ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին
27/03/2012 18:53
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 27-ին ղազախական Ալմաթի քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստին: Նախքան նիստի մեկնարկելը պատվիրակությունների ղեկավարները ծաղիկներ են դրել Անկախության հուշակոթողին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամլո ծառայությունից, նիստի բացմանը ՌԴ Դաշնային խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ներկայացրել է այն կարևոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացրել է Վեհաժողովն անցած քսան տարվա ընթացքում: Մասնավորապես նշվել է, որ կառույցն իր հիմնական գործունեությունն ուղղել է ԱՊՀ անդամ երկրների օրենսդրական դաշտի մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ակտիվորեն մասնակցել է Համագործակցության տարածքում ինտեգրման գործընթացներին: Նաև` ԱՊՀ ՄԽՎ կարևորագույն գործառույթներից է եղել խաղաղարար գործունեությունը, որն իր մեջ ներառում է ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման իրավական հիմքերի մշակումը, այլ նաև անմիջական խաղաղարար միջոցառումների իրականացում Համագործակցության թեժ կետերում և դրանցից կարևորագույններից մեկն է 1994 թ-ին Բիշկեկում ստորագրված արձանագրությունը` Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ապահովող առայժմ միակ քաղաքական փաստաթուղթը:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներն ու միջազգային այլ խորհրդարանական կառույցների ներկայացուցիչները: Այդպես, ՍԾՏՀ ՄԽՎ անունից, որտեղ նախագահում է Հայաստանը, ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, ՍԾՏՀ ՄԽՎ փոխնախագահ Արեգ Ղուկասյանը` ներկայացնելով նաև ՀՀ նախագահության օրոք կատարված աշխատանքը: Նա տեղեկացրել է, որ մայիսի 22-24-ը Երևանում Հայաստանի նախագահությամբ կանցկացվի ՍԾՏՀ գլխավոր վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:
Ելույթ է ունեցել նաև ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը` իր հերթին կարևորելով ԱՊՀ ՄԽՎ դերն ու նշանակությունը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Այդպես, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Սամվել Նիկոյանը նշեց, որ ներկա դրությամբ ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմավարական համագործակցությունը զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջեւ բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը մեծապես նպաստում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունությունը: Վերջինիս երկարամյա աշխատանքի շնորհիվ ՀՀ եւ ՌԴ միջխորհրդարանական կապերը ստացել են կայուն եւ դինամիկ բնույթ, ստեղծվել է իրավական հիմք, որը երկու երկրների միջպետական համագործակցության համար ապահովում է բնականոն եւ լայնածավալ զարգացում:
Կողմերը կարեւոր համարեցին երկկողմ խորհրդարանական դիվանագիտության ջանքերի ակտիվացումը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման գործում` ընդգծելով Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անդրադարձ եղավ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը, մասնավորապես ՀՀ մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ:
ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանի խորհրդարանը կարեւորում է ԱՊՀ ՄԽՎ ջանքերը Համագործակցության երկրների միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման ուղղությամբ: ՀՀ-ն հատկապես բարձր է գնահատում համագործակցությունը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխհամաձայնեցված գործունեությունը:
Միջխորհրդարանական կապերի նշանակության եւ դրանց հետագա խորացման ու կատարելագործման անհրաժեշտության, փոխգործակցության հետագա հեռանկարների վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու, Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Կայրաթ Մամի հետ ունեցած երկկողմ հանդիպումների ժամանակ: Նուրլան Նիգմատուլինը հատկապես բարձր գնահատեց հայ համայնքի ունեցած դերակատարությունը իրենց երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը եւ տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում