Թերթերն այսօր. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ցանկանում է նոր խորհրդարանում ընդդիմադիրների մասնակցությամբ կոալիցիա՞ ձևավորել

Ընտրություններ.

«Իրավունք» թերթը, հղում է անում իր անունը հրապարակել չցանկացող քաջատեղյակ աղբյուրին` գրելով, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ակտիվ խորհրդակցությունների մեջ է ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձգտում է բոլորին մեկտեղել կլոր սեղանի շուրջ: Նպատակը` ընտրություններից հետո բոլոր ընդդիմադիրների մասնակցությամբ արդեն խորհրդարանում ձևավորել միասնական կոալիցիա: Նույն աղբյուրի համաձայն` այդ ուղղությամբ շփումներ կան նաև իշխանական ճամբարի որոշ ներկայացուցիչների հետ:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այս ընտրություններում քաղաքական ուժերի ղեկավարների կողմից եղան բազմաթիվ, այսպես ասած, «քցվածներ», որոնցից մեկը` «Կենտրոն» հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանը, երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «քցվածների ցուցակ» էր կազմել: Ցուցակն, ըստ լրագրողի, հետևյալն է`

1. Պետրոս Ղազարյան,

2. Անդրանիկ Թևանյան,

3. Մենուա Հարությունյան,

4. Արմեն Մարտիրոսյան,

5. Լիլիթ Գալստյան,

6. Երվանդ Բոզոյան,

7. Արարատ Զուրաբյան,

8. Լարիսա Ալավերդյան,

9. հայ ժողովուրդ:

«Հումորից զուրկ մարդկանց և չափազանց խորը վերլուծաբաններին արգելվում է կարդալ» ցուցակի վերջում հումորով ավելացրել էր Պետրոս Ղազարյանը: Վերջինիս ցուցակը կարելի է համալրել` Հովհաննես Սահակյան, Արայիկ Հովհաննիսյան, Արտակ Դավթյան և այլն: Ի դեպ, ԲՀԿ ցուցակից բացակայում է ոչ միայն Վարդան Բոստանջյանը, այլև Գոհարիկ Ենոքյանը»:

«Հիմա կգնանք իմ սենյակ, սուրճ կխմենք, և ես բաժակ կնայեմ»,- այսպես է արձագանքել Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, երբ «Երկիր»-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նրա կարծիքով ո՞ր ուժերը կանցնեն Աժ:

Աժ նախագահը ճիշտ չի համարում, երբ ընտրողի փոխարեն որևէ մեկն է պատասխանում այդ հարցին:

«Այդ հարցին պատասխանել կարող է միայն ընտրողը»,-վստահեցրել է Նիկոյանը և նշել, որ եթե հիմա անուններ թվի, դա նաև գովազդ կլինի:

Աժ ՀՀԿ-ական նախագահը չի ցանկացել նաև ասել, թե որքան ձայներ կհավաքի ՀՀԿ-ն և արդյո՞ք կդառնա ֆավորիտ:

Հրաժարվում և հեռանում են.

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը հրաժարվել է խմբագրի պարտականություններից` ՀՅԴ համամասնական ընտրացուցակում չընդգրկվելու պատճառով: Այժմ ՀՅԴ-ի «Երկիր» օրաթերթը խմբագրում է Սևակ Հակոբյանը: Բագրատ Եսայանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը: Նա ասել է, որ 1 տարի 2 ամիս առաջ իրեն առաջարկել են խմբագրել օրաթերթը, և այս ընթացքում ինքը կարողացել է թերթը կայացնել, ինչից հետո հեռացել է: Նա հիշեցրել է, որ մասնագիտությամբ ոչ թե լրագրող է, այլ պատմաբան: Ուստի հիմա իր մասնագիտական գործերով է զբաղված: ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը ևս նշել է, որ կատարվածը որևէ կապ չունի ՀՅԴ համամասնական ցուցակի հետ: Թեև նշվում է, որ Սեյրանյանը նույնպես նեղացած է կուսակցությունից:

«Հայացք» թերթի ունեցած հավաստի տվյալներով` «Գրանդ տոբակոյի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն առաջիկայում ընտանիքով, թե գերդաստանով կհեռանա Հայաստանից: Ինչպես գիտենք, այս Աժ-ում նրա Կարեն և Միքայել որդիները պատգամավորներ էին (առաջինը` ՀՅԴ-ից, երկրորդը` ՀՀԿ-ից’ մեծամասնականով): Կարենը հրաժարվել է պատգամավոր դառնալուց: Երեկ վերջին պահին պարզ դարձավ, որ Վարդանյանի ավագ որդին նույնպես մտադիր չէ իր թեկնածությունը կրկին դնելու թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյան, Իջևան): Նրա փոխարեն «Գրանդ տոբակոն» թեկնածու է առաջադրել երկու հոգու` ծխախոտագործուհի ոմն Սուսաննա Աբրահամյանի և Մարինա Մարաբյանին, որոնց տարածքում ոչ ոք չի ճանաչում: Այս քայլը շոկի մեջ է գցել թե՛ տեղացիներին, թե’ ՀՀԿ-ին: Գրանցվել են նաև Նոյեմբերյանի նախկին ոստիկանապետ Երվանդ Չիլինգարյանը և տեղացի Վարուժան Բաբաջանյանը:

Զարմանազան.

«Ժողովուրդը» գրում է, որ կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները մոտեցել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին` հարց տալու, իսկ վերջինս այնքան է խառնվել իրար, որ մուտքի մոտ կապված շղթայի վրայով ուղղակի թռել է, միայն թե լրագրողների հարցերին չպատասխանի:

«Առավոտ»-ը գրում է. «Երեկ կեսօրին ականատես եղանք, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարեց ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար: ճանապարհային երթևեկության նման խախտման համար օրինախախտ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Նշված ավտոմեքենան սպասարկում է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում