Երևանում Հնդկաստանի անվան այգի կհիմնադրվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։
«Պատմական քաղաք ղեկավարելը մարտահրավերներով լի աշխատանք է, ուստի, թեև փոքր ինչ ուշացումով, ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ»,- շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ասել է դեսպանը։
Ինչպես հայտնում են Երևանի Քաղաքապետարանի մամլո ծառայությունից, նշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը կարևորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։
Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլև Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ «Համոզված եմ, որ Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա, և այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված, այնպես էլ կրթական և բիզնես  ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին և շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի և իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ-հնդկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույց կլինի։ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։
Մեկ անգամ ևս շեշտելով Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը և առաջարկելով փաստաթղթային ձևակերպում տալ ծրագրերին՝  Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց  իրագործմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում