Է. Նալբանդյան. «Ադրբեջանն ամեն անգամ հետ է կանգնում պայմանավորվածություններից»

«Ղարաբաղի հարցով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն»: Այս մասին Գերմանիայ արտգործնախարար Գիդո Վեսերվելեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Պատասխանելով գերմանացի լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը՝ Նալբանդյանը մասնավորապես ասել է.

«Այսպիսի հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, օրինակ՝ մեկ տարի առաջ մարտին, Սոչիի գագաթաժողովին: Այնտեղընդունված հայտարարության մեջնախագահներն անդրադարձել էին մի կարեւոր պայմանավորվածության, որը չիրականցվեց այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց, փաստորեն, այն ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի այդպիսի մեխանիզմ չստեղծվի: Համապատասխան առաջարկներ եռանախագահների կողմից ներկայացվել էին դեռ 2011թ. ապրիլին, եւ Հայաստանը տվել էրդրականպատասխանը, իսկ հոկտեմբերին վերահաստատել, իսկ Ադրբեջանը մինչ այսօր պատասխան չի տվել:

Անցյալ դեկտեմբերին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ի բյուջեն, ադրբեջանական կողմն անգամ սպառնաց, որ վետո կօգտագործի ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի վրա, եթե հատկացում նախատեսվի այդ մեխանիզմի ստեղծման նպատակով:

Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթացչի ստացվում արձանագրել, որովհետեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց Ադրբեջանը հետո հետ է կանգնում:

Վերջին գագաթաժողովներից առաջ արտգործանախարարների մակարդակով համապատասխան նախապատրաստական աշխատանք է տարվել, ինչպես եղել է Կազանի, կամ Սոչիի, կամ Աստրախանի, կամ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից առաջ: Այս նախապատրաստական աշխատանքներնուղղված են եղել քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալուն: Ամեն անգամ, երբ մենք համաձայնություններ են ձեռք բերվել, Ադրբեջանը, գալով գագաթաժողովների, հետ է կանգնել պայմանավորվածություններից՝ առաջարկելով բազմաթիվ լրացումներ եւ փոփոխություններ:

Հենց այդ պատճառով է, որ չի ստացվում առաջընթաց արձանագրել: Ոչ թե եռանախագահները չեն ջանում օգնել կողմերին: Եռանախագահները բավականին մեծ աշխատանք են կատարել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարեւոր ջանքեր է գործադրել:

Վերջին երկու-երեք տարվա ընթացքում տասնյակ հանդիպումներ են կայացել նախագահների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, եռանախագահները բազմիցս եղել են տարածաշրջանում՝ Ստեփանակերտում, Բաքվում եւ Երեւանում:

Սոչիում վերջին հանդիպմանը եռանախագահների գործունեության վերաբերյալ բարձր գնահատական տրվեց: Եվ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ, այո, բարձր է գնահատում եռանախագահների գործունեությունը:Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հույս հայտնեցին, որ նույն ձեւաչափով եւ նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը, մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:

Սոչիի հանդիպումանն Ադրբեջանի նախագահն ասում էր մեկ բան, օրեր անց, այլ մակարդակներով Ադրբեջանից շարունակվեց քննադատությունը եռանախագահների հասցեին ու արվեցին մեկնաբանություններ, որոնք հակասում են Սոչիի եռակողմ հայտարարությանը: Հենց այդ պատճառով հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում