Ջավախքը, ՀՀԿ-ն և ազգային խաբկանքը

Ամենից առաջ հաստատապես նշում եմ, որ իմ ակնարկը նախընտրական է այնքանով, որքանով կապ ունի Ջավախքի հիմնահարցի հետ: Փոխարենը` այն բոլորովին կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացների հետ, ավելին` բնավ նպատակ չունենք փնովելու կամ պաշտպանելու այս կամ այն կազմակերպությանն ու քաղաքական ուժին: Խնդիրը Ջավախքն է` իր անցած պատմական մեկ փոքր, բայց վճռորոշ հատվածով: Քանի որ յուրաքանչյուր նախընտրական շրջան նաև հաշվետու շրջան է, ապա մենք էլ կշարժվենք այս չափորոշիչով: Եվ, քանի որ այս հաշվետու շրջանում ՀՀ-ում բացարձակ գերիշխանություն է ունեցել ՀՀԿ-ն, ապա ուղղակի կամ անուղղակի մեր ակնարկը վերաբերելու է այս քաղաքական ուժին: Ներկայումս ՀՀԿ-ի հաշվետվությունն իր վրա է վերցրել ՀՀ վարչապետը, որը մարզերում կամ այլուր հանդես է գալիս այդ բնույթի ելույթներով: Համոզված լինելով, որ վերջինս մինչ ընտրություններ Ջավախք չի այցելելու, հետևաբար` հաշվետվություններում հազիվ թե Ջավախքին անդրադառնա, ապա մենք որոշեցինք հանդես գալ իր փոխարեն:

Եվ այսպես` ինչ տեղի ունեցավ Ջավախքի և, ընդհանրապես, Վրաստանի պարագայում, հաշվետու ժամանակաընթացքում: Կողմնակալ չենք լինելու բնավ և ասելու ենք և՛ դրականները, և՛ բացասականները` խառը կարգով` հընթացս գնահատելով:

Հաշվետու ժամանակահատվածը ոչինչ չտվեց մեզ` Վրաստանում բռնազավթած եկեղեցիների վերադարձի մասով: Վարչապետի կողմից իր պաշտոնավարման սկզբնամասում Սբ. Նորաշեն այցը, նախագահի առջև հարցի բարձրացումը չունեցավ ընթացք, ավելին, հայկական կողմի անգործության և հարցին չտիրապետելու արդյունքում վրացական կողմը «բալանսավորեց» հարցը` ներկայացնելով նույնպիսի պահանջներ, որով և հարցը վերջնականորեն անցավ պատմության գիրկը (բացասական): Վրաստանը օրենսդրական փոփոխություններով հնարավորություն տվեց մեզ  գրանցվելու որպես կրոնական կազմակերպություն, որով և տասնապատիկ բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, սակայն օրենսդրական այս խաղը, հարցը փակելով, մեզ դարձյալ խաբեց և ոչինչ չտվեց (այդ մասին մենք մանրամասն անդրադարձել ենք), փոխարենը հայկական կողմը ևս, ոչնչից տեղյակ չլինելով, ողջունեց այս քաղաքական խաբկանքը (բացասական): Վրաստանի իշխանությունները, մոլորակի երկրներից տարբերվելով, արգելեցին հայ ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ-ում, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրացիները անխնայորեն վտարեցին դպրոցներից նվիրյալ ուսուցիչներին, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրացիներն կրճատեցին հայերենի դասաժամերը, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրացիները, հակառակ միջազգային իրավունքի նորմերի, անխնա վրացացնում են ամեն ինչ, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրացիներն արգելեցին ցանկացած տեսակի հայ գրականության, հայալեզու մամուլի անցկացումը, որոնք տանում էին իրենց հետ ուղևորները` Մայր պետությունից, հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրացիներն արգելեցին հայ գործիչների, պատգամավորի մուտքը Ջավախք, հայկական կողմը ոչինչ չկարողացավ անել (բացասական): ՀՀԿ-ականներն անգամ մտահոգություն չհայտնեցին իրենց ցուցակով պատգամավոր դարձած, հետևաբար` ավելի մոտ գործընկեր պատգամավորին հասցված վիրավորանքին, ինչն արեցին ընդդիմադիր պատգամավորները բազմիցս (բացասական): Վրացիներն ակտիվացրեցին հալածանքներն ու ձերբակալությունները ջավախահայ գործիչների շրջանում, հայկական կողմը ոչինչ չկարողացավ անել (բացասական): Վրացիները (ԱՄՆ-ը) կառուցեցին ճանապարհներ Ջավախքում, ավաղ, ոչնչացվող հայկական գործոնն այստեղ չկարողացավ դիմակայել ահեղ թուրք-ադրբեջանականին, որը գրեթե շրջափակեց ՀՀ-ն, իսկ կործանարար ազդեցությունները դեռ առջևում են: Հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրաստանը բացեց աշխարհի առաջ էներգետիկ դաշտը, ավաղ, ողջ Ջավախքով մեկ լցվեցին թուրքական ընկերությունները, որոնք այժմ Ջավախքի գետերն ամբողջովին վերածել են շինհրապարակի: Հայկական կողմը չկարողացավ ոչինչ անել (բացասական): Վրաստանը բացեց աշխարհի բիզնեսմենների առաջ իր երկիրը, հարյուր և մեկ հայկական ընկերություններ (այդ թվում և ՀՀԿ-ից և ծնունդով Ջավախքից մի շարք գործարարներ) Ջավախքի վրայով վայրէջք կատարեցին Բաթում, իսկ գործող իշխանությունն ՀՀԿ-ն ոչինչ չարեց, որպիսի վերջիններս իրենց ներդրումների գոնե չնչին տոկոսը ճանապարհին թողնեին Ջավախքում: Հատուկ սուբսիդավորման և վարկավորման, այդպիսով` բիզնեսմեններին Ջավախք մղելու քաղաքականությունը, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր այնտեղ, այդպես էլ չերևաց (բացասական): Ուղղակի խայտառակություն էր հարյուրից միայն մեկի` «Բալլիս» գործարանի (որն իրականում անձնական նախաձեռնություն էր, վարչապետի կամ ՀՀԿ-ի հետ բնավ կապ չունեցող), որի սեփականատերերի առաջ միայն պետք է խոնարհվել, այստեղ երևալը, սա ապացուցեց, որ պետական-ներդրումային քաղաքականությունն ուղղված չէ ազգային շահերին ծառայեցնելուն, այլ ուղղված է փողին, շահույթին (բացասական): Մյուս ներդրումը, որն արեց ՀՀԿ անդամ, ծնունդով Ջավախքից, Վ. Այվազյանը, դա Վրաստանի խոշորագույն լճերից մեկի` Տաբածղուրի լճի, շուրջ 25 տարով սեփականաշնորհումն է (25 տարվա մասին տեղեկությունները հայտնել են Տաբածղուրի գյուղի բնակիչները), որը կարելի է դրական համարել, նկատի առնելով այստեղ ևս թուրքական ներդրման վտանգը: Անաչառության համար նշենք, որ այս գործարքը, որն արդեն երկու տարի է, ինչ արգելում էր գյուղացիներին լճից օգտվել, մեծ հուզումների տեղիք էր տվել գյուղում: Գործարքի սկզբնական շրջանում շատ գյուղացիներ, որոնց ապրուստի եկամուտը հիմնականում լճից էր, թողեցին գյուղը` մեկնելով ՌԴ: Ամեն դեպքում, եթե ներկայումս գյուղացիներն օգտվեն այս ներդրումից, առկա է հասցված վնասի փոխհատուցման հնարավորություն:  Վրաստանը կամ ՌԴ-ն բացեցին «Վերին Լարսի» անցակետը, որը միանշանակ դրական ձեռքբերում էր ՀՀ-ի համար (դրական): Կառուցվում է հյուսիս-հարավ մայրուղին, որով ՀՀ-ն կապվում է ուղղակիորեն Բաթումի հետ (դրական): ՀՀ ՊԵԿ-ի որոշմամբ մեկ տարի առաջ Ջավախքի վարորդների համար ՀՀ-ում մնալու օրեր սահմանվեցին (յուրաքանչյուր մուտքի և տարվա կտրվածքով): Այս խայտառակ որոշման կայացնողներն անգամ հաշվի չառան այն վարորդներին, որոնք հնարավոր տնտեսական կամ տուրիստական ներդրումներով էին զբաղվում ՀՀ-ում: Ջավախքի կապը Մայր պետության հետ հերթական անգամ թուլացավ (բացասական): Այստեղ կարող է պարոն վարչապետն արդարանալ` ինչպես նրա պաշտոնյա Շ. Քոչարյանը, իբր, այլ պետության առանձին վարչամիավորների համար չենք կարող ընդունել առանձին որոշումներ: Մենք մի հրապարակման մեջ, բազմաթիվ առաջատար երկրների օրինակով ապացուցել ենք այս պատճառաբանության դատարկությունը, կուզենայինք մեկ անգամ ևս նշել մի քանի օրինակ, երբ լուսահոգի վարչապետ Ա. Մարգարյանը իր պաշտոնավարման տարիներին մի քանի այդպիսի որոշումներ էր կայացրել` կապված գյուղմթերքների Վրաստան առաքման հետ, որով Սամցխե-Ջավախքում և Քվեմո-Քարթլիում գրանցված պետհամարանիշներով մեքենաներն առանց որևիցե սահմանային փաստաթղթեր լրացնելու կարող էին մտնել ՀՀ և դուրս գալ: Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Տ. Սարգսյանն այդպես էլ չայցելեց Ջավախք (բացասական), ինչու ենք հենց վարչապետին նշում, քանի որ կուզենայինք որոշ զուգահեռներ տանել լուսահոգի վարչապետ Ա. Մարգարյանի և Տ. Սարգսյանի գործերում: Այստեղ ևս Տ. Սարգսյանը կարող է արդարանալ` նշելով, որ այլ երկրի տարածք է, հրավեր է պետք և այլն, իսկ այ այդ վատ վրացիները հեչ չէին ուզում, որ իմ ոտքը կպնի Ջավախքի հողին: Միանգամից նշենք, որ Սահակաշվիլու վարչակարգը սկիզբ է առել ոչ թե 2007 կամ 2008 թթ., այլ` 2003 թ., իսկ ահա այդ ընթացքում Ա. Մարգարյանը ոչ թե մի, այլ` բազմիցս է եղել Ջավախքում: Իսկ ջավախահայությունն այս գործչին դիմավորել է մեծամեծ պատիվներով ու տոնախմբություններով: Անգամ մի դեպք եմ ուզում հիշատակել. Ա. Մարգարյանը հաճախ էր իր գործընկերոջ կամ այլ հանդիպումներից որոշ ժամանակ առաջ մեկնում Ջավախք, հենց այնպես, իր ընկերների հետ (ի տարբերություն Տ. Սարգսյանի որոշ պաշտոնյաների, որոնց հիմնականում պատվավոր գերի են վերցնում վրացիները), և ահա այս այցերից մեկի ժամանակ Բարալեթ գյուղում (ինձ պատմել են գյուղացիները) վերջինս իր ոչ պաշտոնական զգեստով և ընկերների հետ գնում է գյուղամեջ` որոշ գնումների, երբ մարդիկ ոգևորված հավաքվում են շուրջը` վրացի բնակիչները հարցնում են` ո՞վ է, հայերը հպարտ պատասխանում են` մեր վարչապետը: Այո, Ա. Մարգարյանը Ջավախքինն էր, որի համար ոչ մի հրավեր պետք չէր, որն անսահման նվիրում ուներ դեպ այդ տարածաշրջանը, որին այնտեղ պաշտելու չափ սիրում էին, որովհետև նա ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էր: Նա էր, որ 2002 թ. առաջին անգամ հարց բարձրացրեց Ջավախքում ՀՀ հյուպատոսության բացման մասին, նրա մոտ էին գալիս պարբերական այցերով և խորհրդատվություն, ինչու չէ` որոշ ցուցումներ ստանալու Սամցխե-Ջավախքի նահանգապետերը, նա էր, որ պատվում էր Ջավախքի ակտիվ երիտասարդներին (մի անգամ Վ. Չախալյանը հպարտությամբ ցույց տվեց մի ժամացույց` Ա. Մարգարյանինն է), նրա առաջ ոչ մի սահման փակ չէր: Իսկ դու՞ք, պարոն Սարգսյան, դուք ոչ միայն սահմանափակեցիք ջավախահայության օրերը, այլև` Ձեզ չեն ճանաչում Ջավախքի նահանգապետերը, այլև` իր պաշտոնից ազատեցիք Ջավախքի հարցերով մինչ այդ գրեթե բոլոր նախորդ վարչապետերի երկարամյա խորհրդական Ս. Մարգարյանին` նշելով, որ ի՞նչ Ջավախք, դրա համար կան սփյուռքի և արտգործնախարարություններ, գնացեք այնտեղ: Դա նշանակում է, որ Ձեզ ամենևին պետք չեն ՀՀ-ի ռազմավարական և ազգային նշանակության հարցերը, իսկ հետագա քայլերով ապացուցեցիք դա, որն ինքնին բացասական երևույթ է: Իսկ անպաշտոն այցի համար հրավեր պետք չէ, դուք դա կարող էիք հարցնել Ձեր նախարար Ա. Աշոտյանից, որը եզակի նախարարներից էր, որ այցելեց, տեղում քննեց հարցեր: Կարելի է այս շարքում ընդգծել նաև սփյուռքի նախարարի, ինչպես նաև Ձեր շրջանակների որոշ այլ պաշտոնյա անձանց նվիրումը, սակայն, ստեղծված ոչ կոնցեպտուալ և լճացած իրավիճակում անձնական ցանկություններն ու մղումները ոչինչ են: Դա կյանքը ցույց տվեց:

Վրացիների կողմից խլվեցին Բավրայի գյուղացիների սեփական հողահանդակները, դրանով նաև` ՀՀ-ից տարածք անջատվեց, հայկական կողմը այդ ամենի դեմ բողոքելու համար պաշտոնանկ արեց Բավրայի գյուղապետին (բացասական): Դեմարկացիոն գործընթացի արդյունքում մեծ հուզումներ եղան Հյուսիսային Լոռու  (Մառնեուլի հայաբնակ գյուղերի) շրջանում, որպես սահմանախախտ պարբերաբար ձերբակալվում են հայ մարդիկ (բացասական): Շարունակում են Վրաստանի բանտերում մնալ հարյուրավոր այն ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրերում պատահաբար եղել են ռուս-աբխազական սահմանային անցակետի կնիք, հայկական կողմը չկարողացավ ազատել այդ անմեղ մարդկանց (բացասական): Վրաստանում ՀՀ դեսպանությունը, հանձինս նոր դեսպանի, ոչ միայն լրջորեն չի բարձրացնում պարզագույն, օրինակ, գրականության արգելման հարցը (ընդ որում դա կարելի էր անել այլ երկրների դեսպանների միջոցով կամ ներկայությամբ, ինչես օրերս արվեց Խոջալուի կամ Սումգայիթի պարագայում), այլև` խորհուրդ է տալիս ջավախահայությանը` սեփական պատմությունը որոնել ինտերնետում, ավելին` հետևելով վրացական «ավանդույթներին», Ջավախքը հրապարակավ անվանում է «Սամցխե-Ջավախեթիա» (բացասական): Շարունակվում է Ջավախքում տեղանունների աղավաղումն ու վրացացումը, իսկ վրաց արտգործնախարարը ՀՀ-ի «սրտում»` Երևանում, հրապարակավ հայտարարում է «Ջավախքի» չգոյության մասին, հայկական իշխող կողմից ոչ մի սովորական դիտողություն (բացասական): Շարունակվում է ՀՀ Ոստիկանության Ա. և Վ. Վարչության կողմից ՀՀ քաղաքացիության անձնագրերի զանգվածային տրամադրումը ջավախահայությանը, որն ունի և դրական, և բացասական կողմեր: ՀՀ-ն իր պետբյուջեից դադարեց գումար հատկացնել Ջավախքում մինչ այդ իրականացվող դպրոցաշինության կամ կրթական, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերի համար, որոնք առկա էին մինչ այդ (բացասական):

Ահա հաշվետվության մոտավոր պատկերը, որը կարող է կցվել ՀՀԿ-ի կամ Տ. Սարգսյանի հաշվետվական թղթապանակին, որը, արագորեն (ժամանակիս սղության պատճառով) գրեցի: Եթե ինչ-որ դրական կամ բացասական բան մոռացա ներառել, ներողություն եմ խնդրում:

Վերջում կուզենայի մեկ բանի մասին ևս նշել. նախկին ընտրությունների ժամանակ Երևանում կազմակերպվեցին ջավախահայության զանգվածային հավաքներ, անգամ բուք ու բորանին Ջավախքից բերվեցին հազարավոր մարդիկ (զարմանալի էր, որ մի քանի ուսուցչի ՀՀ արգելած վրացական հատուկ մարմիններն այս անգամ հանդուրժեցին հազարավոր սեփական քաղաքացիների մուտքն այլ պետություն` այն էլ այլ պետության կուսակցության նախընտրական հավաքին մասնակցելու համար), որոնց` արևից ու բքից խանձված դեմքերից դժվար չէր գուշակել, որ վերջիններս անգամ տեղյակ չեն, թե ուր են գնում, ինչ են գոռում հարթակում կանգնածները: Արեցին. ջավախահայերի միլիոնավոր դոլարներ հոսեց նախընտրական շտաբներ, ջավախահայությունը համախմբվեց ոչ թե գաղափարի, այլ` ինքն էլ չհասկացավ, թե ում կամ ինչի շուրջ: Նիհրից արթնացվեցին ՀՀ հեռավոր գյուղերի մարդիկ` հիշեցվելով իրենց սրբազան ծագման` ջավախքցի լինելու մասին, իրենք էլ եկան ասպարեզ, անգամ ջավախահայ փափկասուն կանայք չմոռացվեցին, իրենք էլ եկան: Մի տեսակ` նոր Քրիստոսի, նոր մեսիայի գալու տրամադրություն էր ամենուր, երբ օր-օրի ավելանում էր մարդկանց բազմությունը, ամենքը գալիս էին, գալիս ու գալիս…  Հետաքրքիր է` այս տեսքով հաշվետվության մասին ի հայտ գալուց հետո ի՞նչ է լինելու: Վերջապես մենք` ջավախահայերս, երբ ենք ունենալու գաղափարական համախմբվածություն, համախմբվելու ոչ թե փողի կամ որոշ մարդկանց անձնական քմահաճությունների, այլ արժեքների շուրջ: Էլի՞ ՀՀԿ-ին միանալ, հանո՞ւն…

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում