Մամուլն այսօր. Նախընտրական իրարանցումը շարունակվում է, իսկ մինչ այդ Քաշաթաղի շրջանում 4 նոր ընտանիք է հաստատվել
Նմանատիպ
Ընտրություններ.
«Հայացք»-ը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ինչպես երևում է, «շախի գցեց» իր կոալիցիոն գարծընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը, որ որոշեց իր ծնունդը մի քանի ամիս շուտ նշել և «լցնել» համալիրը: ՀՀ-ում գործող «Ֆրանսիական» համալսարանի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային» ակադեմիայի շենքերն այդ օրը անմարդաբնակ էին, դափ-դատարկ: Բոլորս` դեպի մարզահամերգային: 5000 ուսանող, դրան էլ գումարած նրանց ծանոթ-բարեկամները և համալիրի դահլիճն ի՞նչ է, որ ՕԵԿ-ը չլցնի»:
Թերթի հավաստի տեղեկություններով` մարտի 20-ին Մարզահամերգային համալիրում կազմակերպված կուսակցության ծննդյան տարեդարձին դահլիճը մի կերպ լեցուն տեսք է ստացել հենց վերոհիշյալ բուհերի ուսանողներին այստեղ քշելով:
Ըստ թերթին հասած տվյալների` նախօրոք որոշվել էր խորհրդանշական թվով` 15 հազար ՕԵԿ-ականներ հրավիրել միջոցառմանը: Արթուր Բաղդասարյանն էլ, երևի թե մոռացած լինելով 10 օր առաջ ՕԵԿ-ի համագումարում իր հայտարարությունը կուսակցությանն անդամագրված 150000-ի մասին, ձեռքի հետ մի 10 հազար էլ ավելացրեց: Դե 150 ասողը 160-նն ի՞նչ է, որ չասեր:
Ի դեպ, այս 160000 ՕԵԿ-ական բանակը նախորդ խորհրդարանական ընտրություններին «դաբրոյով» հավաքել էր 95 324 ձայն:
«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները երեկ խորհրդարանի միջանցքներում իրար պատմում էին, թե ինչպես է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրենց առաջարկել գրազ գալ, որ որևէ մեկը «իր դեմ» չի առաջադրվի Երևանի թիվ 7 ընտրատարածքում:
Լրագրողներից որևէ մեկը չի ընդունել Ալեքսանյանի գրազը` համարելով, որ տանուլ կտա: Ինքը` Ալեքսանյանն էլ առաջնորդվել է այդ կանխավարկածով, որովհետև երեկ նույն ընտրատարածքում «առաջադրվել է տվել» Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակից, անկուսակցական ոմն Վարդան Վարդանյանի: Թերթը հիշեցնում է, որ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունների կայացման համար անհրաժեշտ է, որ գրանցված թեկնածուների թիվը լինի առնվազն երկուսը: Այսօր առաջադրումների ժամկետները սպառվում են:
«Առավոտ»-ը գրում է, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է «Քվեն ուժ է» հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման իջևանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն էին, որոնք ասացին, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանամ են հասարակական շարժման ներկայացացիչներ: Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանանունները, վերջիններս ստորագրամ են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Հասարակական շարժման կարմիր վրանը Իջևանում տեղադրված է մարտի 16-ից. անցած 8 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջևանցի: Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն ասացին, որ շատերն են մոտենում և հայտարարում` ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվի, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի: Իջևանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ:
Հակադիր մոտեցումներ Ռ.Քոչարյանի շրջագայություններին.
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը շարունակում է հայրենի քաղաքական դաշտում լուրջ քննարկումների թեմա մնալ: «Ու դրանք առավել հետաքրքիր դարձան, երբ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չգաղտնազերծեց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի և Քոչարյանի «տետ-ա-տետ» զրույցի մանրամասները»,- շեշտում է թերթը:
«Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրների հաղորդմամբ՝ Քոչարյանը Պուտինի մոտ բավականին դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունից: Նա նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ներքաղաքական ակտիվություն դրսևորել, անգամ հանրահավաքներ անել, ինչը, սակայն, Վլադիմիր Պուտինի սրտով չի եղել: Վերջինս հորդորել է սպասել` նշելով որ Սերժ Սարգսյանն իրեն խոստումներ է տվել: Թերթը, պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, կրկին փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա, ինչպես միշտ, չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: «Հավանաբար կարձագանքի կայքերի միջոցով»,- եզրակացնում է թերթը:
Իսկ «Հրապարակ»-ը գրում է, որ մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ և նրա տեղաշարժերին աշխարհաքադաքական բացատրություններ տալիս, իրենց հաջողվել է պարզել, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են: «Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով և ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ: Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձություններին և նորույթներին: Երբ իրեն առավել հետաքրքրող բան է գտնում` տեսարժան վայր, նորույթ, իր, որը կարելի է դիտել կամ ձեռք բերել, անմիջապես ուղևորվում է աշխարհի այդ կետը: Մեր մեծահարուստ տուրիստը, ասում են, հենց ինքն է ապահովում իր տեղաշարժը` տոմսեր պատվիրում, հյուրանոց բրոնյա անում և այլն: Քանի որ փողի խնդիր չկա, ամեն ինչ լուծելի է ու հասանելի»,- գրում է թերթը:
Զարմանազան.
«Երկիր» օրաթերթը գրում է, որ Արցախի Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվության համաձայն` փետրվարին շրջանում բնակություն է հաստատել 4 նոր ընտանիք` 11 անդամով. 1-ական ընտանիք վերաբնակվել է Սամարք, Դիցմայրի, 2 ընտանիք` Եզնագոմեր գյուղերում: ԼՂՀ սոցապահովության նախարարություն են ուղարկվել 5 վերաբնակվող ընտանիքների գործեր, վերաբնակչի կարգավիճակ է ստացել 26 ընտանիք: Կազմակերպվել է նաև 1 ընտանիքի գույքի տեղափոխումը «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախարարություն են ուղարկվել նաև երեք և ավելի երեխա ունեցող 14 ընտանիքների գործերը, որպեսզի «Արցախֆոնդ»-ը տնտեսության զարգացման նպատակով կթու կով հատկացնի: Իսկ Շահումյանի շրջվարչակազմում «Երկիր»-ին տեղեկացրել են, որ փետրվարին շրջանում նոր ընտանիք չի վերաբնակեցվել: Ի դեպ, անցած տարի Շահումյանի շրջանում վերաբնակեցվել է 27, իսկ Քաշաթաղի շրջանում 219 ընտանիք:
«Հայացք»-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում մի քիչ խառնվել են ՕԵԿ-ի 15-ամյակին ՀՀ նախագահի կողմից կուսակցությանն ու Արթուր Բաղդասարյանին «բարոյական» որակելուց հետո: Ու քանի որ ՀԱԿ-ում գիտեին, թե Արթուր Բաղդասարյանը «դավաճանի» պիտակ ունի միայն (հիշեք Ռ. Քոչարյանի խոսքը), ապա որոշել են ՕԵԿ առաջնորդին միտինգում հիշատակելիս անվանել «ամենաբարոյական դավաճան ԱԽՔ» (վերջին որակումը ՀՀ առաջին նախագահինն է): Իսկ ինչո՞ւ են երեք բառով որակում մարդուն: Մամլո ծառայությունից հայտնեցին` բոլոր երեք նախագահների գնահատականն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում