«Զվարթնոց» օդանավակայանի հետ հաշտությունից հետո «Արմավիա»-ն ներկայացրել է իր առաջիկա նպատակները

«Արմավիա» ավիաընկերությունն այս տարվա ապրիլ ամսին մտադիր է ներմուծել նոր մեծ ինքնաթիռներ, այդ թվում այնպիսիք, որոնք ընկերության կողմից առաջին անգամ են շահագործվելու: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե ընկերությունը պատրաստվում է ակտիվ ամառային շրջան անցկացնել՝ չվերթներ իրականացնելով տարբեր ուղղություններով, միաժամանակ պահպանելով ավանդական դարձած չվերթները դեպի Մերձավոր Արևելքի և Եվրոպական հանգստավայրեր:
Չշեղվելով ընկերության՝ թռիչքների աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ քաղաքականությունից՝ «Արմավիա»-ն նախատեսում է նոր ուղղություններ բացել դեպի Միլան, Ամիրթաս, Ստոկհոլմ և Բիրմինգեմ:
Նշենք, որ ավելի վաղ «Արմավիա» ավիաընկերությունը Զվարթնոցի «Արմենիա» միջազգային օդանավակայանից պահանջում էր սպասարկման գների իջեցում՝ հակառակ դեպքում ընկերությունը կանգնում էր սնանկացման խնդրի առաջ:
Երկու ընկերությունների ղեկավարների միջև երեկ կայացած բանակցությունների արդյունքում, ինչպես փոխանցել էին ՔԱԳՎ-ից, կողմերը փոխհամաձայնության են եկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում