ԶԼՄ-ների մշտադիտարկում. «Հ2»-ը և Հանրային ռադիոն առավել հավասարակշիռ ուշադրություն են ցուցաբերել կուսակցություններին
Նմանատիպ
Սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
«Մշտադիտարկման այս փուլը սկիզբ է առել մարտի մեկից և ներառում է պաշտոնական նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածը»,- ասել է Բ.Նավասարդյանը:
Բանախոսի խոսքերով՝ մշտադիտարկումն արվում է վեց համազգային հեռուսատաալիքների միջոցով, իսկ հետազոտության առարկա են դարձել այն նյութերը, որոնք անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 13 քաղաքական կուսակցություններին և շարժումներին:
«Նշված ժամանակահատվածում ներքաղաքական կյանքին առավել հետաքրքրություն՝ ինչպես կուսակցությունների անդրադարձերի հաճախականություններին, այնպես էլ նրանց հատկացված եթերաժամանակի ծավալով իրեն դրսևորել է «Կենտրոն» հեռուստաալիքը, նրան հաջորդում են «Հ2»-ը և «Երկիր Մեդիա»-ն, ամենից քիչ ուշադրություն դարձրել է «Շանթ» հեռուստանընկերությունը»,- նշել է Բ.Նավասարդյանը:
Երևանի մամուլի ակումբի տնօրենը նկատել է, որ «Շանթ»-ը «Կենտրոն»-ից մոտ 15 անգամ քիչ ժամանակահատված է տրամադրվել նախընտրական գործընթացներին: Քաղաքական կուսակցությունների և շարժումների լուսաբանման գործընթացքում, ըստ նրա՝ պասիվ են եղել նաև «Արմնյուզ» և «Հ1» հեռուստաալիքները:
Բ. Նավասարդյանի խոսքերով՝ ընդհանուր առմամբ ամենաշատ ուշադրության են արժանացել հինգ խորհրդարանական կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» , ՕԵԿ և ՀԱԿ, որը թեև խորհրդարական կուսակցություն չէ, սակայն անդրադարձերի ծավալով առաջ է անցել ՕԵԿ-ից:
«ՀՀԿ-ն հատկացված ուշադրության առումով առաջատար է եղել Հ1-ում, «Արմնյուզում» և «Արմենիա» հեռուստաընկերությունների եթերներում»,- ասել է Բ. Նավասարդյանը՝ հավելելով, որ օրինակ ՀՅԴ-ն ամենից շատ լուսաբանվել է «Երկիր Մեդիա»-ով, իսկ ԲՀԿ-ն՝ «Կենտրոն»-ով:
Բ.Նավասարդյանի ներկայացրած տվյալները վերարում են հիմնականում մարտի առաջին տասնօրյակին: Նրա համոզմամբ՝ նշված ժամանակահատվածում համեմատաբար հավասարակշիռ ուշադրություն են ցուցաբերել կուսակցություններին «Հ2»-ը և Հանրային ռադիոն:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքական ուժերի անհավասարակշիռ լուսաբանումը, Բ. Նավասարդյանը նշել է, որ դա բացատրվում է հեռուստաալիքների սեփականատերերի փաստով: Նա նաև հույս է հայտնել, որ ապրիլի 4-ից, երբ սկսվի պաշտոնական նախընտրական քարոզարշավը, ընտրություններին մասնակից կուսակցությունների, քաղաքական գործիչների լուսաբանումն ավելի հավասարակշիռ կլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում