Հայաստանը և Ֆրանսիան կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա են ստորագրել

2012թ. մարտի 16-ին տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Երկուստեք ընդգծվեց միջազգային փառատոններին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների եւ դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաեւ սեմինարների եւ վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:

ՀՀ Մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրեց Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:

Դեսպան Չիտեչյանը կարեւորեց հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժեւորումը նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:

Է. Գարանդոն ընդգծեց, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջեւ կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար եւ այդ կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը եւ խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում: 

Հանդիպման արդյունքում ստորագրվեց կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջեւ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում