ԼՂՀ ԱԳՆ խորհրդական. «Բաքվի վարչախումբը ցուցադրաբար անտեսում է միջազգային իրավունքը»
Նմանատիպ
Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական «կլոր սեղան»` «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում»: Միջոցառման նպատակն էր` ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ տարածքում, հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԳՆ մամլո ծառայությունից:
Միջոցառմանը քննարկվել են հետևյալ թեմաները. միջազգային անվտանգության հիմնախնդիրները Թուրքիա և Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանային համատեքստում, թուրքական պետության անկայունության ներքին գործոնները, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, Թուրքիայի դիրքորոշումը, Կովկասում ՌԴ, Թուրքիայի և տարածաշրջանի մյուս պետություների մասնակցությամբ ինտեգրման նախագծերի հեռանկարները, Թուրքիայի կրոնական և հասարակական-քաղաքական ազդեցությունը հետխորհրդային տարածքում և Ռուսաստանի թուրքաբնակ տարածաշրջաններում:
«Կլոր սեղանի» աշխատանքին մասնակցել են 60-ից ավելի փորձագետներ և լրագրողներ, ընթերցվել է 13 զեկուցում, մասնակիցներից շատերը ելույթներով հանդես են եկել բանավեճերի ժամանակ:
Համաժողովում ներկայացվել են ռուսաստանյան առաջատար գիտական ինստիտուտներ և վերլուծական կենտրոններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հանդես է եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, պատմագիտության թեկնածու Ռուբեն Զարգարյանը` «Լեռնային Ղարաբաղն ու Ռուսաստանը ինտեգրման նախագծերում և Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մեջ» զեկուցմամբ, որն ակտիվորեն պաշտպանել են «կլոր սեղանի» մասնակիցներն ու վարողները: Իր ելույթում Ռ. Զարգարյանը վերլուծության է ենթարկել Արևելամիջերկրածովյան շրջանակներում ինտեգրման նախագծերին ԼՂՀ և Ռուսաստանի մասնակցության հեռանկարները: Ընդգծվել է, որ ղարաբաղյան պետության բարեհաջող կազմավորումը մեկն է այն գործոններից, որոնք ձևավորում են տարածաշրջանի կայունության և զարգացման համակարգը:
Ռ.Զարգարյանի զեկուցման մյուս թեման նվիրված էր ԼՂՀ և Հայաստանի նկատմամբ պաշտոնական Թուրքիայի վարած առճակատման քաղաքականությանը: Ընդսմին, զեկուցողը նշել է, որ Թուրքիայի համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե նա իր հակահայկական դիրքորոշումը փոխարիներ ԼՂՀ և ՀՀ հետ համագրրծակցելու քաղաքականությամբ: Նկատելով, որ մի շարք թուրք քաղաքագետներ հայտարարում են, թե Թուրքիան ըմբռնում է ԼՂՀ անկախության անշրջելիությունը, Զարգարյանն ընդգծել է` Թուրքիան, իբրև վստահության միջոց և բարի կամքի դրսևորում, լիովին կարող էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչը կնպաստեր հակամարտության կարգավորման առաջընթացին:
Ռ. Զարգարյանի ելույթի երրորդ թեման վերաբերում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական հարցերին, Ադրբեջանի ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությանը, ԼՂՀ միջազգային-իրավական դիրքորոշմանը: Զեկուցողը նշել է, որ ԼՂՀ յոթ վերաինտեգրված շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է դիտարկել իբրև անընդունելի և ոչ տեղին, որոնք խոչընդոտում են ԼՂՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նրա խոսքերով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը, ագրեսիան վերսկսելու` Բաքվի վարչախմբի հարաճուն սպասռնալիքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի սահմանային ռազմական սադրանքների աճը կարող են իբրև դաս ծառայել այն իմաստով, որ միայն ու միայն բանակցությունները բավարար չեն խաղաղության ապահովման և կարգավորման համար և անհրաժեշտ է պատասխանատվությամբ վերաբերվել միջազգային իրավունքին:
«Բաքվի վարչախումբը ցուցադրաբար անտեսում է միջազգային իրավունքը, ձեռնարկում հակաիրավական քայլեր, որպեսզի կասկածի տակ դրվեն ԼՂՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը, նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքակիրթ և հաստատուն կարգավորումը պետք է հիմնվի հետևյալ 5 սկզբունքների վրա. ԼՂՀ կարգավիճակի որոշում` որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունք, միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության լիակատար ճանաչում, ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետության անկախության փոխադարձ ճանաչում, Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերականգնում, վեճերի խաղաղ լուծում և ուժ կամ ուժի սպառնալիքի չգործադրում:
Զեկուցման մեջ ընդգծվել է` անհրաժեշտ է ի վերջո ԼՂՀ անկախությունը ճանաչել որպես մի գործոն, որով պայմանավորված են ոչ միայն Կովկասյան տարածաշրջանի, այլև Արևելամիջերկրածովյան Նեոբյուզանդական քաղաքակրթության տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում