Թուրքագետ. «Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելն իրատեսական չէ»
Նմանատիպ
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը խոսել են Հայոց ցեղասպանության նոր բանաձևի ԱՄՆ Սենատում քննարկման, հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումների մասին:
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրոպական միությամբ փոխարինելու հարցին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշել է, որ դա իրատեսկան չէ, այդ դեպքում, ըստ նրա, նախ Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, ապա Արցախը.
«Բացի այդ, ԵՄ-ն 27 երկիր է, իսկ եռանախագահող երկրների միջև անհամաչափություն կստեղծվի»,- նկատել է թուրքագետը՝ հավելելով, որ Էրդողանը փորձում է ուղղակի ձևով ճնշում գործադրել այս գործընթացին, սակայն եռանախագահող երկրները թույլ չեն տա Թուրքիայի միջամտությունը:
Հ.Չաքրյանի հավաստմամբ՝ ԵՄ-ն բարձր է գնահատում Մինսկի խմբի գործունեությունը, հատկապես վերջին 2 տարիների աշխատանքը: Բանախոսի կարծիքով՝ Թուրքիան այս հարցում կփորձի ներգրավել նաև Իրանին, սակայն Մինսկի խմբի անդամ երկրները դարձյալ կխափանեն այդ քայլը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքագետը շեշտել է, որ մերձեցումն առաջիկայում սպասելի չէ. «Ինչ-որ բան անելու համար Թուրքիան պիտի սպասի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին: Իսկ հաշվի առնելով աշխարհում տիրող խառը իրավիճակը` Սիրիայում զարգացումները եւ այլն, չեմ կարծում, որ միջազային հանրությունը խառնվի այս հարցին»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ Սենատում քննարկման դրված Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին նոր բանաձևի ընդունմանը, ապա թուրքագետի համոզմամբ՝ կլինի հերթական բանաձևի հերթական քննարկումը ԱՄՆ Սենատում. «Բանաձևի ընդունման հարցը բավականին բարդ կլինի: Կարծում եմ՝ այն ուղղակի կքննարկվի: Սա ԱՄՆ կողմից ևս մեկ փորձ է, որպեսզի զգուշացնի Թուրքիային, որ Սիրիայի հարցում պետք է համագործակցի»։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Արիստակես Սիմավորյանն իր հերթին նկատել է, որ Թուրքիան միջազգային արենայում փորձում է դրսևորել նոր պետության կարգավիճակ. «Դա ավելի շատ կապված է Դավութօղլուի հետ: Նա բավական խելացի մարդ է, ով չափազանց տարված է իրենով: Եվ շատ անգամ Թուրքիայի որոշ անհաջողություններ կապում են տարբեր հարցերի շուրջ Դավութօղլուի արագ մտածելու ու որոշումներ ընդունելու հետ»:
Ա.Սիմավորյանը տեսակետ է հայտնել, որ Թուրքիան փորձում է համաշխարհային մակարդակով նոր ստատուս ձեռք բերել, սակայն դա դեռ հարց է, թե դա կհաջողվի, թե ոչ։ «Չեմ կարծում , որ Թուրքիան մոտակա տարիներին լուրջ հաջողություններ կգրանցի հատկապես արաբական երկրներ հետ հարաբերություններում, որովհետև որքան մխրճվում է այդ գործերի մեջ, այդքան իրեն վարկաբեկում է»,- ասել է փորձագետը։
Բանախոսը նաև անդրադարձել է պետության վարչապետ Էրդողանի կողմից հնչեցրած կրոնական հանդուրժողականության մասին հայտարարություններին, որոնք « ոչ այլ ինչ են, քան միֆ»:
«Անգամ եկեղեցիների վերակառուցումը, որի մասին այդքան լավ ամենուրեք խոսվում է, ցույց է տալիս, որ այդ ամենը պարզապես իմիտացիա է, և դա ավելի խորանալու միտում ունի: Կարծում եմ, մոտակա 30-40 տարին Թուրքիան կբռնի երկիրն ապաքրիստոնեացնելու ճանապարհը», – նշել է նա:
Հ.Չաքրյանը գործընկերոջ խոսքերին հավելել է, որ Թուրքիայում անհանդուրժողականությունը ոչ միայն քրիստոնեական բնակչության նկատմամբ է, այլ նաև` մուսուլմանական որոշ խմբերի, ինչի մասին վկայում են օրինակ՝ 70-80-ականներին Մարաշում և Ուրֆայում ալավիների ջարդերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում