Արաբագետ. «Սիրիահայ համայնքը հնարավոր է որոշակի առումով իր դիրքերը զիջի, բայց չի վերանա»

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Արմեն Պետրոսյանն ու Քաղաքագիտության թեկնածու Նարեկ Գալստյանն անդրադարձել են Սիրիայում տիրող իրավիճակին, ներքին ռազմական բախումների ազդեցությունը Սիրիահայ համայնքի վրա, ինչպես նաեւ Սիրիահայերի անվտանգությունն ապահովելու հետ կապված խնդիրներին:

«Մոտ օրերս լրացավ Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի մեկ տարին: Եթե սկզբում այն դիտարկվում էր արաբական գարնան շրջանակներում, սակայն այժն, ինչպես վկայում են շատ մասնագետներ, աստիճանաբար վերածվեց քաղաքացիական պատերազմի, որն իր բացասական անդրադարձն է ունենում սիրիահայ համայնքի վրա»,- ասել է արաբագետ Ա.Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ Սիրիայում կան 70-80 հազար հայերը, նրանցից երկուսն արդեն զոհվել ե սիրիական ճգնաժամի արդյունքում, ինչպես նաև լուրջ տնտեսական վնասներ են գրանցվել: Անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական ճգնաժամին՝ Ա.Պետրոսյանը նշել է. «Պայթյունների շարանը հիմնականում ուղղված են անվտանգության և ռազմական ստորաբաժանումների դեմ: Չնայած խոսվում է նաև այն մասին, որ դրանք միտվածություն ունեն ազգամիջյան խտրկանության դրսևորմանը: Այո՛, հայ համայնքը կարող է զիջել իր դիրքերը, բայց խոսել հայկական համայնքի վերացման մասին՝ ժամանակավրեպ է»:

Արաբագետը համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ զիծառայողներ և ահաբեկիչներ անգիտակցաբար են մասնակցում պատերազմին՝ անտեսելով դրա պատճառները և նպատակները. «Որևէ նման շարժում ժողովրդավարական չէ, և այն հայտարարությունը, որ սրանք ժողովրդարական նպատակներ են հետապնդում, ճիշտ չեն: Ասադի ռեժիմը կոշտ է եղել հարևան երկրների համար, այն բավական ինքնուրույն է, և բնական է, որ որոշ ուժեր պետք է հարմար առիթից օգտվեին ապստամբելու համար:

Քաղաքագետ Ն.Գալստյանն իր հերթին շեշտել է, որ Սիրիայում ճգնաժամային իրավիճակի փոփոխությունը մեծապես կախված է արտաքին աշխարհի միջամտությունից:

«Ասադի ռեժիմի պահպանումը կախված է արտաքին միջամտությունից, եթե ՌԴ նույնիսկ սիմվոլիկ աջակցությունը չլիներ, իրավիճակը շատ ավելի բարդ կլիներ: Արտաքին իրավիճակից է կախված նաև Ասադի՝ իր պաշտոնում մնալու հարցը»,- կարծում է քաղաքագետը:

Ն.Գալստյանը նաև նշել է, որ Ասադի իշխանության և ընդդիմության միջև արդեն մի քանի անգամ խաղաղության առաջարկներ արվել են, սակայն դեռևս պարզ չէ, թե դա որքանով կհաջողվի իրականացնել:

Ըստ քաղաքագետի՝ Ասադի ռեժիմը մեզ համար առավել ձեռնտու է, քան այն մահմեդական եղբայրության անորոշ ռեժիմը, որը կարող է գալ նրա փոխարեն:

«Հայ համայնքի գաղթելու ամենահավանական և ամենամոտ տարածքը Լիբանանն է, ապա Իրանն է, Հայաստանը, նաև Եվրոպան: Հայերի գաղթել-չգաղթելը կախված կլինի նրանից, թե որքանով Ասադի ռեժիմը կկարողանա վերահսկել իրավիճակը, բայց չեմ կարծում, որ ՀՀ-ն պետք է միջամտի այս իրավիճակին»,-ընդգծել է Ն.Գալստյանը:

Ա. Պետրոսյանը չի համաձայնվել այն տեսակետների հետ, որ հայկական համայնքը հնարավոր է վերանա Սիրիայից: Նրա համոզմամբ՝ հնարավոր է որոշակի առումով իր դիրքերը զիջի, բայց չի վերանա. «Ակնհայտ է, որ սիրիահայ համայնքն այնպես չի լինի, ինչպիսին եղել է, բայց կոնկրետ ոչնչացման մասին չենք կարող խոսել, քանի որ չգիտենք, թե ինչ է սպասվում այդ պետությանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում