Կ.Հակոբյան. «Ժառանգություն»-ից հեռանալու որոշումը երկկողմանի և փոխադարձ է եղել»

«Ես ավելի շատ հասարակական գործիչ եմ, ոչ թե՝ քաղաքական կամ կուսակցական, հետևաբար ճիշտ եմ համարում կուսակցությունից իմ դուրս գալը»: Պաշտոնապես հայտարարելով «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է խմբակցության արդեն նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը:

«Ես պետք է խոստովանեմ, որ երկու տարվա ընթացքում շատ ռազմավարական և մարտավարական հարցերում ունեցել եմ տարաձայնություններ «Ժառանգության» կուսակցության հետ: Դրանցից մեկը կապված է եղել օտարալեզու դպրոցների բացման նկատմամբ կուսակցության վերաբերմունքի հետ: Օտարալեզու դպրոցների հետ պայքարը չպետք է սկսվեր և ավարտվեր սոսկ մեկ հայտարարությամբ: Դա պետք է հասարակական համախմբման և պայքարի սկիզբը դառնար»,- պաշտոնից հեռանալու պատճառների մասին խոսելիս ասել է Կ.Հակոբյանը:

Նա շեշտել է, որ ինքը ավելի սկզբունքային է գտնվել. «Կուսակցությունից դուրս գալը ևս դրա դրսևորում է»: 

Ըստ Կ. Հակոբյանի` կուսակցությունից հեռանալու որոշումը երկկողմանի է եղել և փոխադարձ, քանի որ իր համար անհասկանալի է այն տրամաբանությունը, թե ինչու է կուսակցության վարչության քարտուղարը հայտնվում ընտրացուցակի վերջին հորիզոնականում. «Երբ ինձ ասում են հեռու, դա նշանակում է հեռու և ես հեռանում եմ: Այսինքն` կուսակցությունից հեռանալը դա իմ անձնական որոշումը չէ` դա փոխադարձ է»:

Անդրադառնալով «ԺառանգութունԱզատ դեմոկրատներ» համատեղ ընտրացուցակին՝ Կ.Հակոբյանն ասել է, որ խմբակցությունում շատերն են դժգոհ դրանից, սակայն բավական վճռականություն չունեն այդ քաղաքական ուժի կազմից դուրս գալու համար. «Շատերն են դեմ, շատերն են բողոքում, բայց իմ և նրանց տարբերությունն այն է, որ նրանցից շատերն են հայտնի դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով»: 

Բանախոսի կարծիքով՝ ընտրացուցակը պետք է արտացոլի կուսակցության կադրային քաղաքականությունը, և ամեն ինչ պետք է հիմնավորված լինի:

«Ես կողմնակից եմ քաղաքականության մեջ երիտասարդների մտնելուն, բայց նրանք պետք է լինեն իրենց քաղաքական դիրքորոշմամբ, կեցվածքով հասարակությանը հայտնի: Ազգային ժողովը փորձադաշտ չէ, որպեսզի մենք այնտեղ ուղղարկենք մարդիկ, նոր պարզենք, թե որքանով են դրանք ազնիվ, հայրենասեր: Այստեղ պետության մոտեցման խնդիր կա, և պատասխանատվության, թե ում ես դու գործուղում խորհդրարան»,- ընդգծել է Կ.Հակոբյանը:

«Ժառանգության» նախկին քարտուղարը նկատել է, որ ինքը մշտապես դաշինքի ջատագովն է եղել, սակայն չէր պատկերացնում, որ «Ժառանգության» ցուցակն այսպիսին է լինելու. «Ես գիտեի «Ազատ դեմոկրատների» անդամներին, գիտեի մեր կուսակցության անդամներին և գիտեի հասարակական-քաղաքական սեկտորների այն մարդկանց, ում ճանաչում և հարգում են: Ես այդպիսին էի պատկերացնում այդ ցուցակը, բայց սա անակնկալ էր»:

Կ.Հակոբյանը նաև հայտնել է, որ մինչև վերջին պահը վարչության անդամները ծանոթ չեն եղել ցուցակին, իսկ որոշումը կայացրել են «Րաֆֆի Հովհաննիսյանը և իր մի քանի խորհրդատուները»:

Բանախոսը նաև ասել է, Լարիսա Ալավերդյանը վարչության նիստի ժամանակ հայտարարել էր, թե հրաժարվում է և´ մեծամասնական, և´ համամասնական ընտրապայքարից, սակայն այնուհետ որոշել է փոխել իր դիրքորոշումը՝ միայն կուսակցության իմիջը պահելու համար:

«Լարիսա Ալավերդյանը շատ սիմվոլիկ համաձայնվել է 41-րդ տեղում լինել` «Ժառանգության» բարոյական աջակցության համար»,- նշել է Կ.Հակոբյանը՝ շեշտելով, որ դա նույնպես նշանակում է ընտրապայքարից դուրս գալ:

Կ.Հակոբյանը նաև համոզմունք է հայտնել, որ նման ընտրացուցակով խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» դաշինքը ավելի քիչ հնարավորություններ կունենա: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում