Դառնալ, թե՞ չդառնալ կուսակցական: Ահա, թե որն է հարցը

Սկսել է քաղաքական տրանսֆերների սեզոնը: Մարդիկ այս կուսակցությունից մյուսն են վազում, անդամագրվում են այս կամ այն կուսակցությանը, ոմանք փորձում են թարմացնել հանրության հիշողությունը, ցուցակներում տեղերի և ընտրատարածքների ճշգրտումներ անում:

Այս ֆոնի վրա ինձ նույնպես ուղղվում են տարբեր հարցադրումներ, թե ինչո՞ւ ես չեմ անդամագրվում այս կամ այն կուսակցությանը՝ մեր կազմակերպությունը ծառայեցնելով տվյալ կուսակցության շահերին: Ինչո՞ւ մյուս ՀԿ-երը չեն միավորվում այս կամ այն կուսակցության հետ, որպեսզի օգտագործեն այդ կուսակցությունների պոտենցիալը և ամբիոնը իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Վերջ ի վերջո հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների աշխատանքը ուղղված է պետական քաղաքականությունը փոխելուն ի նպաստ հաշմանդամ մարդկանց, նրանց կյանքի բարելավման և սոցիալական ներառման: Ուրեմն կարող եք սկսել կուսակցություններ ներառվելուց: Առաջին հայացքից ճիշտ տրամաբանություն կա այստեղ, բայց իրականում այդպես չէ: Պարզաբանեմ, թե ինչու:

Նախ և առաջ դա պետք է լինի երկկողմանի գիտակցված, այլ ոչ թե քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար: Այսինքն քաղաքական ուժը ինքը պետք է այդքան հասունացած լինի և ինքը առաջին քայլը անի: Սակայն մեր քաղաքական կուսակցություններից շատերը, հիմնականում խոշոր կուսակցությունները, այդքան չեն հասունացել, որ հաշմանդամություն ունեցող մարդուն դիտեն իրենց կուսակցության լիիրավ անդամ, կարևորեն հաշմանդամության խնդիրները և լուրջ քայլեր անեն այդ ուղղությամբ: Ասածս ապացուցելու համար հետևյալ փաստարկը կբերեմ: Նախ գրեթե բոլոր խոշոր կուսակցություններում կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, նրանցից շատերը բարձրագույն ավարտ են, ունեն կյանքի փորձ և ասելիք: Իսկ այժմ ասեք, թե քանի՞ կուսակցությունում եք տեսնում հաշմանդամություն ունեցող մարդկանց, ովքեր ակտիվ են կուսակցության ներսում և առաջին շարքերում են, քանի՞ կուսակցություն կա, որ ունի հաշմանդամ մարդկանց հարցերով զբաղվող առանձին բլոկ, որը ղեկավարում է հենց հաշմանդամություն ունեցող մարդ, քանի որ հաշմանդամության խնդիրներով արդյունավետ կարող է զբաղվել միայն հաշմանդամություն ունեցող մարդը կամ հաշմանդամ երեխայի ծնողը: Ես կասեմ չկա: Այս դեպքում հարց է առաջանում, բա ո՞ւմ են սպասում կուսակցությունները: Կամ ի՞նչ կարևոր է, որ լինես կուսակցության անդամ: Եթե կարևորում են այդ հարցը, եթե կարևորում են այդ մարդու աշխատանքը, եթե իրոք կարևորում են պետության և հասարակության շահը, ապա թող առանց կուսակցության անդամ դառնալու նախապայմանի առաջարկեն իրենց կուսակցության համամասնական ցուցակում անցումային տեղ: Եթե կուսակցությունը իր հաշմանդամ անդամներից մեկին առաջնորդի ԱԺ կամ առանց նախապայմանի ՀԿ դաշտից մեկին առաջարկի լինել ցուցակի անցումային տեղում, ապա ես վստահեցնում եմ ձեզ, որ շատ շատերը կգնան այդ կուսակցության հետևից, նույնիսկ չլինելով համաձայն այդ կուսակցության ծրագրային դրույթներից որոշների հետ:

Այս դեպքում, երբ նախապայման է կուսակցության անդամ դառնալը, հասարակական կազմակերպությունների համար ռիսկը ավելի մեծ է: Բացատրեմ` ինչու: Այն որ ՀԿ-ները քաղաքացիական հասարակության ձևավորման գործում առաջամարտիկներից են, դա փաստ է, այն որ քաղաքացիական հասարակության շատ ակտիվ տարրեր իրենց հասարակական գործունեությունը սկսել են տարբեր ՀԿ-ներում, դա էլ է փաստ: Շատ ՀԿ-ներ ավելի հին պատմություն ունեն ու ավելի երկար ճանապարհ են անցել, դա էլ է փաստ: Շատ ՀԿ-ներ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում մեծ աշխատանք են կատարել, կատարում են և շարունակում են, քանի որ նրանք պայքարում են հանուն հավասարության, շահերի և իրավունքների պաշտպանության: Նրանք գնահատվել ու գնահատվում են տարբեր մարմինների և կառույցների կողմից, դրա ապացույցը այն շորհակալագրերն են, պարգևագրերն ու շքանշանները, որ ստացել են այդ մարդիկ ու ՀԿ-ները, բայց ամենամեծ գնահատականը տալիս են այն մարդիկ, ովքեր այդ ՀԿ-ների աշխատանքի արդյունքում շահել են: Մեր ՀԿ-ները պայքարում են ոչ թե ընդդեմ անձի, կուսակցության, պետական մարմնի կամ իշխանության, այլ հանուն իրական ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ուժեղ պետության և պետականության համար: Մենք պայքարում ենք նրա համար, որ մեր շատ համաքաղաքացիներ, ունենալով կամ չունենալով հաշմանդամություն, հասկանան, որ շատ մարդիկ՝ ծնվելով հաշմանդամ, կամ ձեռք բերելով հաշմանդամություն, չեն կորցնում հնարավորությունը լինել լավ և արժանի քաղաքացի մեր երկրում, լավ և արժանի զավակ, լավ և արժանի եղբայր կամ քույր, լավ և արժանի ընկեր, լավ և արժանի ամուսին ու վերջապես լավ և արժանի ծնող:

Իսկ այժմ պատկերացրեք, որ ՀԿ նախագահն, ում կազմակերպությունը ունի ավելի հին պատմություն, կատարել է լուրջ աշխատանք շահերի պաշտպանության ուղղությամբ, գնում և անդամագրվում է որևիցե կուսակցության, որտեղ կուսակցության անդամ լինելը նախապայման է, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները մինչ այդ չեն կարևորել, լուրջ տեղ չեն տալիս, ի՞նչ երաշխիքներ կան, որ այս մարդու ձայնը կլսվի, որ նրան տեղ կտան, հնարավորություն կտան օգտագործել կուսակցության պոտենցիալն ու ամբիոնը: Այս ամենը ուղղակի պոպուլիստական քայլ կլինի, ի շահ կուսակցության, իսկ արդյունքում այդպես էլ ոչինչ չի փոխվի:

Իհարկե այս ամենը իմ մասին չէ: Ես այսպես ներկայացրեցի, որպեսզի ավելի պարզ լինի իմ տեսակետը: Մեր կազմակերպությունը ունի չորս տարվա փորձ, չնայած այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք կատարել մեծ աշխատանք: Ես նույնպես ունեմ տարբեր շնորհակալագրեր և պարգևներ, ինչպես նաև մեկ միջազգային շքանշան: Եվ մեր կազմակերպության արածն ու ունեցածը շատ աննշան է, եթե համեմատենք  «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքում» ընդգրկվածներից որոշ կազմակերպությունների հետ:

Այս ամենի արդյունքում տուժում է հասարակական կազմակերպությունը, դառնալով որևիցե կուսակցության կցորդ, իսկ կազմակերպության նախագահի հետագա գործունեությունը դառնում է առ ոչինչ, քանի որ նրան չեն լսում այդ կուսակցության ներսում, չստանալով հնարավորություն նաև բարձրաձայնելու խնդիրները ԱԺ-ի բարձր ամբիոնից:

Չլինելով որևիցե կուսակցության անդամ` երբ ինչ որ հարց ես բարձրացնում, կամ պահանջում, քո ձայնը լսվում է որպես արդարության ու հավասարության կանչ, իսկ երբ դառնում ես կուսակցական, քո ձայնը լսվում է որպես կուսակցության համար դիվիդենտներ հավաքողի: Արդյունքում դու կորցնում ես քո դեմքը, ազնիվ ու անաչառ մարդու համբավը: Արդյունքում խոսքիդ տեղ չեն տալիս ոչ քո կուսակցությունում, ոչ քո գործընկերները և ոչ էլ որևիցե պետական մարմին ու կառույց:

Այժմ ինձ ասեք, խնդրեմ, արժե՞ դառնալ կուսակցական կամ աշխատել որևիցե կուսակցության հետ և նրա համար, եթե դու չես ստանալու հնարավորություն բարձրաձայնելու քո խնդիրը ԱԺ ամբիոնից, եթե կուսակցությունում չի ստեղծվում պայմաններ, որ դու կատարես քո աշխատանքը կուսակցության ներսում, իսկ ընտրություններից հետո դու վերադառնալու ես քո նույն պայքարին, սակայն այս անգամ, առաջվա պես դու չես կարողանալու աշխատել բոլորի հետ և պաշտպանել հաշմանդամ մարդկանց շահերը արդյունավետ, եթե դու դիտվելու ես սոսկ որևիցե կուսակցության կցորդ…

Այժմ ասեմ, թե ինչու ընդգրկվեցի «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում:

«Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որն արձագանքեց իմ հայտարարությանը /Առաջարկ ՀՀ կուսակցություններին/, ապացուցեց, որ հաշմանդամության խնդիրը իրոք հուզում է այդ կուսակցությանը և 10-րդ տեղն էլ, կարծում եմ, նույնպես ապացուցում է դա:

Հաշմանդամության խնդիրը վաղուց է եղել «Ժառանգության» օրակարգում: Մենք շատ սերտ աշխատել ենք և աշխատում ենք Անահիտ Բախշյանի հետ: Նա մշտապես բարձրաձայնել է մեր խնդիրները ԱԺ-ում և այլ պետական մարմիններում:

Այժմ էլ «Ժառանգություն» կուսակցությունը հնարավորություն է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձը ներկայացված լինի օրենսդիրում և բարձրաձայնի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ԱԺ-ում առանց կուսակցական դառնալու նախապայմանի:



Արման ՄՈՒՇԵՂՅԱՆ



Հետևեք մեզ նաև Telegram-ում