Սերժ Սարգսյանը ՀՀԿ նոր անդամներին. «Ինձ համար թանկ է ձեր որոշումը»
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ և հանձնել ՀՀԿ անդամատոմսերը:
Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ և պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները և գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության: «Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարևորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, և այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում՝ այդպիսով նպաստելով նաև մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում