Մամուլն այսօր. Ոստիկանությունն այսօր պետք է հրապարակի ՀՀ ընտրողների ամբողջական ցանկը, իսկ ԱԳՆ-ի շենքը վաճառել են հյուրանոցային բիզնեսով զբաղվող ընկերության

Ընտրություններ.

«Ժողովուրդն» անդրադարձել է «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամ Արմեն Առաքելյանի գնահատականին, ըստ որի՝ ԲՀԿ-ն խաբում է ժողովրդին. «Բարգավաճականնները, հինգ տարի լինելով իշխանություն և օգտվելով իշխանության բարիքներից, չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել ու ամբողջ պատասխանատվությունը ուզում են գցել ՀՀԿ-ի վրա: Ընդունել են կեցվածք, ասես, ընդդիմադիրներ են: Այս պահին ՀՀԿ-ն ավելի բարոյական տեսանկյունից է հանդես գալիս, քանի որ չի փորձում խուսափել պատասխանատվությունից»: Իսկ ՕԵԿ-ի մասին Առաքելյանն ունի հետևյալ կարծիքը. «ՕԵԿ-ը դուստր ձեռնարկություն է՝ ակումբային մակարդակով Հանրապետականի կցորդ, բնական է` ՀՀԿ-ն պիտի գովի նրանց»:

«Հայկական ժամանակ»-ը հաղորդում է, որ Դաշնակցությունը պատրաստվում է ապրիլի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անել: Այս մասին երեկ թերթին հայտնել են ՀՅԴ գրասենյակից: Դա կլինի կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքը: Թերթը հիշեցնում է, ՀՅԴ-ն պատրաստվում է մարզերում ևս հանրահավաքներ անել և արդեն գրաֆիկ է կազմել դրա համար: Երևանի քաղաքապետարանը երեկ ի գիտություն է ընդունել ՀՅԴ ԳԱ անդամ Արմեն Ռուստամյանի իրազեկումը` ապրիլի 10-ին հանրահավաք և երթ անելու վերաբերյալ: ՀՅԴ հանրահավաքից երկու օր առաջ էլ Ազատության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անել «Օրինաց երկիրը»: Երեկ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նաև ՕԵԿ-ի իրազեկումը: Երթ, սակայն, ՕԵԿ-ը չի անելու: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նաև Հայ ազգային կոնգրեսի` մարտի 30-ին Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետև երթ անցկացնելու իրազեկումը:

Թերթը նաև գրում է, որ Հայաստանի բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այս կիրակի համարակալել են իրենց տարածքների տեղամասերը: Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն դեռևս չէր հրապարակել տեղամասերի ընդհանուր ցանկը: Սակայն, առանձին ընտրատարածքներից ստացվող տվյալների համաձայն, ընտրատարածքներում տեղամասերի թվի աճ է տեղի ունեցել: Մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքի տեղամասերի թիվը, 2007-ի Աժ ընտրությունների համեմատ, երեքով ավելացել է և դարձել 35, իսկ ընտրողների թիվն ավելացել է մոտ 5 հազար 500-ով: Թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը, 2007-ի համեմատ, ավելացել է մոտ 2 հազարով, իսկ տեղամասերի թիվը` երկուսով և դարձել 35: Դեռևս այս տարվա սկզբին ԿԸՀ-ն հայտարարել էր, որ Երևանի ընտրատարածքներից փոփոխություն պետք է տեղի ունենար թիվ 9 և 10 ընտրատարածքներում: Մասնավորապես հայտարարվել էր, որ թիվ 10-ի ընտրողներից մի փոքր հատված տեղափոխվելու էր թիվ 9-ի կազմ: Ենթադրվում է, որ այսօր ոստիկանությունը պետք է հրապարակի ՀՀ ընտրողների ամբողջական ցանկը, ինչից հետո արդեն պարզ կդառնա, թե ընտրողների էլ ինչ տեղաշարժեր են տեղի ունեցել:

«168 ժամ»-ը գրում է, որ ինքնաբացարկ է հայտնել Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը, ով առաջադրվել էր Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ն այդ տարածքում առաջադրել է Կարինե Պողոսյանի թեկնածությունը, ով ասում են, Աբրահամյանների բարեկամուհին է: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքել է լուրերն այն մասին, թե Ջոնիկ Աբրահամյանը որոշել էր առաջադրվել իշխանությունների կողմից Հովիկ Աբրահամյանին տրված ինչ-որ խոստումների դրժումից հետո: Իսկ խոստումը կարող էր լինել այն, որ Հովիկ Աբրահամյանը նոր խորհրդարանում նորից զբաղեցնելու էր ԱԺ նախագահի պաշտոնը:

Տվյալների գրանցում.

«Հրապարակ»-ը գրում է, որ շաբաթ օրն իրենց խմբագրություն դիմած մի քաղաքացի պատմում էր, որ ոստիկանության Կենտրոն-Նորք-Մարաշ Քննչական բաժանմունքին կից անձնագրային բաժին ցերեկը մարզից մի ավտոբուս մարդ են բերել` հավանաբար գրանցելու համար: Ավտոբուսի վրա գրված է եղել` «Երևան», ինչից ենթադրել են, որ այն մարզից է: Ավտոբուսում հիմնականում տատիկ-պապիկներ են եղել:

«Երկիր» օրաթերթի հաղորդմամբ՝ Հարավարևմտյան թաղամասի թիվ 94 մանկապարտեզի տնօրենը, ըստ թերթի տեղեկությունների, օրերս ծնողներին հատուկ հանձնարարական է տվել` մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծնող պարտավոր է տնօրենին ներկայացնել Աժ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկող 10 հոգու տվյալներ: Ինքը` տնօրենը, չի բավարարվելու ծնողների պարտաճանաչությամբ: Քվեարկողների ամբողջական ցուցակները ունենալուց հետո նա պետք է մեկ առ մեկ զանգի ցուցակներում ընդգրկված անձանց և հավաստիանա, որ նրանք իսկապես քվեարկելու են ՀՀԿ օգտին: Հավաստիանալուց հետո տնօրենը քվեարկողների ցուցակը ներկայացնելու է ՀՀԿ տարածքային շտաբ, որտեղ, իրենց հերթին, ստուգելու են դրանց իսկությունը և ՀՀԿ օգտին քվեարկելու արժանահավատությունը: Եվ միայն դրանից հետո շտաբը մանկապարտեզին օգնելու է կոյուղու վերանորոգման հարցում: Իսկ եթե ծնողները չկարողանան քվեներ բերել ՀՀԿ-ի օգտին, պարտավոր են իրենց միջոցներով` «մարդա 10 հազար դրամ», վերանորոգել կոյուղին:

Զարմանազան.

«Հայացք» թերթի հավաստի աղբյուրների հաղորդմամբ` Հայաստանի արտգործնախարարության շենքն արդեն վաճառվել է. 400 մլն դոլարով այն գնել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան մի ընկերություն: ԱԳՆ-ն կտեղափոխվի արդարադատության նախարարության նախկին շենք: Հետաքրքիր է, որ կենտրոնական փոստի շենքն էլ գնել է «Հիլթոնը»:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` մարտի 12-ին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը վերջապես գրանցվել է Վրաստանի արդարադատության նախարարությունում` ստանալով հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ: Այս հարցը տևական ժամանակ հայ-վրացական հարաբերու՛թյունների ամենացավոտ կողմերից մեկն էր: Վրաստանում անցյալ տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունից և անցած ամռանը Ամենայն հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած հովվապետական այցից հետո խնդիրը համարվում էր լուծված: Սակայն թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` վրացական կողմը կրկին փորձել է խոչընդոտել խնդրի լուծմանը: Մասնավորապես, դեռևս փետրվարի սկզբին Վրաստանի իշխանությունները մերժել են ՀԱԵ վիրահայոց թեմի գրանցումը, և միայն լրացուցիչ բանակցության արդյունքում, որում էական դերակատարություն է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցուն, ի վերջո, տրվել է ցանկալի կարգավիճակը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կիրակի օրը` առավոտից Երևանի բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների մեկ լիտրը թանկացավ 20 դրամով կամ միանգամից 4 տոկոսով: Երեկ օրվա երկրորդ կեսին, սակայն, որոշ բենզալցակայաններ գինը նվազեցրին 10 դրամով:

Ներկայումս բենզալցակայանների մեծամասնությունում մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 480 դրամով, «Պրեմիումը»` 500 դրամով, «Սուպերը»` 530 դրամով: 10 դրամով թանկացել է նաև դիզվառելիքը` 460-ից հասնելով 470-ի: Հեղուկ վառելիք ներկրողներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ գների բարձրացումը պայմանավորված է ոչ այնքան միջազգային գների փոփոխություններով, որքան` ներքին սպասումներով: Խոսքը դրամի զգալի արժեզրկման սպասումների մասին է, որը պայմանավորված է Իրանից կանխատեսվածից քիչ զբոսաշրջիկների ժամանումով: Բենզին ներկրողները հաշվարկում են, որ այս շաբաթվա վերջին, երբ կավարտվի նովրուզը, և իրանցիները կվերադառնան հայրենիք, դրամը կարող է արժեզրկվել 4-5 տոկոսով: Այսինքն, մեկ դոլարի գինը կարող է անցնել 400 դրամի սահմանագիծը: Իսկ ներկրողների համար փոխարժեքը գնի վրա ազդող ամենամեծ գործոններից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում