Անկախ հարցում ՀԵԲ-ի կողմից. ՀՀԿ-ի ընտրողները հավատարիմ են

«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Հարցում. Նախընտրական պատկերը Հայաստանում» հետազոտության արդյունքները:

Մինչ հարցումը ներկայացնելը՝ ՀԵԲ գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը նշել է, որ հետազոտությունն անցկացվել է անկախ և միջազգային չափորոշիչներին համապատասխան սկզբունքներով. «Մենք սովորել ենք այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում` յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ անցկացվում են տարատեսակ հարցումներ, բայց մեզ համար շատ կարևոր էր չեզոք հարցում անցկացնել: Թեև մենք 100 տոկոս վստահությամբ չենք կարող ասել, բայց մի բան անկասկած է` տվյալները չեզոք են»,- շեշտել է նա:

Համաձայն հարցման արդյունքների՝ բոլոր նշանակալից կուսակցությունների մասին տեղեկացվածության կտրուկ աճ է գրանցվել ընտրությունների նախաշեմին. առաջին տեղում է ԲՀԿ-ն, երկրորդում ՀՀԿ-ն և այլն: Զգալիորեն մեծացել է մարդկանց տեղեկացվածությունը նաև կոնկրետ քաղաքական գործիչների մասին: «Եթե երկու տարի առաջ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի անունը առաջատարն էր, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ գիտեին նրա մասին, ապա այս հարցման ընթացքում առաջատար է դարձել Գագիկ Ծառուկյանը: Գ. Ծառուկյանը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարը, երբ հերթը հասնում է նախագահական նախապատվություններին»,- նկատել է Մ.Քամբեքը: 

Հետազոտող խումբը հարցումների արդյունքում այն տեսակետն է կազմել, որ եթե ընտրությունները լինեին հենց այս կիրակի, ապա կունենայինք ձայների հարաբերկացության  հետևյալ պատկերը՝ ԲՀԿ-ն կստանար 41 տոկոս, ՀՀԿ-ն` 37.

«ԲՀԿ-ն այս պարագայում մի փոքր առաջ է, բայց նշանակալի առումով տարբերություն նրա ու ՀՀԿ-ի միջև չկա, քանի որ մենք չենք կարող բացարձակ վստահորեն ասել, թե այս կուսակցությունն առաջինն է: Բայց մենք վստահ կարող ենք ասել, որ այս երկու կուսակցությունները առաջնորդներ են»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ հարցվածների 64 տոկոսը նշել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին:

Ըստ Մ.Քամբեքի` անորոշության տոկոսը բավականին մեծ է, և բարդ է ասել, թե բացի առաջատար երկու կուսակցություններից էլ ի՞նչ կուսակցություններ կարող են անցնել Ազգային Ժողով: Իրենց տվյալների համաձայն՝ ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը կարող են վաստակել յուրաքանչյուրը 5%, իսկ «Ժառանգություն»-ը՝ 4%:

«ՀՀԿ ընտրազանգվածի 2/3-ը նրանք են, ովքեր 2007թ-ին քվեարկել են ՀՀԿ օգտին, իսկ ԲՀԿ ընտրազանգվածի մեծամասնությունը հավաքագրվել է 2007-12թթ. ընթացքում: Նրանք, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ին, այս անգամ էլ պատրաստվում են քվեարկել այդ ուժի օգտին»,- նշել է Մ.Քամբեքը:

Նրա խոսքերով՝ հարցվածները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես օրինակ՝ Արցախյան հակամարտությունը, գործազրկությունը, աղքատությունը, կրթական ու առողջապահական համակարգերի խնդիրները և այլն, լավագույնս կարող են լուծել ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ արդյունքներ կունենային նախագահական ընտրությունները, եթե դրանք անցկացվեին հաջորդ կիրակի, Մ.Քամբեքը նկատել է, որ այստեղ միանձնյա առաջատարը նախագահ Սերժ Սարգսյանն է, և 2010թ-ին կատարված հարցման հետ համեմատած՝ նախագահի վարկանիշը 27 տոկոսից բարձրացել է 33-ի:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվողների 100 տոկոսը Սերժ Սարգսյանին ընկալում է որպես փորձառու քաղաքական գործիչ, իսկ Գագիկ Ծառուկյանին 77 տոկոսն է այդպիսին համարում: Նախագահ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը: 

Նշենք, որ հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը. դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ-ի փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում:

ՀԵԲ-ը հիշյալ հարցումն իրականացրել է ոչ որպես տեղական և ոչ կուսակցական հասարակական կազմակերպություն և հենց անաչառության ու որակի հնարավոր ամենաբարձր չափանիշներն ապահովելու համար հարցման ողջ ընթացքը վերահսկվել է հարցումներ իրականացնող հայտնի TNS opinion միջազգային կազմակերպության կողմից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում