Իրանը կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանի արտգործնախարարությունը կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին:
Իրանական «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ այս անգամԱդրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության այն հայտարարության պատճառով, թե Ադրբեջանում ձերբակալված խմբավորումը կապված է Իրանի հետ:
Նշենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի`Թեհրան կատարած այցի հաջորդ օրը` մարտի 14-ին, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պետական դավաճանության մեղադրանքով 22 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարությամբ Ադրբեջանում օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
«Ադրբեջանն իր այդ գործունեությամբ հակասում է մոտ տասն օր առաջ Նախիջևանում երկու երկրների ԱԳ նախարարների և օրերս Թեհրան ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին»,- մասնավորապես ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սա Իրանի կողմից Ադրբեջանին հղած պաշտոնական բողոքի նոտայի երրորդ դեպքն է այս տարվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում