Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Մարտի 19-ին աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա նահանգապետ Սեմ Բրաունբաքի, Սենատի նախագահ Ստեֆան Մորրիսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ՛Նիլի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալմայոր Լի Թաֆանելլիի հետ:

Վաշինգտոնում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեվիդ Պետրեուսի, Պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄքՄիլանի, Պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում նախատեսված են նաև ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՄԱԿի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի և ՄԱԿի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում