Էդ.Նալբանդյան. «Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ չստեղծվեն»

Ադրբեջանը հետ է կանգնում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչի պատճառով էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չի գրանցվում: Այսօր Գերմանիայի Արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այն մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով գերմանացի լրագրողի այն հարցին, թե ինչու Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում առաջընթաց չի արձանագրվում:

«Այս տարվա հունվարին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կարևոր հայտարարություն է արվել այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի ուղղությամբ: Այդպիսի հայտարարություններ եղել են բազմիցս, մինչև Սոչիի հանդիպումը` 1 տարի առաջ մարտ ամսին նախագահներն անդրադարձան բազմաթիվ կետերի: Սակայն դրանք չիրականացան այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց, փաստորեն, այն, ինչի մասին պայմանավորվել էր: Մասնավորապես` պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ այդպիսի մեխանիզմներ չստեղծվեն», – ընդգծել է ԱԳ նախարարը: 

Էդ.Նալբանդյանը հիշեցրել է, որ համապատասխան առաջարկներ ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռ 2011 թվականի ապրիլին, երբ Հայաստանը ևս հայտնել էր իր պատրաստակամությունը: «Երկրորդ անգամ եռանախագահների առաջարկով Հայաստանը ևս մեկ անգամ դրական պատասխան տվեց հոկտեմբեր ամսին: Ադրբեջանը մինչ այսօր այդպիսի պատասխան չի տվել, ավելին` դեկտեմբեր ամսին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ ընդհանուր բյուջեն, նա սպառնացել է, որ կօգտագործի վետոյի իրավունքը, եթե որևէ մի հատկացում կատարվի այդ մեխանիզմների ստեղծմանը: Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթաց չի կարող արձանագրվել, քանի որ պայմանավորվում ենք մեկ բան, բայց Ադրբեջանը անում է այլ բան», – շեշտել է նախարարը:

Էդ.Նալբանդյանը նաև ասել է, տարբեր վայրերում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից առաջ նախապատրաստական աշխատանքներն ուղղված են եղել, որ կողմերն առնվազն համաձայնության գան ինչ-որ սկզբունքների շուրջ. «Սակայն ամեն անգամ, երբ ինչ որ համաձայնությունների ենք եկել, Ադրբեջանը գագաթնաժողովին եկել և ասել է «այո, ես կարող եմ համաձայնվել, բայց ունեմ տասը փոփոխություն», այսինքն` հետ է կանգնել պայմանավորվածություններից»:

ՀՀ արտգործնախարարի համոզմամբ՝ անհիմն են Բաքվի հնչեղրած բոլոր այն հայտարարությունները, թե առաջընթացի բացակայությունը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կամ դեսպանների անարդյունավետ առաքելությունից:

«Միայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ վերջին 2-3 տարիների ընթացքում նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել շուրջ 10 հանդիպում, իսկ խմբի եռանախագահները բազմիցս են եղել Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Նույնիսկ Սոչիում Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել եռանախագահների աշխատանքը, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հույս հայտնեցին, որ նույն ձևաչափով և նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց առաքելությունը` մինչև տարծաշրջանում խաղաղություն հաստատվի: Բայց Սոչիի հանդիպումից օրեր անց, երբ իրենց նախագահն ասում է մեկ բան, տարբեր այլ մակարդակներուվ Ադրբեջանից հնչում է քննադատություն եռանախագահների հասցեին: Եվ այս ցանկը կարելի է շարունակել», – նկատել է Էդ.Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում