Իրավապաշտպա՞ն, թե՞ փորձագետ
20/03/2012 12:40
Նմանատիպ
Times.am-ի հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանը.
-Իրավապաշտպան ՀԿ -ի ղեկավար Ա.Սաքունցը վերջերս հաճախ է հանդես գալիս ռազմական փորձագետին հարիր վերլուծականներով, ինչպե՞ս կմեկնաբանեիք դա:
–Ըստ էության, նա տեղափոխվում է ակտիվության այլ դաշտ, որտեղ նրա եզրակացությունները պետք է այնքան հիմնավոր լինեն, որ պաշտպանական գերատեսչության կողմից կարևորվեն և, ինչու չէ, կիրառվեն: Վերապահումով եմ մոտենում այն վերլուծությանը, որտեղ չի նշվում տեղեկատվության աղբյուրը, իսկ հայթայթած տվյալներն էլ օգտագործվում են կամայականորեն: Մասնավորապես, «Ժամանակ» թերթի լրագրողի հարցերին պատասխանելիս (14.03.12թ..«Եթե ռազմական ակադեմիան ավարտած 300 սպաները դատվում են»), Ա.Սաքունցը յուրովի է գնահատել Հայաստանի ռազմակրթական համակարգը՝ անհասկանալիորեն զուգահեռներ տանելով բանակում հանցավորության և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների թվերի միջև:
Շահարկելով ձեռքի տակ «ունեցածը»՝ իր մի «հայտնագործությամբ» նա զինված ուժերը համալրող երիտասարդ սպաներից բոլորին պիտակավորում է՝ նրանց նույնացնելով այն սպաների հետ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցված: Սա լուրջ չեմ համարում այն պարզ պատճառով, որ, առնվազն, վիճակագրորեն պետք է հիմնավորվի ՀՀ զինված ուժերի ամբողջ սպայակազմի՝ ռազմական ինստիտուտն ավարտած լինելը: Բացի այս, իրավապաշտպան Ա. Սաքունցը բոլորից լավ պետք է տեղյակ լինի, որ անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը դեռևս չի ապացուցում վերջինիս մեղքը: Վերլուծական հմտությունների առումով մասնավոր դեպքը ընդհանրացնելիս, կարծում եմ՝ առավել նրբանկատ պետք է լինել և չստվերել սպայի, թեկուզ՝ իրավապաշտպանի կերպարը, առհասարակ, եթե, իհարկե, նպատակը հանրությանը հաճոյանալը չէ:
Ի դեպ, բանակում հանցավորության շուրջ հանրային քննարկումներում, լրատվամիջոցներում տևական ժամանակ է, ինչ իրավապաշտպանների կողմից որպես կռվան նշվում է անպատժելիությունը: Ես չունեմ տվյալներ, թե իրականում քանի սպայի նկատմամբ է քրեական գործ հարուցվել և քանիսն են դատապարտվել, բայց հարց է ծագում՝ ինչու՞ Ա.Սաքունցը նշած հանցավոր սպաների թիվը՝ որպես իր և գործընկերների նվաճում, նախորդած պայքարի արդյունք չի ներկայացնում, և եթե նրա տեղեկատվության աղբյուրն այդքան իրազեկ է, ինչու՞ չի փոխանցել նույն ցուցանիշը նախորդ տարիների համար: Այս դեպքում արդեն միտումներն էլ ակնառու կլինեին՝ տոկոսային արտահայտություններով… խոսքն էլ՝ համոզիչ կհնչեր:
-Ձեր նշած հրապարակման մեջ Ա.Սաքունցը ներկայացրել է պայմանագրային զինծառայության հիմնախնդիրը՝ բարձրացնելով նաև զինծառայողի հանգստի իրավունքի հարցը:
–Վստահաբար ասեմ, որ պայմանագրային զինծառայության անցնելու պայմանագիրը չի ամրագրում Սաքունցի նշած և ոչ մի թիվը: Այստեղ էլ հենց կարող ենք վերջակետ դնել:
Այլ հարց է, որ այդ թվերը կարող են ամրագրված լինել ՊՆ այնպիսի փաստաթղթերում, որոնք, անշուշտ, ոչ գաղտնի են: Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞վ է դրանք փոխանցողը, և ինչու՞ է Սաքունցը մանրամասնորեն բարձրաձայնում մարտական հերթապահության օրերի թվի և այլ ընթացակարգերի մասին: Եթե նա, իրավամբ, մտահոգ է ու մատնանշում է զինված ուժերի ներքին սպառնալիքների իր վարկածը, ապա ինչու՞ է դա անում հրապարակավ և առաջարկները չի ուղարկում Պաշտպանության նախարարություն: Թե՞ նախարարության հետ առնչվելիս նա միայն տվյալ պահանջողի դերում է իրեն տեսնում:
-Չե՞ք կարծում, որ վերջինս պատահաբար չէ, որ որոշել է լրջորեն փոխել իր կերպարը՝ հանդես գալով կառուցողական առաջարկներով, անդրադառնալով պաշտպանական բարեփոխումներին, Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությանը…
–Դա իր որոշումն է: Իհարկե՝ իրավապաշտպանի համար հեշտ կլինի որպես փորձագետ դրսևորվելը, հատկապես զինծառայողների իրավունքների հարցում, բայց թե որքանո՞վ հաջող կանի դա նա պաշտպանական այլ ոլորտներում, ցույց կտա ժամանակը:
Բարեփոխումների ներկա փուլում Պաշտպանության նախարարությունը շարունակում է ստանալ միջազգային փորձագետների բարձրորակ խորհրդատվությունը, համագործակցում է հայտնի ռազմական փորձագետների, վերլուծական կենտրոնների հետ: Ինչ վերաբերում է տեղի ռազմական փորձագետներին, ապա նրանք անմիջապես մարտական դիրքերում են ծանոթանում զինծառայողների խնդիրներին, պահանջներին: Գաղտնիք չէ, որ պայմանագրային զինծառայությունն ունի իր առանձնահատկությունը, ինչից ելնելով էլ պաշտպանության նախարարությունում ձեռնարկվում են համակարգված քայլեր զինծառայության պայմանների բարելավման, ինչպես նաև դրամական բավարարման մեծացման ուղղությամբ, ինչի մասին կվկայեն մասնավորապես մարտական դիրքերում կանգնած պայմանագրայինները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում