Սեուլում կայացել է Միջուկային անվտանգության գագաթաժողովը. Բ.Օբաման կոչ է արել ճնշում գործադրել Իրանի և Հս.Կորեայի վրա

Մարտի 27-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացել է Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հարավային Կորեա են ժամանել ավելի քան վեց տասնյակ երկրների առաջնորդներ ու միջազգային կառույցների ղեկավարներ: Նրանց թվում են այսպես կոչված՝ «միջուկային ակումբի» բոլոր անդամները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, ինչպես նաև Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրաելը: Այստեղ են նաև այն երկրների ղեկավարները, որոնց տարածքում գործում են միջուկային օբյեկտներ կամ որոնք առնչություն ունեն միջուկային էներգետիկայի, նյութերի ու տեխնոլոգիաների հետ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում ասել է, որ միջուկային անվտանգությունը ժամանակակից աշխարհում լուրջ մարտահրավեր է, հատկապես՝ միջազգային ահաբեկչության ակտիվ գործունեության պայմաններում: «Միջուկային ահաբեկչությունը գլոբալ անվտանգության լրջագույն սպառնալիքներից մեկն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ որևէ երկիր այն միայնակ հաղթահարել չի կարող:

Բարաք Օբաման միջուկային անվտանգության գագաթաժողովի նախաձեռնողն է ու պատահական չէ, որ Սեուլում նրա հնչեցրած ելույթում անդրադարձ կար ոլորտին առնչվող հիմնական խնդիրներին. միջուկային զենքի չտարածում և կրճատում, ռադիոկատիվ նյութերի ապօրինի շրջանառման կանխում, հսկողություն միջուկային զինանոցի և մյուս օբյեկտների նկատմամբ: Այս խնդիրները նախագահ Օբաման շոշափել է և պատրաստակամություն է հայտնել ոչ միայն կրճատել ԱՄՆ միջուկային զինանոցը, այլև՝ Ռուսաստանին համոզել՝ վարվել նույն կերպ, իսկ Իրանին ու Հյուսիսային Կորեային՝ դիվանագիտական ճնշումների միջոցով համոզել, որ ձեռնպահ մնան միջուկային զենք ստեղծելու ծրագրերից:

Նշենք, որ թեև գագաթաժողովը պաշտոնապես կայացել է այսօր, սակայն երկրների ղեկավարները քննարկումները սկսել են դեռևս մարտի 26-ին՝ Սեուլում մատուցված աշխատանքային ճաշի ընթացքում: Ըստ տեղական մամուլի, այդ քննարկումների ժամանակ Բարաք Օբաման Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին հորդորել է ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում