Մաշտոցի պուրակի ակտիվիստները բաց նամակ են հղել վարչապետին

Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստները երեկ առաջին անքուն գիշերն են անցկացրել այգում: Ինչպես արդեն հաղորդել էինք, պուրակում տեղակայված կրպակների ապամոնտաժումը պահանջող ակտիվիստները երեկ հանրային դատավարությունից հետո այգում վրաններ են տեղադրել՝ անցնելով շուրջօրյան նստացույցի:

Այսօր ակտիվիստները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է.

«Մարտի 13-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք, որ ս. թ. մարտի 15-ին նիստերի օրակարգում ընդգրկված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հեղինակած ՀՀ կառավարության «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը:

Այդ նախագծի 3-րդ կետում ասվում է. «Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ քան 3 տարվա ընթացքում Երևանի Մ.Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար»:

Սույն նախագծի բովանդակությունը վկայում է, որ Երևանի քաղաքային և Հայաստանի գործադիր իշխանությունն այդպես էլ ճիշտ չեն ընկալել մեր` հանրության պահանջը Մաշտոցի պուրակի հարցում»:

Մեր համոզմամբ Երևանի գլխավոր հատակագծով և հայեցակարգով Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի հանրային կանաչ տարածքի Մաշտոցի պուրակի հատվածում Աբովյան պուրակից տեղափոխված առևտրային նշանակություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ»:

Ակտիվիստները նաև պահանջում են մարտի 15-ի նիստի օրակարգից հանել կրպակների եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը և որոշմամբ ամրագրել անհապաղ ապամոնտաժելու մասին դրույթը՝ հստակ հանձնարարություններ տալով քաղաքային իշխանությանը, քանզի սույն որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունն իր վերահսկողության տակ է վերցնելու տվյալ որոշման պահանջների կատարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում