Մշակվել է Տաթևի զարգացման քառամյա ծրագիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն (ՀԱՄՀ) իրենց մանդատի ու առաքելությունների շրջանակներում մեծապես նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանն ու ազգային մրցունակության ընդլայնմանը: Երկու կազմակերպությունները կարևորում են հանրային​​մասնավոր հատվածների համագործակցության զարգացումը և իրենց գործունեությունը կառուցում են հիմնականում հանրայինմասնավոր գործընկերության մոդելի հիման վրա:

Ինչպես հաղորդում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունից, 2012 թ. հունվարին ՄԱԶԾն և ՀԱՄՀը համատեղ մշակել են Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի զարգացման քառամյա ծրագիր, որը ներառում  է տասներեք ենթածրագրեր՝ կենտրոնանալով համայնքային ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և եկամուտների ստեղծման վրա:

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող, ՄԱԶԾ մշտական ​​ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը ստորագրեցին համաձայնության հուշագիր` Տաթևում եւ հարակից գյուղական համայնքներում համայնքային զարգացման և ծրագրերի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակին ուղղված երկուստեք ջանքերը միավորելու մասին:

«Հուսով ենք, որ սա կլինի ևս մեկ հաջողված նախաձեռնություն, որը կարող է հետագայում ընդլայնվել՝ ընդգրկելով Տաթևի բոլոր համայնքները և կարող է նվազեցնել տարածքային  զարգացման անհամաչափությունները և նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում» – ասաց Դաֆինա Գեռչևան:

Իր հերթին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ընդգծեց համաձայնագրի կարևորությունը հանրային-մասնավոր գործընկերության համատեքստում: «Այս միջոցառումը հանդիսանում է նախաքայլը առավել կարևոր մի երևույթի. մենք հավատարիմ ենք ապագայի մեր առաքելությանը. ուղղել մեր ջանքերը ազգային ժառանգության և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար` կիրառելով հանրային և մասնավոր մասնակցության գործիքակազմը»:



ՄԱԶԾն եւ ՀԱՄՀ-ը նախատեսում են կազմակերպել միջոցառում նվիրված ֆինանսական միջոցների հավաքագրմանը, որը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել միջազգային կազմակերպություններից, մասնավոր և հանրային հատվածների ներկայացուցիչներից, և այլ շահագրգիռ կողմերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում