Ր.Հովհաննիսյան. «Մեր իսկ ազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ պետք է անցկացնենք»
Նմանատիպ
«Մենք հասարակությանը ներկայանալու ենք որպես միասնական թիմ, հավաքական, որն անցկացնելու է իր քարոզարշավը երեք ուղենիշներին համապատասախան` ազգային շահ, պետության ինքնիշխանություն, Հայաստանի քաղաքացու իրավունքի ու ազատության գերակայանություն»,- «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակն արտահայտում է հայ հասարակության արտացոլանքը, քանի որ այն իր մեջ ներառում է երկու կուսակցությունների ներկայացուցիչների՝ տարիքային տարբեր սերունդներից: «Ժառանգության» առաջնորդը նաև նշել է, որ իրենց ցուցակը պետք է ունենար հասարակության էլ ավելի մեծ ներկայացվածություն, ինքը պետք է լիներ քսաներորդ տեղում, սակայն այնուհետև մտել են «շատ գործնական և քաղաքական հաշվարկների դաշտ»:
Ր. Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ ազատ ու արդար ընտրությունների դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը կլինի առաջին եռյակում: Նա նաև շեշտել է, որ ակնկալում է հենց այդպիսի ընտրություններ, ինչպես նաև հայ ժողովրդին մաղթում է ոչ միայն միջազգային, այլ իրապես հայկական չափանիշներին համապատասխան ընտրություններ.
«Հայաստանյան բազմադարյան տենչանքներ ապահովող արժեքներ են ազատությունը, արդարությունը: Մեր իսկ ազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ պետք է անցկացնենք: Եկե՛ք գոնե մի անգամ ընտրություններից հետո իրար ճակատի նայենք և ասենք, որ մենք ճանաչում ենք այս ընտրությունները։ Միմյանց ասենք, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ դե յուրե ունենք ընտրված իշխանություն»,- ընդգծել է Ր.Հովհաննիսյանը:
«Ժառանգության» ղեկավարը նաև տեղեկացրել է, որ վաղն իրենց կուսակցությունը կհրապարակի իր ուղենշային փաստաթուղթը` «Ուխտ նոր Հայաստանի», որտեղ կներկայացնեն այն արժեքների համալիրը, որն ընդունել ու ստորագրել են համամասնական ցուցակի բոլոր անդամները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում