Կիսաշրջազգեստով Պելեն կամ պարզապես Մարթա

Կիսաշրջազգեստով Պելեն կամ պարզապես Մարթա

Բրազիլիան աշխարհին ոչ միայն ֆուտբոլի արքա Պելեին նվիրեց, այլ նաև հոգաց ֆուտբոլի թագուհու մասին:

27-ամյա մուլատուհին կարողացավ աշխարհին ապացուցել, որ ֆուտբոլը միայն տղամարդու գործ չէ ու որպես ապացույց տիտղոսների, մրցանակների մի ամբողջ հավաքածու ապահովեց իր համար:

Մարտա Վիեյրա դա Սիլվան կամ պարզապես Մարթան ծնվել է 1986-ի փետրվարի 19-ին’ Բրազիլիայի Ալագոասում’ սովորական կենցաղ ունեցող ընտանիքում: Վարսահարդար հորը Մարտան գրեթե չի հիշում, քանի որ Ալդարիոն հեռացել է ընտանիքից, երբ ապագա աստղն ընդամենը մի քանի տարեկան է եղել: Թերեզան’ մայրը, միանգամից մի քանի աշխատանքով է զբաղվել՝ 4 երեխաների կարիքները հոգալու համար:
Մարթան դեռ մանկուց անտարբեր չէր ֆուտբոլի նկատմամբ: Թեև մայրն արգելում էր «տղայական» բաներով զբաղվել, Մարտան անգամ մորից ծածուկ’ խաղում էր: Ավագ եղբայրները հաճախ նրան իրենց հետ դպրոցի դաշտ կամ լողափ էին տանում’ ֆուտբոլ խաղալու: Արդյունքում աղջնակը խփած գոլերով չէր զիջում հարևան տղաներին: Երբ խփում էին նրա ոտքերին, Մարթան երբեք լաց չէր լինում, պարզապես կծում էր շրթունքներն ու շարունակում վազել:

Երբ լրացավ բրազիլուհու 14-ամյակը, նրան նկատեց կանանց բրազիլացի մարզիչ Էլենա Պաշեկուն: Մարթան սկսեց խաղալ «Վասկու դա Գամա» թիմում: Դա տևեց ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի: Ակումբը դադարեց ֆինանսավորում ստանալ, ու աղջիները մնացին առանց թիմի: Մարթան 2 տարով տեղափոխվեց «Սանտա-Կրուզ»: Սակայն չկա չարիք’ առանց բարիք. Մարթային հրավիրեցին Բրազիլիայի երիտասարդների հավաքական: 2002-ին նա ազգային թիմի մարզաշապիկով ելույթ ունեցավ Աշխարհի առաջնությունում և ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող:

18 տարին լրանալուն պես Մարթան Եվրոպա հրավիրվեց: Նա սկսեց հանդես գալ Շվեդիայի «Ումեո» ակումբում: Իր կատարած աշխատանքի դիմաց Մարթան Բրազիլիայում գրոշներ էր վաստակում և այդ պատճառով էլ հեռանկարային այս առաջարկը ծագող աստղն առանց երկմտելու ընդունեց: Ընտանիքի անդամները վախենում էին դեռահաս աղջկան միայնակ աշխարհի մյուս ծայրն ուղարկել, բայց Մարթան գնաց իր աստղի հետևից:

 

«Ումեոն» Մարտայի ելույթ ունենալու միայն առաջին տարին դարձավ երկրի առաջնության փոխչեմպիոն: Հետագա 4 տարիներին ակումբն առաջինն էր աղյուսակում: 2005-ին շվեդական հեռուստաընկերություններից մեկը ֆիլմ նկարեց բրազիլուհու մասին. «Մարթա-արքա Պելեի զարմուհին»: Շվեդիան սիրեց Մարտային:

Աղջիկը փայլում էր նաև Բրազիլայի հավաքականում: 19 տարեկանում Մարտան Աշխարհի առաջնությունից հետո «Ոսկե խաղակոշիկին» արժանացավ, 2007-ին նա պարգևատրվեց «Ոսկե գնդակ» մրցանակով: Բրազիլացի ֆուտբոլասերներն ընդունեցին Մարթայի տաղանդը’ նրան անվանելով «Կիսաշրջազգեստով Պելե»:

Այս առիթով Պելեն ասել է. «Ես լիովին համաձայն եմ, բայց կցանկանայի ավելացնել. Մարթան իմ նկատմամբ մեկ առավելություն ունի’ նրա ոտքերն իմ ոտքերից գեղեցիկ են…»:

Ֆուտբոլիստուհու մատնահետքերը ցեմենտի վրա հավերժացել են  «Մարականա» արենայի հարևանութամբ: Նա առաջին բրազիլուհին է, ով արժանացել է այդ պատվին:

Շվեդիայից հետո Մարթան ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում էր: Նա Հս. Ամերիկա գնաց ընկերուհու’ Յոախին Ֆրիսկի հետ, ում հետ խաղացել էր «Ումեոյում»:
ԱՄՆ-ի առաջնությունում բրազիլուհին կրկին բարձունքում էր: «Լոս-Անջելես Սոլում» նա, 11 գնդակ խփելով, ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Այնուհետև 3 ամիս վարձավճարով խաղաց բրազիլական «Սանտոսում»: Պելեի հարազատ ակումբի կանանց թիմին օգնեց նվաճել երկրի գավաթն ու Լիբերտադորեսի գավաթը: Այնտեղ 14 խաղում նա 26 գոլի հեղինակ դարձավ: 2010-ին սակայն Մարտան ստիպված էր վերադառնալ Լոս-Անջելես, որտեղ անցկացրած երկու տարիներից հետո տեղափոխվեց «Տյուրեսյո»’ կրկին Շվեդիայի առաջնություն:

 

Դժվար թե աշխարհում գտնվի ֆուտբոլի գիտակ մեկն, ով կասկածի տակ դնի այն փաստը, որ Մարթան կանանց ֆուտբոլի պատմության ամենափայլուն աստղն է: Դրա մասին վկայում է նաև այն, որ ՖԻՖԱ-ն 2006-ից սկսած 5 տարի շարունակ լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը հենց բրազիլուհուն է շնորհել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում