Հայ գրքին և գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում
Նմանատիպ
Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների համատեքստում 2012 թ. ապրիլ ամսին Գերմանիայի Դաշնությունում, Դանիայում և ԱՄՆ-ում կայանալու են հայ գրքին և գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ: Այդ մասին հայտնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում կբացվի «Տառարվեստ և պատկերի հրաշքը. Հայ գրատպության 500-ամյակ»խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Գերմանիայի տարբեր մշակութային ու գիտական հաստատություններում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից, Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:
Ապրիլի 17-ին Կոպենհագենի «Black Diamond» թագավորական գրադարանում կբացվի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Դանիայում ՀՀ դեսպանությունը և Կոպենհագենի թագավորական գրադարանը: Ցուցահանդեսին կներկայացվեն Կոպենհագենի թագավորական գրադարանում պահվող հայատառ և Հայաստանի մասին պատմող հնատիպ գրքերը: Ցուցադրությունը կհարստացվի Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուից ևս: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի համերգային ծրագիր:
Իսկ ապրիլի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ` կբացվի «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում