Մամուլն այսօր. Ն.Փաշինյան-Ս.Ալեքսանյան բանավեճը լիովին հնարավոր է կազմակերպել «Հ1»-ով
Նմանատիպ
Ընտրություններ.
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի.այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում Արթուր Մարգարյանը: Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է և ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին: Թերթը նկատում է նաև, որ բացի վարորդներից, «Օրինաց Երկիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաև այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. «մի խոսքով` ում տեսել, ցուցակ են տարել»:
«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է ապրիլի 9-ից հանրսւհավաքներ սկսել ՀՀ տարբեր մարզերում: Երեկ թերթի թղթակցին Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ հանրահավաքներ և հանդիպումներ լինելու են բոլոր մարզերում, որոնց մասնակցելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացի այդ, կազմվել է 5-6 քարոզչական խումբ, որոնք, հանրահավաքներին զուգահեռ, մարզերում քարոզչություն են իրականացնելու ԲՀԿ-ի օգտին: Թերթի տեղեկություններով, խմբերից մեկի ղեկավարը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, մեկը` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Զոհրաբյանը ասել է, որ իրենց ակորդային հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 4-ին` Ազատության հրապարակում: ԲՀԿ-ն, սակայն, այդ հանրահավաքն իրազեկելու մասին դեռ հայտ չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան:
«ՀԺ»-ն նաև տեղեկացնում է, որ «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդաշարը խնդիր չի տեսնում թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Ալեքսանյանի բանավեճը կազմակերպելու հարցում. «Ես կփորձեմ, մեր մտքով էլ է անցել նման բան»:
Երեկ այս մասին հայտնել է հաղորդաշարի վարող Նվեր Մնացականյանը, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե արդյոք մտադի՞ր են նման բանավեճ կազմակերպել: Մնացականյանը նաև հավելել է, որ դա ապրիլի մեջ, այսինքն` քարոզարշավի մեկնարկից հետո կարող են անել: Թերթի թղթակցի ճշտող հարցին, թե ո՞ր դեպքում է հնարավոր, որ այդ բանավեճը չկազմակերպեն, Մնացականյանն ասաց, որ իր իմանալով` Ալեքսանյանը Հայաստանում չէ: Թղթակիցը տեղեկացրել է, որ նա խոստացել է եկող շաբաթ Հայաստան վերադառնալ: «Դե, եթե համաձայնեն, այդտեղ մեծ խնդիր չկա: Նախընտրական ժամանակահատվածն ինչի՞ համար է` քաղաքական բանավեճերի և հանդիպումների»,- ասել է հաղորդավարը: Իսկ հնարավո՞ր է` հեռուստաընկերության ղեկավարությունը թույլ չտա: «Հեռուստաընկերության ղեկավարությունը երբևէ էդպիսի արգելքներ չի դրել: Չկա այդպիսի բան: Ուղղակի բանավեճերը Հայաստանում շատ դժվար են անցկացվում և կազմակերպվում, ինքներդ գիտեք»,- ասել է Մնացականյանը:
«Իրավունք» թերթը «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Պտտվող լուրերի համաձայն, ՀԱԿ–ի ճամբարում լուրջ սկանդալ է հասունանում` նախընտրական քարոզարշավի տրամադրությունների հետ կապված: Բանից պարզվում է, որ ԼՏՊ–ին սպասարկող լրատվամիջոցները այս օրերին իրար «միս են ուտում»` հատակպես այն հանձնարարականների հետ կապված, որ տրվում են ՀԱԿ–ին ԼՏՊ–ի կողմից: ՀԱԿ աղբյուրների փոխանցմամբ, մի քանի օր է, ինչ ԼՏՊ–ի հովանավորյալ թեկնածուներին ու ՀԱԿ–ի «ցուցակիստներին» «պրիզնատ» չեն գալիս ԼՏՊ–ի ծնած–սնած ու փայափայած որոշ լրատվամիջոցները, որոնք այս օրերին, ԼՏՊ–ի մեղադրանքների համաձայն, սպասարկում են ոչ թե ՀԱԿ–ի, այլ իշխանական ուժերի, առավելապես` ԲՀԿ–ի շահերը, որոնք կարծես թե դարձել են ԼՏՊ–ի սպասավորների միակ ու անփոխարինելի «պապաները»…: Նույն ԼՏՊ–ի «մեսիջներ»-ի համաձայն, հատկապես «Չորրորդ ինքնիշախանությունը», կարծես թե, վերջին ժամանակներս դարձել է ԲՀԿ–ի միակ մեներգիչն ու մնացյալ ուժերին սևացնող ապարատը… Եվ ըստ ՀԱԿ առաջնորդի, այդ աշխատելաոճը ոչ մի կերպ չի խոսում ընդդիմադիր լրատվամիջոցների հարիր կեցվածքի ու գործելաոճի մասին: Այսուհետ ԼՏՊ–ին մնում է զույգ աչքով հետևել յուր սպասավորին գործին ու տարանջատել, թե ով է ընդդիմադիր ու սուտի ընդդիմադիրը…»:
Ըստ «Ավանգարդ» թերթի ունեցած հավաստի տեղեկությունների՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ ուշադրությամբ հետևում է ընտրական զարգացումներին, որպեսզի մշակի իր մարտավարությունը: Իսկ սա նշանակում է, որ նա նորից ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին` իր թեկնածությունն առաջադրելով Սերժ Սարգսյանի դեմ: Բնականաբար` Քոչարյանի գլխավոր քաղաքական հենարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է լինելու: Եթե ԲՀԿ-ն ընտրություններում հավաքի 30 տոկոսից ավելի ձայն, սա երաշխիք կլինի, որպեսզի Քոչարյանը վստահորեն մտնի ընտրապայքարի մեջ:
Ասում են, որ հատկապես հիմա լարվել են Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները, նրանք բացարձակապես իրար հետ չեն շփվում: Մոտավորապես այն իրավիճակն է, ինչ Տեր-Պետրոսյան-Քոչարյան հարաբերություններում, երբ երկրորդ և առաջին նախագահները ձգտում էին խույս տալ իրարից:
Թե որքան կտևի այս դիմակայությունը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո առավել լարվելու է իրավիճակը, պայքարի մեջ են մտնելու երեք նախագահները` երկրին թելադրելով նոր «սցենարներ»:
Ընտրացուցակներ կազմելու օրիգինալ ձևերը.
«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ շտաբից հրահանգված է Երևանի մեջ իրարից ընտրողներ չգողանալ կեղծ գրանցումների տեսքով: ՀՀԿ շտաբում որոշվել է, որ կեղծ գրանցումները Երևանում պետք է անել բացառապես մարզային բնակչության հաշվին, այսինքն՝ Երևանում կարող են գրանցվել Երևանին մոտ հարակից տարածքների բնակիչները, որոնց ընտրության օրը զանգվածաբար և կազմակերպված կտեղափոխեն Երևան, ապա նրանց հետ կտանեն իրենց հիմնական բնակավայրերը` մարդկանց հնարավորություն տալով քվեարկել թե´ Երևանում, թե´ հարազատ քաղաքում կամ գյուղում: Թերթն ավելացնում է, սակայն, որ Երևանում կան ՀՀԿ թեկնածուներ, որոնք սկսել են Երևանի այլ տարածքներից մարդիկ «առևանգել» իրենց տարածքների համար: Այս գործրնթացում ներգրավված են տարբեր համայնքների համատիրությունների նախագահներն ու թաղապետարանի աշխատակիցները:
«Հրապարակ»-ի հաղորդմամաբ՝ ԲՀԿ-ն Կենտրոնում իր ակտիվիստների միջոցով ցուցակագրում է ընտրողներին ու գումար է խոստանում: ԲՀԿ ակտիվիստները 10-15 հոգու ցուցակ են ներկայացնում, որոնք պիտի լինեն ցուցակը կազմողին մոտիկ մարդիկ` հարազատ, բարեկամ, հարևան: Հետագայում հենց այդ ակտիվիստից էլ նրա շրջապատը պետք է գումարները ստանա: ԲՀԿ քարոզիչներն ասում են, որ այս ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են լինելու, ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին: Ի դեպ, ՀՀԿ-ն ևս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել` իրենց շտաբների աշխատակիցներին գործուղում են հարևանների տները` նրանց ցուցակագրելու:
Զարմանազան.
«Հայացք»-ը գրում է. «Մեր երկրում ավելի ու ավելի հաճախակի են «մազալու» բաներ լինում: Երբեմն նույնիսկ կարելի է զարմանալ, թեև Հայոց աշխարհում զարմանալը դժվար է, երբեմն դժվար է չհարցնել` մի՞թե այսքան ընկել ենք…
Ինչպես տեղեկացել է թերթը «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանից, սատանիստ, բլոգեր և ազատ լրագրող ներկայացող Բայանդուր Պողոսյանը և երկու այլ անձինք դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը: Վերջինիս կայքում Բ .Պողոսյանը գաղափարական վիժվածք է անվանվել: Ինչո՞ւ… Պարզվում է` ոչ միայն սատանիստ լինելու համար: Բայանդուր Պողոսյանը հանդիսանում է ֆեյսբուքյան «Անտիմեկազգ» էջի ադմինիստրատորը, իսկ այդ էջը զբաղված է զրպարտություններով, վիրավորանքներով` ինչպես «Մեկ ազգ» դաշինքի գործունեության, այնպես էլ իմ անձի նկատմամբ»,- թերթի հետ զրույցում ասաց Գ. Թամազյանը: -Կարծես դրանով էլ չբավարարվելով` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայապահպան գործունեությունը ներկայացվում է որպես պետականություն կործանած, թագավորներին դավաճանած: Այդ բոլոր հրապարակումների պատճենները մեզ մոտ կան:
Հայցվորները պատասխանողից պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցել դատական ծախսերը: Վերոնշյալ գործով դատական առաջիկա նիստը Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 2-ին` ժամը 12-ին»:
«Հայկական ժամանակ»-ի հավաստմամբ՝ 2011-2012 ուստարում Կոտայքի մարզի դպրոցների 1-ին դասարան ընդունված երեխաների թիվը կազմել է 3 հազար 360, ինչը մոտ 3 տոկոսով քիչ է նախորդ ուստարվա ցուցանիշից: Այս մասին թերթը տեղեկանում է ՀՀ կառավարություն ներկայացրած հաշվետվությունից:
Հաշվետվության հեղինակը Կոտայքի մարզպետարանն է: Առաջին դասարան ընդունված երեխաների թվի նվազումը արձանագրվել է բոլոր այն մարզերում, որոնց մասին հաշվետվություններ են ներկայացվել կառավարությանը: Եվ չնայած դրան, այդ բոլոր մարզերի, նաև Կոտայքի մասին հաշվետվությունները նմանվում են Սովետական Միության տնտեսության վերաբերյալ ԽՄԿԿ համագումարներում հնչող բոցաշունչ զեկույցներին` ամեն ինչ աճել `, ամեն ինչ զարգացել է, ամեն ինչ բարգավաճել է: Անհասկանալի է մնում, թե ինչու է այդ դեպքում երեխաների թիվը նվազում: