԶՈւ հոգևոր սպասավոր. Այսօր մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք. եթե ունենք կորուստ, ապա դա նաև մեր մեղքն է
Նմանատիպ
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը անդրադարձել է բանակում հոգևոր ծառայությանը վերաբերող թեմաներին՝ նշելով, որ այժմ հայկական բանակում աղանդների տարածվածությունը շատ ավելի քիչ է դարձել, քան մոտ յոթ տարի առաջ էր:
«Մենք պարբերաբար զրույցներ ենք ունենում աղանդավորների հետ՝ փորձելով դարձի բերել նրանց: Հաճախ դա մեզ մոտ ստացում է, քանի որ պատանիները չգիտեն, թե ինչ են ընտրել: Ծնողներն են հաճախ մեղավոր երեխայի ընտրության մեջ: Կան զինվորներ էլ, որոնք ծուլանում են ծառայել և պատճառ են բերում այն, որ աղանդավորները զենք չեն վերցնում: Մի քանի զրույցից հետո ամեն ինչ ընկնում է իր տեղը, զենք էլ են վերցնում»,- ասել է քահանան:
Տեր Կորյունի խոսքերով՝ բանակում հազվադեպ, բայց հանդիպում են նաև իրենց հավատքի մեջ համոզված աղանդավորներ, որոնք հենց իրենք են փորձում սերմանել իրենց հավատքը:
Բանախոսը նաև տեղեկացրել է, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում այսօր ծառայում է 47 հոգևորական, և սպասավորների պակասի պատճառով, նրանց բաշխումը կատարվում է սահմանամերձ զորամասերին առաջնահերթությունը տալու սկզբունքով:
«Պաշտոնապես հոգևոր սպասարկումը բանակում սկսվել է համակարգվել 1997-ից Գարեգին Ա կաթողիկոսի և այն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Մենք պետք է զինվորի և սպայի մեջ հոգևոր արժեքները բարձրացնենք, ինչպես նաև զինվորին պետք է սովորեցնել այդ արժեքը ճիշտ գնահատել և պահպանել: Մենք փորձում ենք սեր սերմանել նրանց միջև, սեր՝ միմյանց նկատմամբ, որովհետև սերը սեր է ծնում»,- նշել է նա:
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու են հենց սահմանամերձ շրջաններում հաճախակի սպանություններ գրանցվում, Տեր Կորյունն ասել է, որ իրենք էլ մեղքի իրենց բաժինն ունեն դրանում. «Շատ ցավալի է, որ ունենում ենք երիտասարդ կյանքերի կորուստ: Մենք այսօր գտնվում ենք չհայտարարված պատերազմի մեջ: Եթե ունենք կորուստ, ապա դա նաև մեր մեղքն է: Առաջին հերթին, չասեմ՝ ուզում եմ մեղավորությունը վերցնեմ սպասավորներիս վրա, բայց մենք էլ մեղավորություն ունենք»,- շեշտել է հոգևորականը։
Տեր Կորյունը նաև նկատել է, որ հոգևոր սպասավորները միայն հոգևոր կրթությամբ չեն զբաղվում, այլ զինվորի կողքին հանդես են գալիս որպես զինվոր, իսկ հրամանատարին երբեմն խորհրդատու են լինում.
«Մասնակցել են Արցախյան ազատամարտին: Այսօր էլ լինում է, որ կրակակետում հանում եմ հոգևորականի զգեստս ու զինվորական հագուստով մասնակցում վարժանքներին: Իմ մասնակցությունը ոգևորում է շատերին, առավել լավ արդյունքներ ցույց տալու հնարավորություն տալիս»,- նշել է քահանան:
Razm.infօ–ի այն հարցին, թե ինչ խնդիրների են հանդիպում հոգևորականները բանակում` Տեր Կորյունը պատասխանել է. «Խնդիրները կարող են տարբեր լինել: Օրինակ, երբ հրամանատարն անհավատ է, դա ևս կարող է խնդիր լինել, քանի որ հոգևորականն աշխատում է ոչ միայն զինվորի, այլև սպաների հետ: Մենք փորձում ենք առավել անմիջական լինել բոլորի հետ` կարևորելով ավելի շատ մարդկային մոտեցումը: Ամեն առավոտ ես մտնում եմ հրամանատարի մոտ, հարցնում` ինչպես է ինքը, ընտանիքի անդամները, ու երբ դու մարդկային շփման ես գնում, ինքը դուրս է գալիս իր աշխատասենյակից ու զինվորին ոչ միայն որպես համազգեստով ծառայող է տեսնում, այլ, նախևառաջ, մարդու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում