Ալվարո Արբելոա. Ֆուտբոլային կյանքում անկեղծություն չկա
Նմանատիպ
Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց մեկ ամիս անց EFE-ին տված հարցազրույցում «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է մարզչի ղեկավարությամբ անցկացրած երեք մրցաշրջանների մասին:
Ալվարոն Բրազիլիայում տված հարցազրույցում պատմել է այն ամենից, ինչի մասին լռել է Իսպանիայում: Հարցազրույցն ամբողջությամբ թարգամանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
-Ժամանակն անցնում է ու «Ռեալում» ապրած վերջին տարիները պատմություն են դառնում: Ինչպե՞ ս ազդեց Մոուրինյոն անձամբ Ձեզ վրա:
-Նա փոխեց մտածելակերպս ու ամեն օր հաղթելու ցանկություն առաջացրեց: Համոզեց, որ ամեն օր պետք է առավելագույնս աշխատել, քանի որ հենց դա է հաջողության տանող ճանապարհը:
-Ձեր կարծիքով Մոուրինոյին պաշտպանելու պատճառով Դուք դարձել ե՞ք քննադատության զոհ:
-Երբեմն այո: Բայց դրա հետ կարելի է համակերպվել: Գիտեմ, որ մամուլի ամենասիրելի ֆուտբոլիտը չեմ, բայց փորձել եմ քննադատություններին ուշադրություն չդարձնել:
-Իսկ ինչո՞ ւ չդարձաք լրագրողների սիրելին:
-Քանի որ նրանց ասել եմ ինչ մտածել եմ իրենց մասին, երբ գրել են այն, ինչ ինձ դուր չի եկել: Այդպես բոլոր ֆուտբոլիստները չէ, որ վարվում են, շատերը լռում են, վախենում են, որ խոսելը կվնասի իրենց: Ես երբեք չեմ վախեցել ասել այն, ինչ մտածում եմ ու երբ մամուլը ստում է, ես հարգանքով, բայց ասում եմ այդ մասին: Դրա համար էլ խնդիրներ առաջացան:
-Նշանակում է ֆուտբոլային կյանքում անկեղծություն չկա՞:
-Ոչ իրական ու ոչ էլ ֆուտբոլային կյանքում:
-Դուք որևէ բանի համար հավերժ երախտապարտ կլինե՞ք Մոուրինյոյին:
-Շնորհակալ եմ նրան իմ հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի ու վստահության համար: Ես բոլոր մարզիչների հետ լավ հարաբերությունների մեջ եմ եղել:
-«Ռեալի» հանդերձարանում շատե՞րն էին հոգնել Մոուրինյոյից:
-Շատերը նրան իրենց հավատարմությունը ցույց տվեցին, սակայն ինչ-որ մեկին թվում էր, որ միայն ես դա արեցի: Իրականում թիմի մեծ մասը երախտապարտ է Մոուրինյոյին:
–Դուք միշտ պաշտպանել եք նրան: Ի՞նչ եք կարծում, Մոուրինյոն որևէ աններելի բան արե՞լ է:
-Բնական է, որ եթե դու մարզում ես «Ռեալի» պես թիմի, երեք տարվա ընթացքում քո կատարած ոչ բոլոր քայլերը կարող են ճիշտ լինել: Բոլորս ենք սխալներ գործում, օրինակ ես’ ամեն օր: Երբ դու «Ռեալի» մարզիչն ես ու ամեն օր որոշումներ ես ընդունում, սխալվելը նորմալ է: Եթե անգամ նա սխալվել է, դրանք հանուն թիմի են եղել: Որևէ մեկն իդեալական չէ, պետք չէ նրան մեղադրել: Անչելոտիի դեպքում էլ նույնն է լինելու: Նա էլ սխալվելու է:
-Թիմակիցների հետ Ձեր հարաբերությունները փոխվե՞լ են:
-Ոչ, 99%-ի հետ ոչ:
-Դուք չե՞ք զգում մեկը բոլորի դեմ:
-Երբեք: Ես միշտ թիմակիցներից կողքին եմ եղել ու պաշտպանել եմ կրծքովս: Ես երբեք ոչ մեկին չեմ մեղադրել, նրանք էլ ինձ: Երբ պետք է որևէ մեկին օգնել, ես միշտ պատրաստ եմ եղել: Խիղճս մաքուր է:
-Ձեր ընկերներից քանիսի՞ հետ եք Մոուրինյոյի թեմայով վիճել:
-(Ծիծաղում է): Շատերի, քանի որ Մոուրինյոն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Դու կամ մինչև մահ պաշտպանում ես նրան, կամ նրա դեմ ես: Իսպանիայում ցանկացածը կարող էր որևէ բան խոսել, բայց երբ նա էր ինչ-որ բան ասում, դա հայտնվում էր մամուլի առաջին էջերին: Մոուրինյոյին ավելի շատ էին քննարկում, քան Իսպանիայում եղած խնդիրները:
-Ի՞նչ եղավ Ձեր ու Կասիլյասի միջև: Ինչո՞ւ դադարեցիք շփվել:
-Չգիտեմ այդ թեման առաջինն ով բարձրաձայնեց, քանի որ ոչ ես, ոչ Իկերը չենք խոսել այդ մասին, քանի դեռ դուք չհարցրիք ինձ: Շատերն են այդ մասին խոսել, ու ես ասել եմ այն’ ինչ մտածել եմ:
-Ինչպե՞ս զգացիք Ձեզ, երբ արդեն չէիք շփվում ու վնասեցիք նրան Վալենսիայում:
– Բարդ իրավիճակ էր, քանի որ անգամ մրցակցիդ չես ցանկանում վնասվածք հասցնել: Դժբախտ պատահար էր, իսկ նրա համար ուժեղ հարված, քանի որ դա Իկերի կարիերայում առաջին վասվածքն էր:
-Փորձել եք բարելավել հարաբերություններն ու պատասխան չե՞ք ստացել:
-Անկեղծ ասած, չեմ ցանկանում այդ թեմայով այլևս խոսել:
-Չե՞ք ցանկանում հարթել այս խնդիրը:
-Երբեմն դու դադարում ես ընկերություն անել մարդու հետ ու կյանքը շարունակվում է: Պատահում է նաև հակառակը, երբ մեկ տարի անց ամեն բան հարթվում է:
-Ուզում եք ասել, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի՞:
-Այո, սովորաբար այդպես է լինում: Եթե ոչ, ապա ոչ… Մեզ միավորում է այն, որ նույն գերբի տակ ենք հանդես գալիս:
-Ինչպե՞ս էիք Ձեզ զգում Կոնֆեդերացիաների գավաթում:
-Ինչպես միշտ’ լավ: Զարմանում եմ, որ որոշ մարդիկ դեռ կարծում են, որ այստեղ մենակ եմ ու ինձ հետ չեն շփվում: Շատ եմ կարդացել այդ մասին: Իրականում ես ինձ շատ լավ եմ զգում հավաքականում: Լավ հարաբերությունների մեջ եմ թիմակիցներիս հետ:
-«Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ և՞ս: Հին վերքերը սպիացա՞ն:
-Այո: Բոլորս շփվում ենք: Ամեն ինչ վաղուց անցյալում է ու մոռացված: Որևէ մեկի հետ վատ հարաբերությունների մեջ չեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում