Գ.Վեսթերվելլե. «Խաղաղ լուծումն այն է, ինչին մենք ձգտում ենք»

Այսօր Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի հանդիպումը, որին հաջորդել է համատեղ ասուլիսը:

Էդ.Նալբանդյանի խոսքերով` հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը. «Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և այդ ընթացքում մենք բավական կարևոր քայլեր ենք կատարել ամրապնդելու, կայացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում քաղաքական ոլորտում, ինչպես նաև տնտեսական դաշտում, որտեղ ունենք 400 միլիոն դոլարի ապրանքափոխանակում: Բայց մեր հնարավորությունները այստեղ նույնպես մեծ են և մենք կարող ենք անել ավելին»:  

Իր հերթին Գերմանիայի արտգործնախարար Գ.Վեսթերվելլեն շեշտել է, որ դիվանագիտական հարաբերություների հաստատման 20-ամյակը պետք է նշվի պատշաճ մակարդակով: «Գերմանիայի կառավարությունը պատրաստ է օգնել ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլ նաև` իրավական պետության կայացման գործում»,- ասել է Գ.Վեսթերվելլեն:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցին՝ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ներկա ստատուս քվոն չի կարող լինել տևական, քանի որ այն խոչընդոտում է ողջ տարածաշրջանին:

«Հարցի լուծումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է փնտրել փոխզիջման խաղաղ տարբերակ: Երկու կողմերի միջև մերձեցման հասնելը շատ կարևոր է»,- ընդգծել է նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե Բաքու կատարած իր այցի ժամանակ արդյոք արտգործնախարարը խոսել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունների անթույլատրելիության հարցի մասին, Գ.Վեսթերվելլեն ասել է. «Գերմանական կառավարությունը կողմ է տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքների միջև հավասարակշռություն գտնելուն: Եվ խաղաղ լուծումն այն է, ինչին մենք ձգտում ենք և միասին աշխատում այս ուղղությամբ»:

Անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Գ.Վեսթերվելլեն ասել է, որ Թեհրանը կարող է վերջ դնել իր դեմ կիրառվող պատժամիջոցներին, եթե ապահովի իր միջուկային ծրագրերի թափանցիկությունը:

«Համոզված ենք, որ ներկա իրավիճակում Իրանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ են, քանի որ վերջինս չի ցանկանում համագործակցել իր միջուկային ծրագրերի ուսումնասիրության հարցում», – նկատել է նախարարը՝ հավելելով, որ մոտ ժամանակներում ակնկալվում է «3+3» կազմով հանդիպում: Նա հույս է հայտնել, որ այն դրական արդյունքներ կտա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում