Անհանգիստ գիշեր Մաշտոցի պուրակում. Ակտիվիստները զրկվել են վրանից և շարունակում են բողոքի ակցիան (թարմացված)

Այս գիշերը Մաշտոցի պուրակում այնքան էլ հարթ չի ընթացել. ընդհարում է տեղի ունեցել կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստների և ոստիկանների միջև, առգրավվել է ակտիվիստների վրանը: Միջադեպը մանրամասն ներկայացվում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամների տարածած հաղորդագրության մեջ, որում մասնավորապես ասվում է.

«Մարտի 14-ի երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ֆիզիկական ուժ է կիրառել Մաշտոցի պուրակում իրենց արդարացի բողոքն արտահայտող և միևնույն ժամանակ խաղաղ նստացույցի մասնակիցների հանդեպ: Ոստիկանները, շրջափակելով վրանի տարածքը, քանդել և պատռել են այն և բռնություն գործադրելու միջոցով՝ վրանում գտնվող ակցիայի մասնակիցներից մեկի կատմամբ, առգրավել են վրանը և վրանի մեջ գտնվող բոլոր իրերը` քնապարկերն ու ծածկոցները, հագուստ, ակտիվիսներից մեկի ակնոցը, անձնական պայուսակը և բաճկոնը:

Ոստիկանական անօրինական, բիրտ և պատժիչ գործողություններն իրականացվել են մթության վրա հասնելուն պես և հանկարծակի՝ առանց նախազգուշացման: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այս սցենարն արդեն նախապես ուներ, ավելին, ուներ նաև հրահանգ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակում ոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգսություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մեր հարցին, ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանել են, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միևնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ` «էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք»:

Այնուհետև, այդ պահին, «Մետելիցա» սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3 արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գորգոռացին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, և 100-ից ավելի ոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակական կարգը խախտում էին միմյանց վրա գոռգոռում և հայհոյում էին հասարակական վայրում:

Չէ՞ որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանելու համար, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրող գործողությունների: Սույն դեպքը թույլ է տալիս մեզ` քաղաքացիական հասարակության սուբյեկտներիս, արձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին և ստոր քայլի, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր, քան ոստիկանների թիվը:

Մենք վրանը տեղադրել ենք 13,03,2012թ. նստացույցը սկսելու մասին հայտարարության օրը, որը, ըստ ՀՀ Սահմանադրության կրում է օրինական բնույթ և չի խախտում որևէ օրենք և այլոց իրավունքներ: Սակայն, ինչպես տեսնում ենք հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու:

Ու զավեշտալին այն է, որ այս քայլին ՀՀ ոստիկանությունը դիմում է այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում` հանրային կանաչ տարածքում ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կառուցվել և տեղադրվել են բուտիկներ:

Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում` երբ իր սահմանադրական իրավունքն իրականացնող և բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանց նախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը, նրան թողնելով դրսում սառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում: Մենք բղավում էինք, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվ հասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաև հրեցին մի լրագրողի, ով իր աշխատանքն էր կատարում պուրակում:

Այդպիսով ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար: Ոստիկանության գործողություններն ուղեկցվելեն քաղաքացիական համազգեստով աշխատակիցների սադրիչ քայլերի, ովքեր վեճ հրահրելով, շեղել են հավաքի մասնակիցների ուշադրությունը վրանի տեղահանմանն ուղղված հարյուրավոր ոստիկանների բռնության գործադրմամբ գործողությունից:

Ոստիկանության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալին հատուկ աշխատելաոճի կիրառման և ՀՀ Սահմանադրության բացահայտ և անամոթաբար ոտնահարման մասին: Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները` ի դեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության և իրապահ համակարգի պատասխանատուները:

Ոստիկանական բռնությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամայական և սուբյեկտիվ հայտարարություն է տարածել դեպքի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բռնության մասին լուրին արձագանքելով՝ Մաշտոցի պուրակում հավաքի մասնակիցների թիվը եռապատկվել է: Քաղաքացիները որոշել են, չնայած ոստիկանության նենգ ու բռնի գործողություններին, շարունակել անժամկետ նստացույցը և պատասխանատվության կանչել անօրինականություն իրականացնողներին: Հաշվի առնելով վերոշարադրյալը, Մաշտոցի այգու պաշտպանների անունից հայտարարում ենք.

Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև որ կապամոնտաժվեն անօրինական կառույցները Մաշտոցի հանրային զբոսայգուց:

Դիմում և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ ոստիկանության պետին Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների և նրանց գործողությունները ղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող և կատարող անձանց»:

Այսօր առավոտվանից ակտիվիստները որոշել են սկսել բողոքի ակցիայով Մաշտոցի պուրակում, որը այնուհետև կշարունակվի Կառավարության թիվ 1 շենքի մոտ: «Կառավարությունից պահանջելու ենք պատժել այսօրվա միջադեպի համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց, որոնք խախտել են ՀՀ Սահամանադրությունը: Ի դեպ, կառավարության նիստում այսօր քննարկվելու է նաև Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների հարցը, որի հետ կապված մեր պահանջը մնում է նույնը. անհապաղ ապամոնտաժել շինությունները, բարեկարգել այգին և վերադարձնել հանրությանը»,- ասվում է ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նրանք նաև կոչ են անում խնդրով մտահոգ բոլոր անձանց միանալ իրենց և մինչև վերջ պայքարել իրենց պահանջն ի կատար ածելու համար:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Կառավարությունը քիչ առաջ որոշում է կայացրել այնմասին, որ կրպակները 3 տարով պետք է տեղադրվեն Մաշտոցի պուրակում: Ցուցարարները փոքր-ինչ հիասթափված են, սակայն վերադառնում են պուրակ, որտեղ պատրաստվում են լիարժեք ծանոթանալ  որոշման հետ՝ այնուհետև արձագանքելու նպատակով:

Ակտիվիստները կրկին շեշտել են իրենց դիրքորոշումը, այն է՝ հանրային տարածքը չի կարող դառնալ առևտրային կենտրոն: Այժմ քննարկվում է ակտիվիստներից կազմված պատվիրակությունը Կառավարություն ուղարկելու հարցը, թե որքանով է դա անհրաժեշտ և ինչպես կարելի է  նման բան կազմակերպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում