«Թատրոնը եղել է, կա և միշտ կլինի». Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Այդ կապակցությամբ մի շարք մամուլի ակումբներում հրավիրված ասուլիսներին քննարկվել են թատերական ոլորտի խնդիրները, ձեռքբերումները և առաջիկա ծրագրերը:

«Թատրոնը եղել է, կա և միշտ կլինի: Երբ ստեղծվեց կինոն, ասում էին, որ թատրոնը մահանալու է, բայց թատրոնն ապրեց: Ծնվեց հեռուստատեսությունը, կրկին թատրոնն ապրում է, հիմա էլ ` համացանց, ինտերնետ, կրկին թատրոնը կա ու կլինի, քանի որ կենդանի շփումը, որ կա հանդիսատեսի հետ, ոչ մի բանի հետ չես կարող փոխել: Բեմում ամեն ինչ կենդանի է ու ծնվում է հանդիսատեսի հետ միասին: Պերճ Զեյթունցյանը մի հիանալի բնորոշում է արել` կինոն քեզ ցույց են տալիս, իսկ ներկայացումը դու ինքդ ես նայում»,- թատրոնին նման բնորոշում է տվել Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Արթուր Ութմազյանը:

Ա. Ութմազյանը նշել է, որ հանգիստ է Դրամատիկական թատրոնի վաղվա օրվա համար, քանի որ այստեղ կան շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ, բեմադրիչներ. «Սերնդափոխությունը Դրամատիկականում հանգիստ կլինի»: 

Ժողովրդական արտիստը նաև կարևորել է խաղացանկային թատրոնների դերը. «Նրանք միշտ պետք է լինեն, քանի որ դպրոց են»:

Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանն իր հերթին նշել է, որ թատրոնն իր համար տոն է ու կապ չունի, թե այդ օրն ինքը ինչ է խաղալու` ողբերգություն, դրամա, թե կատակերգություն: Հ.Թեքգյոզյանի համար ամենաթանկը հանդիսատես-թատրոն կապն է, որը և յուրահատուկ է, և տարօրինակ, քանի որ «հանդիսատեսը թեև տեսնում է բեմի վրա շարժվող, խոսող մարդուն, բայց չի կարողանում նրա հետ երկխոսության մեջ մտնել»:

«Դրա համար հանդիսատեսի եւ դերասանի միջեւ ստեղծվում է մի յուրահատուկ կապ` ներքին մենախոսություն»,- կարծում է դերասանը:

Թատերախմբի վարիչը խոսել է թատրոնում ևս մի արտասովոր երևույթի մասին, երբ դրամատուրգն ու թատրոնը մեր երկրում գործում են անկախ. «Բայց թատրոնները կարող են գոյատևել առանց ազգային դրամատուրգիայի: Թեև դա պարադոքս է, բայց աշխարհում կան շատ լավ թատրոններ, որտեղ ազգային դրամատուրգիան այդքան զարգացած չէ»:

Չնայած այդ հանգամանքին՝ բանախոսները տեղեկացրել են, որ Դրամատիկական թատրոնն արդեն տարիներ շարունակ աշխատում է դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հետ, և այժմ էլ պատրաստվում է նոր բեմադրություն՝ նվիրված Եղեռնի 100-րդ տարելիցին:

Այն պատմելու է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի 4 մարտիկների մասին: Պիեսը բեմադրում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Ներկայացման անունը չնշվեց, քանի որ այն դեռ հստակ որոշված չէ:

Թատրոնին նվիրված մեկ այլ ասուլիսում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը կիսվել է իր ցանկությամբ, որ հասարակությունը հեռուստատեսությամբ ավելի շատ տեսներ իսկապես թատրոնի մարդկանց, այլ ոչ թե այն, ինչ հիմա ցույց են տալիս:

«Տաղանդավոր մարդիկ շատ են: Նրանք թատրոնում շատ նվիրված են աշխատում, բավական հետաքրքիր երիտասարդություն է գալիս մեզ փոխարինելու և կամաց ստեղծվում է այն միջավայրը, որտեղ սկսում են ձևավորվել տաղանդավոր երեխաներ: Նրանք բավական հետաքրքիր, կիրթ ու գրագետ, կողմնորոշված երիտասարդներ են, ինչը շատ ուրախալի է: Ես կցանկանայի, որ այդ երիտասարդներին ավելի շատ տեղ տային հեռուստատեսությամբ», նշել է Հ.Ղազանչյանը:

Նշենք, որ այս օրը որպես տոն սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Այնուհետև տոնը դարձել է ավանդական, և այսօր տարբեր թատրոններում կարելի է տեսնել ամենալավ ներկայացումները և պրեմիերաններ: 

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կկայանա«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը, և այս տարի այն նվիրվում է Հայաստանի թատերական գործիչների միության ստեղծման 70-ամյա հոբելյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում