Մամուլն այսօր. Մաշտոցի պուրակի շուրջ օգտակար քննարկումների և նախընտրական վիճակահանությունների մասին

Ընտրություններ.

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն անդրադառնում է ԲՀԿ ցուցակին, որի առաջին 20 անունները հրապարակվեցին երեկ: «Ցուցակում բացակայում է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի անունը: Փոխարենը ցուցակում է հայտնվել մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, ինչպես նաև տարբեր կուսակցություններ փոխած երիտասարդներ` ոչ այնքան մաքուր քաղաքական անցյալով:

«ՉԻ» տեղեկություններով, երեկ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կուսակցությունում տեղի է ունեցել վիճակահանություն, և կուսակցականները ցուցակում են հայտնվել` իրենց հանած թվերի համապատասխանությամբ: Իհարկե, խոսքը աոաջին տասնյակի մասին չէ», – գրել է թերթը:

«Ժողովուրդ»-ը նույնպես մեկնաբանել է ԲՀԿ ցուցակը՝ գրելով. «ԲՀԿ-ն հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին 20 համարները զբաղեցրածների անունները: Իհարկե, այն տարբերվում է 2007-ին ներկայացված նրանց ցուցակից, որտեղ մտավորականների դեմքով քրեական տարրերը մտան խորհրդարան: Այս անգամ «բուտաֆորիայի» դերը կարծես թե կատարում են հայտնի ու անհայտ երիտկարիերիստները: Եվ ինչպես ՀՀԿ-ում, այստեղ էլ կան գործարարներ»:

«Երկիր» օրաթերթը գրում է, որ ՀՀԿ-ն հաշվառում է իրականացնում: Այդ մասին թերթին վստահեցրել է ՀՀԿ-ական երիտասարդ աղջիկը: «Նախ նա ներկայացել է, որ ՀՀԿ-ից է և հետաքրքրվել, թե արդյո՞ք ՀՀԿ-ի օգտին է քվեարկելու իր զրուցակիցը: Եթե այո, ապա պետք է ասի անձնագրի սերիան և հեռախոսահամարը:

«Վախենալու ոչ մի բան չկա, անձնագրի սերիան պետք է, որ հետո մեզ մոտ համեմատենք»,- հանգստացրել է ՀՀԿ-ականը:

Աժ ՀՀԿ խմբակցության ղեղավար Գալուստ Սահակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ կողմ են այն հաշվառմանը, երբ հայտնում ես` քվեարկելու ես կուսակցության օգտին, թե ոչ: «Մենք, ես ինքս էլ, պահանջում ենք այն մարդկանց անուն-ազգանունները, ովքեր քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին»,- նշել է նա: Սահակյանն անձնագրի սերիան պահանջելն անիմաստ բան է համարում. «Այդպես անում էին ՀՀՇ-ի ժամանակ, երբ ժողովուրդը սովոր չէր և մտածում էր, որ եթե անձնագրի սերիան գրել են, ապա քվեարկել չի կարող: Հիմա ժողովուրդն այնքան է քվեարկել, որ անձնագրի սերիան ուզելը ոչ միայն անիմաստ, այլև աննորմալ գործընթաց է»,- վստահեցրել է նա:

Օգտակար քննարկում Մաշտոցի պուրակի խնդրի շուրջ.

«Հայոց աշխարհ»-ը գրում է, որ օրերս ոստիկանության նախաձեռնած Կլոր սեղանը, որի թեմատիկ առանցքում Գլխավոր պողոտայում բնապահպանների շարունակվող բողոքի ակցիայի համապատկերում ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցն էր նաև: Ըստ թերթի` սա օգտակար քննարկում էր: 

«Նախ, ինքնին ողջունելի է քննարկման բուն նախաձեռնությունը, երբ հանրությանը կամ հանրության մի որոշակի խմբի, հատվածի հուզող հարցադրումները մանրամասն և համակողմանի արծարծվում են երկխոսության մթնոլորտում։ Այս քննարկումը հնարավորություն ընձեռեց կազմակերպել քաղաքակիրթ բանավեճ, որի ընթացքում շահագրգիռ կողմերը հայտնեցին դիրքորոշումներ և կարծիքներ, փոխանակեցին մտքեր, բարձրաձայնեցին երևույթի վերաբերյալ իրենց կողմ և դեմ փաստարկները, լսեցին անկախ փորձագետների տեսակետը, տեղեկացան միջազգային և արտերկրի փորձին»:

Ըստ թերթի` ուշագրավ է եղել ԵԱՀԿ հասարակական կարգի փորձագետ Դեյվիդ Այենսոնի այն դիտարկումը, որ եթե, օրինակ, Մեծ Բրիտանիայում ցուցարարները ներկեին ինչ-որ մեկին պատկանող խանութի կամ այլ սեփականության ցուցափեղկերն ու լուսամուտները, ապա ոստիկանությունը կարող էր և ձերբակալել «ներկարարներին»։

Զարմանազան.

«Հրապարակ»-ը գրում է, որ այս օրերին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հարցում է տեղադրվել հետևյալ բովանդակությամբ` «Կո՞ղմ եք արդյոք, որ Նարեկ Սարգսյանը պաշտոնավարի որպես Երևանի գլխավոր ճարտարապետ»: Հարցման համար առաջարկված 3 տարբերակներից առաջին տեղում է «ոչ» պատասխանը` 137 ձայն: Այնուհետև «քաղաքի այլանդակման տեսքի մեջ իր մեղքն ունի նաև Նարեկ Սարգսյանը» պատասխանը` 22 հոգի: Եվ միայն 5 հոգի է ցանկացել, որ քաղաքի գլխավոր ճարտարապետը շարունակի աշխատել:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Վերջին տարիներին Տավուշում ևս, ինչպես և Հայաստանի այլ մարզերում, նվազել է առաջին դասարան ընդունվածների թվաքանակը:… Դրա հիմնական պատճառներն են ծնելիության անկումը և բնակչության շարունակվող արտագաղթը»:

Սա մի հատված է «Տավուշի» մարզի 2012-2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր» անունը կրող փաստաթղթից, որը քննարկվելու է կառավարության առաջիկա նիստում: Ծրագրում նշված է, որ 2011-12 ուստարում 1-ին դասարանցիների թիվը մարզում կազմել է 1555 երեխա, և չգիտես ինչու` չի նշվում, որ 2010-2011 ուստարում 1-ին դասարանցիների թիվը եղել է 1615: Ուշագրավն այն է, որ 200 էջանոց այս փաստաթղթում վերը նշված հատվածը կարծես խորթ լինի: Այդ հաստափոր «ծրագիրը» գրված է, եթե երկու բառով ասենք, «մարզում ամեն ինչ կարգին է, վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները տվել են իրենց արդյունքները…» ոճով: Անհասկանալի է, թե այդ ինչ բարեփոխումների մասին է գրում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, եթե Տավուշում, նաև այլ մարզերում, բնակչության արտագաղթը շարունակվում է: Ի դեպ, նույն նախադասությունը` «Վերջին տարիներին Տավուշում ևս, ինչպես և ՀՀ այլ մարզերում, նվազել է առաջին դասարան ընդունվածների թիվը», առկա է նաև Տավուշի զարգացման 2008-2011թթ. Ծրագրում»:

«Առավոտ»-ը գրում է. «Վերջին շրջանում ավելացել է Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայությունից հեռացողների թիվը: Ոստիկանությունից դուրս եկողներն ավելի մեծ թիվ են կազմում Կենտրոնի պահակապարեկային բաժնում, քանի որ այստեղ աշխատանքի լարվածությունն ավելի մեծ է: Ոստիկանության համակարգը լքողների թվում ամենից շատ մարզերի բնակիչներն են, որոնք իրենց աշխատավարձից մայրաքաղաքում բնակարանային վարձ են մուծում: Համակարգից հեռանալու հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է: Գրեթե ռազմական ռեժիմով աշխատող, ամեն օր փողոցներում տարբեր փորձությունների դիմագրավող ոստիկանների աշխատավարձը, հավելավճարներով հանդերձ, շուրջ 130 հազար դրամ է, կրտսեր սպաների դեպքում` 140 հազար դրամ: Սոցիալապես ոչ բարվոէ վիճակում գտնվող ոստիկաններին «չի հրապուրում» նաև այն, որ մայիսի 6-ից հետո իրենց հրաման կարող է տրվել ցրել հետընտրական ցույցերի մասնակիցներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում