Մամուլն այսօր. Նախընտրական քարոզչությունը ծավալվում է նաև համացանցում

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ եթե քաղաքական դաշտի հիմնական կուսակցությունները գոնե հստակեցրել են, թե ով է լինելու իրենց համամասնական ցուցակի առաջին համարը, ապա ՀՅԴ-ի դեպքում նույնիսկ այս հարցում չկա որոշում: ՀՅԴ Գերագույն մարմնում դեռևս շարունակվում են քննարկումները և´ համամասնական, և´ մեծամասնական ցուցակների շուրջ:

Այս իրավիճակը հետևանքն է այն բանի, որ ՀՅԴ-ն չունի հստակ լիդեր, կուսակցության նախագահ, այլ ղեկավարվում է ընկերվարական սկզբունքներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ցուցակը գլխավորելու հավակնություն ունեն ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ ցուցակը Մարգարյանի կողմից գլխավորելու գաղափարն այնքան էլ խանդավառությամբ չեն ընդունում կուսակցությունում: Բանն այն է, որ վերջերս Մարգարյանի խոստովանությունը, թե ինքը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ստվեր է գցել այդ կուսակցության վրա և հասարակության մեջ կասկածներ հարուցել ՀՅԴ-ի` ընդդիմադիր լինելու մեջ: Բայց քանի որ մյուս կողմից ՀՅԴ-ն, որ ցանկանում է ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ, ստիպված է համամասնական ցուցակում չընդգրկել Մարգարյանին (նշվում է նաև, որ ինքը չի էլ ցանկանում), հետևաբար ՀՅԴ ցուցակը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի հենց Վահան Հովհաննիսյանը, որը նաև այս կուսակցության նախագահի թեկնածուն է եղել 2008թ.:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Ընտրարշավն, ըստ էության, սկսված է, և թեկնածուներն արդեն, այսպես ասած, բացել են իրենց խոստումների տոպրակները: Բայց խոստումները տարբեր ձևի են լինում: Երբ, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսում է տնտեսական թեմաներով, դա ինձ համոզում է այնքանով, որ տնտեսագետը խոստանում է` իր քաղաքական թիմը, եթե մեծամասնություն ունենա խորհրդարանում, կիրականացնի այս օրենսդրական քայլերը: Կիրականացնի՞, թե՞ չէ, ճի՞շտ են այդ քայլերը, թե՞ սխալ` այլ հարց է: Համենայն դեպս, նա այդ քայլերն առաջարկում էր ոչ միայն նախընտրական շրջանում, որովհետև առաջին հերթին մասնագետ է ու հետո միայն` քաղաքական գործիչ և ընդդիմադիր: Նրա առաջարկներին էլ հնչող պատասխանները, որքան հասկանում եմ, չեն փայլում մասնագիտական մոտեցումներով և հնչում են մոտավորապես այսպես` «բա որ դու 90-ական թվականներին երկիր էիր քանդում» [միակ բացառությունը, թերևս, էկոնոմիկայի փոխնախարարի երեկվա արձագանքն էր]: Նաև այլ քաղաքական թիմերում կան տարբեր բնագավառների մասնագետներ, որոնք գործնական խոսակցություններ են վարում և, այսպես ասած, «թեմայի մեջ են», և թող ընտրողները դատեն, թե որքանով են այդ առաջարկները «խելքին մոտիկ»: Խոսքն, իհարկե, այն ընտրողների մասին է, որոնք դեռ չեն կորցրել իրենց դատողունակությունը` սոցիալական խնդիրների տակ կքված:

Կան խոստումներ, որոնք պարզապես օդի ցնցում են: Օրինակ` երբ անհատ թեկնածուն կամ «ցուցակային կուսակցականը» հայտարարում է` «մենք անելու ենք այնպես, որ բոլորն այս երկրում հավասար լինեն օրենքի առաջ», հաստատ իմացեք, որ նա, ըստ էության, ոչինչ չի ասել: Այդպիսի քարոզիչը կամ զբաղվում է «քաղաքական խալտուրայով», այսինքն` իրեն նեղություն չի տալիս ընտրություններին նախապատրաստվել, կամ էլ իսկապես ասելիք չունի:

Այլ հարց է, երբ պատգամավորության թեկնածուն կամ կուսակցությունը առաջարկում է լուծել ընտրողների կենցաղային խնդիրները: Գրեթե ցանկացած կրպակում կա մի հաստ ընդհանուր տետր, որը կոչվում է «նիսյայի թուղթ», որը, բնականաբար, վկայում է ժողովրդի աճող բարեկեցության և այդ ուղղությամբ կառավարության հմուտ քայլերի մասին: Ահա ընտրությունները շատ լավ առիթ են` այդ թղթերը ի չիք դարձնելու: Բնականաբար, պետք է վաղօրոք հայտարարել, որ այդ շռայլ ժեստը կատարել է մեծն բարերար Այսինչյանը, որը միշտ իր ժողովրդի կողքին է եղել: Գոհ կմնան թե կրպակատերը և թե բնակիչները: Նույն ձևով պետք է վարվել ասֆալտի, տանիքների, վերելակների, գազի և էլեկտրաէներգիայի պարտքերի հետ: Բա էլ ինչի՞ համար է պետք պատգամավորը, եթե ոչ` ձեր կաթացող տանիքը վերանորոգելու:

Կան, իհարկե, ավելի հեռուն գնացող ծրագրեր: «Հրազդանի» տոնավաճառի տերը, օրինակ, խոստացել է Շիրակի մարզի բնակիչներին` ընտրվելու դեպքում իրենց գյուղերում ջայլամներ բուծել: Պատկերացնում եմ, թե ինչպես են մինուս 15-20 ջերմաստիճանի պայմաններում վազվզելու և ձվադրելու աֆրիկյան այդ կենդանիները: Բայց առաջարկողը սովորական բիզնեսմեն չի` Ազգային ժողովի բազմամյա պատգամավոր է` մեկ էլ տեսար արեց: Չէ՞ որ ջայլամներ բուծելը պատգամավորի ուղիղ պարտականություն է»:

«Չորրորդ Ինքիշխանություն»-ը գրում է, որ իշխանական որոշ երիտասարդ գործիչները, հատկապես նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են սոցցանցերում, արդեն իսկ սկսել են նախընտրական գործունեություն իրականացնել այնտեղ: Այդ առումով հատկապես աչքի են ընկնում ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը և նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակ, ներկայում ՄԻԱԿ դեկավար և Հանրային հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որն հայտարարել է, թե էլի մեծամասնականով առաջադրվելու է Նոր Նորքում: Աշոտյանի քարոզչության հիմնական թիրախը առայժմ դեռ «Ժառանգություն» կուսակցությունն է, որի հետ կապված ԿԳ նախարարը «խայթող» և միաժամանակ հումորային մեկնաբանություններ է գրում: Իսկ ահա Ֆարմանյանն ավելի լուրջ է մոտեցել հարցին: Այն պահից ի վեր, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ ընտրատարածքում հնարավոր է` աոաջադրվի նաև Հայ ագգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակր կորցրել է քունն ու հանգիստը: Նա արդեն, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է լինելու, այւ մարդկային տեսակների պայքար: Այսինքն` իր և Ջհանգիրյանի մարդկային տեսակների պայքար: Ուշագրավն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակն ու Հանրայինի քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավարը նաև համացանցում է գրաքննություն իրականացնում` մասնավորապես, ջնջելով իր առաջադրման վերաբերյալ գրված այն մեկնաբանությունները, որոնք իր սրտով չեն:

Զարմանազան.

«Առավոտ»-ը գրում է, որ Ազատանի բնակիչներից մեկը` Գեւորգ Աբրահամյանը, բավականին մեծ չարչարանքով վնասազերծել է գյուղում հայտնված գայլին: «Եվ երբ Գեւորգ Աբրահամյանը հետաքրքվել է, թե որտեղի՞ց պիտի ստանա կառավարության կողմից գայլ խփողներին հատկացվող 100 հազար դրամը, նրան բավականին բարդ ճանապարհ են մատնացույց արել: Պարզվում է, որ գիշատիչներին վնասազերծողը նախ պիտի նրա մորթին քերթի ու այն ձեռքը բռնած մայրաքաղաքի Պարույր Սեւակ 7 հասցեն հասցնի, ընդ որում միայն չորեքշաբթի: «Էդ ի՞ նչ գումար են տալիս, միլիոննե՞ր են տալիս, որ մարդը գումար ծախսի ու Երեւան հասնի: Նախ վտանգավոր է  մորթազերծելը, դա հիվանդության բույն է, միգուցե կենդանին կատաղած է, եւ հնարավոր  է այն որսորդին փոխանցվի: Այսինքն էդ 100 հազարը պիտի տաս, որ բուժվես, բացի այդ ենթադրենք մարդը Ղափանում կամ Քաջարանում է  գայլին վնասազերծել, 500 կիլոմետր պիտի կտրի անցնի 100 հազար էլ ծախսի, որ Երեւան հասնի՞:Ճիշտ չե՞ ն անի այդ գումարը համայնքներին փոխանցեն, այլապես տպավորություն է ստեղծվում, որ  կառավարության որոշումը ձեւական մի բան է», -ասում է Գեւորգ Աբրահամյանը ` շեշտելով, որ ձմռանը գայլ խփելն այնքան էլ հեշտ բան չէ, տվյալ դեպքում որսորդը բացի հրացանից, ստիպված է  եղել ձյունագնաց օգտագործել, իսկ գայլերը Ազատանում ակտիվացել են»,- գրում է «Առավոտ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Պատմական փորձը վկայում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականության և նրան աջակցող Վրաստանի քաղաքական շրջանակների՝ դարերի պատմություն ունեցող հակահայ տրամադրությունները կոնկրետ գործողությունների վերածվելու պարագայում վաղ թե ուշ փոխարկվում են բումերանգի, որ հարվածում է հենց սեփական ժողովրդի բուն շահերին։ 

Ներկայումս Վրաստանում բուռն քննարկումների առարկա դարձող Թուրքիայի, Աբխազիայի, Իսրայելի և այլ երկրների «վրաց հոգեւոր ժառանգության» վերադարձի հարցը վերածվում է կատարյալ զավեշտի, քանզի հենց իրենց երկրի մայրաքաղաքի սրտում գտնվող Հայաստանյայց եկեղեցու հոգեւոր ժառանգության վերադարձի շուրջ Վրաց ուղղափառ եկեղեցին ստեղծել ու շարունակում է ստեղծել արհեստական խոչընդոտներ։

Այսպես. Թբիլիսիի անվիճելիորեն հայոց եկեղեցիների վերադարձի փոխարեն փորձելով ձեռք գցել իրեն չպատկանող Լոռու մարզի հայ-քաղկեդոնական հուշարձանները, Վրաց եկեղեցին շատ չանցած կանգնեց մի նոր խնդրի՝ Աբխազիայում գտնվող վրաց ուղղափառ հուշարձանների հարցի առջեւ։ Եվ բնական է, որ ուղղափառ աբխազներն իրենց հերթին փակեցին նման հոգևոր-կրոնական «պահանջատիրության» ճանապարհը։

Ավելին՝ Վրաց եկեղեցին այժմ ստիպված է ամեն ինչ անել խափանելու Աբխազիայի ուղղափառ եկեղեցու առանձնանալու ձգտումը՝ բերելով այն «փաստարկը», թե իբր ինքն ունի առաքելական բնույթ, այսինքն՝ հիմնվել է առաջին առաքյալների կողմից։ Այս «փաստարկը» անտեսում է այն պատմական իրողությունը, որ մինչև 7-րդ դարի սկիզբը վրացիները հոգևոր առումով մաս են կազմել Հայաստանյայց Եկեղեցուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում