Տպագիր մամուլի մոնիտորինգի միջոցով կհետևեն ընտրությունների լուսաբանման որակին
Նմանատիպ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվում և Եվրամիության կողմից ֆինանսավորվում է «Աջակցություն Հայաստանում 2 ընտրական գործընթացներին» ծրագիրը, որի շրջանակներում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան մարտի 12-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է «Տպագիր մամուլի մոնիտորինգ խորհրդարանական ընտրությունների շրջանում» ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանը:
Բանախոսի խոսքերով՝ 2,5 ամիս դիտարկվելու է հայաստանյան 16 թերթերի այն հրապարակումները, որոնք վերաբերում են ընտրական գործընթացներին: Դիտարկվում են այն թերթերը, որոնք ունեն 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառում («Իրատես դե ֆակտո», «Ազգ», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Ժամանակ»,«Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հրապարակ», «168 ժամ», «Առավոտ», «Հայացք», «Օրակարգ», «Голос Армении», «Новое Время»):
«Մոնիտորինգն իրականացվելու է փորձառու սոցիոլոգների կողմից: Մենք չունենք պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ, մեր մոնիտորիգի արդյունքները լինելու են բաց և հասանելի բոլորի համար»,- նշելէ Տ.Փիրումյանը:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրենը նաև հայտնել է, որ իրենց նպատակն է ներկայացնել, թե որ լրատվամիջոցը ինչպես է ներկայացնում տեղեկատվությունը հասարակությանը. «Մենք ցանկանում ենք պարզել, թե հանրությանը որքան հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրվում ընտրական գործընթացների մասին, որքանով է մամուլը կատարում իր հիմնական, հանրությանը տեղեկացնելու ու կողմնորոշելու գործառույթը»:
Նա նաև տեղեկացրել է, որ մոնիթորինգի համար տրամադրված է 9900 եվրո:
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի վարչության անդամ Մովսես Դեմիրճյանն իր հերթին ներկայացրել է մոնիթորինգի մեթոդաբանությունը:
Նրա խոսքերով՝ ընտրական գործընթացներին վերաբերող թեման ենթարկվելու է քանակական ու որակական վերլուծության: Քանակական վերլուծության միջոցով պարզելու են, թե հոդվածը թերթի որ էջում է, որ մասում, ինչ ծավալ ունի, իսկ որակականի` թե արդյոք տեղեկատվությունը ներկայացված է հավասարակշիռ կերպով, և եթե ոչ, ապա քաղաքական որ ուժին է նախապատվությունը տրվել, տեղեկատվության աղբյուրը պաշտոնական է, թե ոչ, ինչպես է մեկնաբանվել լուրը, արդյոք օգտագործվել են մանիպուլիացիոն հնարքներ, թե ոչ, նաև` ինչ անդրադարձ է տրվում ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններին ու դաշինքներին:
«Իրականում Հայաստանում թերթ կարդացողները բավականին շատ են, և այստեղ խնդիր կա հասկանալու, թե այդ մեծ ընտրազանգվածին ընտրական գործընթացների վերաբերյալ ինչ ինֆորմացիա է հասնում տպագիր լրատվամիջոցների միջոցով: Կուսումնասիրվի ամեն ինչ, սկսած նյութի տպագրման տեղից, ծավալից, մինչև հոդվածի գույները և տառատեսակը»,-նշել է Մ.Դեմիրճյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում