Թերթերն այսօր. Այն մասին, որ շուկայում կեղծ դեղորայք է հայտնվել, և որ Շ.Պետրոսյանը հնարավոր է մշակույթի նախարար դառնա

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ԲՀԿ համամասնական ընտրացուցակից առաջիկայում ինքնաբացարկ են հայտնելու Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը: Բանն այն է, որ նրանց ցուցակի առաջին 20 համարում են ընդգրկել` հույս ունենալով, որ կկարողանան լավ աշխատանք տանել` հօգուտ այս կուսակցության: Բայց նախընտրական քարոզարշավը դեռ չսկսված` արդեն իսկ ԲՀԿ-ում ներքին դժգոհություն կա այս երիտասարդների աշխատանքի, իսկ ավելի ճիշտ` չաշխատելու կապակցությամբ: Չի բացառվում, որ որոշակի սկանդալներից խուսափելու համար նրանք ինքնաբացարկ հայտնեն ոչ թե նախընտրական քարոզարշավի ժամանակ, այլ` ընտրություններից անմիջապես հետո` հրաժարվելով պատգամավորական մանդատներից: «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս, լսելով, որ «Ժողովուրդ» օրաթերթից են իրեն զանգահարում, հայտարարել է, թե ցանկություն չունի թերթի հարցերին պատասխանել:

«Ազգ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում գործարար պատգամավորների առատության մասին մշտապես խոսվել է, նշվել, որ այդ հարցը պետք է կարգավորվի, որ գործարարները կամ պետք է զբաղվեն իրենց բիզնեսով, կամ օրենսդրական գործունեությամբ: Ավելին` իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարները հայտարարեցին, որ գործարարներն այս ընտրություններին իրենց կուսակցական ցուցակում ընդգրկված չեն լինելու: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, ինչպես իշխող կուսակացության, այնպես էլ իշխանական կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների ցանկերում ավել կամ պակաս չափով ընդգրկված են գործարարներ: Անգամ կոմունիստական կուսակցության ցուցակում գործարարներ կան:

Նախ հստակեցնենք, թե ի՞նչ ասել է գործարարը: Մեզանում գործարար ասելով հասկանում են ոչ միայն բիզնեսի սեփականատերին, այլև գործադիր տնօրեններին, փnխտնoրեններին, կառավարիչներին: Բացի նշվածներից, «գործարար» հասկացության մեջ ներառելով նաև ընկերությունների հիմնադիրներին, խորհրդի անդամներին, բաժնետերերին, անհատ ձեռնարկատերերին, ստացանք 113 գործարարներ, որոնք ընդգրկված են խորհրդարանական ընտրություններին մասնակցող 8 կուսակցությունների և մեկ դաշինքի ցուցակներում: Իսկ ընդհանուր առմամբ, այդ ցուցակներում ընդգրկված են 1028 պատգամավորություն թեկնածու: Այսինքն, գործարար թեկնածուները բոլոր թեկնածուների ավելի քան 10 տոկոսն են կազմում»: 

«Երկիր»-ն անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանին պատգամավորության թեկնածու չգրանցելու հարցին և հիշեցրել, որ եթե Խ. Սուքիասյանը վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում (իսկ իրականում նա բացակայել է 10 ամիս և 20 օր), ապա ԱԺ ներկայիս պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանն ու Հարություն Փամբուկյանը մշտապես բնակվում, ապրում ու «ստեղծագործում» էին արտերկրում: Փամբուկյանը, ըստ թերթի, 2010թ. աշնանային նստաշրջանից սկսած` բացակայել է 527 անգամ կամ գրեթե 100 տոկոս: «Կամ օրենքը բոլորի համար է հավասար, կամ ցուցակ գրեք` իմանանք ով է արտոնյալ»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ» թերթն էլ, անդրադառնալով, Խ. Սուքիասյանին չգրանցելու հարցին, գրում է, որ թիվ 37 ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանը մոտ 1,5 տարի է` բնակվում է Դանիայում. նա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում փորձագետ է:

Նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական ընթացքը.

«Երկիր» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան չինովնիկներին սեփական աշխատասենյակներում «բռնացնելն» առավել դժվար է դառնում: Ի դեպ, խոսքը ոչ միայն վարչապետի կամ նախարարների մասին է, այլև նախարարության ամենավերջին աշխատակցի. բոլորը քարոզարշավի են: Անհասանելի չինովնիկների «ջրերն է ընկել» նաև սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Ամենայն հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը, ով թեև նախօրեին թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ որոշ «չինովնիկների նման խոսելու կոմպլեքս չունի», բայց պայմանավորված հարցազրույցն այդպես էլ չի կայացել: Հարցազրույցի օրը և ժամը Ասրյանը հաստատել է գերմանական ճշտապահությամբ, բայց որքան մոտեցել է հարցազրույցի պահը, նրա հետ կապ հաստատելը առավել դժվար է դարձել, նա մեկ Արարատում էր, մեկ` գրասենյակում, մեկ էլ` ինչ-որ շտաբում:

Իսկ երբ իմացել է, որ հարցազրույցը նաև նկարահանվելու է, հայտարարել է, թե շտապ կանչով մեկնում է Սյունիք ու անջատել է հեռախոսը: Ավելի ուշ, քարտուղարուհին հայտնել է, որ Ասրյանը, հավանաբար, էլ չի գա «մի պահ մտավ, դուրս եկավ»…

Ի դեպ, թերթի տեղեկություններով Ասրյանի վրա լուրջ հրահանգ է իջեցվել խոսելու փոխարեն կուսակցական գործերով զբաղվել, բայց եթե չի կարող զսպել խոսելու ցանկությունը, խոսել, բայց ոչ երբեք տեսախցիկի առջև»:

«168 ժամ» թերթի տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների` դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր: Վերջերս ստիպողաբար այդ կուսակցությանն են անդամագրվել նաև Երևանի թիվ 2 հիվանդանոցի և պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիվանդանոցի աշխատակիցներին նաև հանձնարարվել է, որ առաջիկա օրերին այցելեն որևէ մեծամասնական ընտրատարածք և իրենց հաշվին անվճար բուժօգնություն մատուցեն ընտրողներին: Բժիշկները թերթի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ այդ օրերին թեև իրենք աշխատում են եռակի-քառակի ավելի ծանրաբեռնվածությամբ, բայց կազմակերպիչների կողմից չեն վճարվում: Եվ ստացվում է, որ կուսակցությունն ընտրողների համար այդ բարեգործական ակցիան կազմակերպում է բժիշկների հաշվին: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ լուրը: «Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք էլ լսել ենք, որ ԲՀԿ կամ այլ կուսակցություն են մտել»,- ասել է նա:

Կոալիցիայի անդամ կուսակցությունները շարունակում են ընտրակաշառք բաժանել ոչ թե փողի, այլ բարեգործությունների տեսքով: Արարատի մարզից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկությունների համաձայն` այս օրերին ՕԵԿ-ն ակտիվորեն մուրաբաներ է բաժանում քաղաքացիներին: Իսկ ԲՀԿ-ն զբաղված է սելիտրա և պղնձարջասպ բաժանելով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյւսնի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ «Ծառուկյան» հիմնադրամը պարարտանյութ է բաժանում, սակայն, ըստ նրա, դա ընտրակաշառք չէ: Դեռ նախորդ տարի Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ խաղողագործները բարձրացրել են պարարտանյութի և դեղանյութի խնդիր: «Արդեն ներկրվել է, ու պարարտանյութը կբաժանվի: Եթե տեսնեք, որ նախընտրական շրջանում է դա բաժանվում, կարող եք նախընտրական համարել»,-ասել է Գալստյանը` հավելելով որ ճիշտ չէ մարտ ամսին գյուղացուն թողնել անօգնական և ընտրությունների պատճառով հետաձգել նման ծրագրերը:

Կեզծ ապրանքներ հայկական շուկայում.

«Առավոտ»-ն ահազանգում է, որ մոտ երկու շաբաթ է` հայաստանյան դեղատներում մի շարք կեղծ դեղեր են հայտնաբերվել: Հայտնի չէ, թե այդ դեղերը որտեղ են արտադրվել, ինչ սերիական համար ունեն, ով է ներկրել մեր երկիր և այլն: Բայց փաստ է, որ հայտնաբերելուց հետո էլ այդ դեղերը մինչ օրս ազատ վաճառվում են դեղատներում, և որևէ մեկը չի խոչընդոտում դրանց սպառմանը: Կեղծ դեղերը հայտնաբերել և մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինների դատին են հանձնել դեղարտադրության մեջ հայտնի «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասնագետները: Նրանք նկատել են, որ դեղատներում վաճառվում է իրենց կողմից Հայաստան ներկրվող և մեր երկրում պաշտոնապես գրանցված դեղամիջոցի կրկնօրինակը` չնչին տարբերություններով: Կեղծ դեղերը հայտնաբերելուց հետո «Նիկոմեդ» ընկերության պատասխանատուներն անմիջապես ահազանգել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և այլ պետական մարմինների: ՀՀ Դեղարտադրոդների և ներմուծողների միությունն էլ իր հերթին է մոնիթորինգ կատարել և կեղծ դեղերի վերաբերյալ իր ունեցած փաստերով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, առողջապահության նախարարության պատասխանատուներին` հորդորելով միջոցներ ձեռնարկել այդ դեղերը վաճառքից հանելու: Սակայն ինչպես թերթի հետ զրույցում ասել է Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը՝ որևէ կառույց ջանք չի գործադրում «ինքնությունը» չպարզված դեղերը շրջանառությունից հանելու` մինչև որ կպարզեն, թե դա ինչպես է հայտնվել դեղատներում:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Երևանի «Արաքս» թռչնաֆաբրիկան արտերկրից հավ է ներկրում ու այն վաճառում տեղական արտադրության անվան տակ: Տեղեկությունը ստուգելու համար թերթը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որտեղ արդեն նման ահազանգ հնչեցրել էին: Պարզվեց, որ այս պահին ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարում թռչնամսի շուկայում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցել են, որ Հայաստանում տեխնիկական հնարավորություն չկա` ստուգելու և տարբերելու ներկրված սառեցված հավը տեղական սառեցված հավից: Այսինքն`չի բացառվում, որ տեղական արտադրության անվան տակ ներկրված հավ վաճառվի: Պարզաբանումների համար թերթը դիմել է նաև «Արաքս»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին` Վալենսիայի Խաչիկին, ով բարկացած բղավել է. «Մենք պարապ չենք, որ ձեր հարցերին պատասխանենք ու ձեր խնդիրներին լուծում տանք», ապա անջատել է հեռախոսը:

Զարմանազան.

«Հայացք»-ը հարցադրում է անում, թե ինչու են ուշացնում քաղաքացիների անձնագրերի տրամադրումը, ովքեր փոխել են հները անձնագրային բաժանմունքներ են գալիս նորերի հետևից. «Այս օրերին քաղաքացիները անձնագրային բաժիններից վերադառնում են ձեռնունայն: Անձնագրերը չկան, դեռ պատրաստ չեն, չնայած վաղուց պետք է պատրաստ լինեին. խոստացված ժամկետները վաղուց արդեն անցել են:

Աշխատակիցները բացատրում են, թե ուշանում է տպագրության գործը, չեն հասցնում ժամանակին տպել, բլանկները տպում են ՀՀ-ից դուրս: Այնուամենայնիվ, ամսվա վերջ է, մարդիկ պատրաստվում են թոշակ ստանալ, նպաստ ստանալ, բայց անձնագրերը չկան»,- գրում է թերթը:

Թերթը դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն` պարզաբանում ստանալու նպատակով: Սակայն չնայած թերթի անընդմեջ զանգերին ու նրանց կողմից հավաստիացումներին, որ հարցը կպարզեն ու թերթին տեղյակ կպահեն` ինչն ինչոց է, այդպես էլ աշխատանքային օրն ավարտվել է, ու թերթը պատասխանը չի ստացել:

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի պատվավոր 16-րդ հորիզոնականը զբաղեցնող երգչուհի Շուշան Պետրոսյանն ընտրություններից հետո Աժ ճամփան չի բռնի. «ՀՀԿ-ն նրան տեսնում է գործադիրում, այն էլ մշակույթի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում: Այնպես որ` Հասոյի «աչքը լույս»:

Թերթի աղբյուրների համաձայն` գործադիրում իր պաշտոնին է մնալու նաև Սփյուռքի հավերժ նախարար Հրանուշ Հակոբյանը: Սփյուռքի հարցերով ավելի լավ զբաղվող նախարարի այլ թեկնածու ՀՀԿ-ում չեն տեսնում: Հավանաբար՝ Սփյուռքն էլ:

«Հայոց աշխարհ»-ը գրում է, որ Հայաստանում հեղուկ վառելանյութի գների վերջին բարձրացումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ դրանց առնչությամբ տեղեկություններ է պահանջել շուկայի հիմնական մասնակիցներից։  Թերթի հարցերին պատասխանել է «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը.

«-Ի՞նչ կոնկրետ փոփոխություններ են կատարվել համաշխարհային շուկայում, որոնք հանգեցրել են Հայաստանում վառելանյութի գների նման աճին։

Հունվարի առաջին տասնօրյակից մինչեւ այսօր բենզինի միջազգային գները թանկացել են շուրջ 26 տոկոսով։ Եթե այն ժամանակ մեկ տոննայի միջին արժեքը 950 դոլար էր, ապա այժմ հասել է 1190 դոլարի։ Այդ ընթացքում դիզելային վառելիքի գները բարձրացել են 13,2 տոկոսով։ Միջազգային շուկայում նման զարգացումների պայմաններում Հայաստանում բենզինը թանկացել է 11,2, դիզելային վառելիքը՝ 4,2 տոկոսով։

Ստացվում է, որ Հայաստանում վառելանյութի գներն ավելի քի՞չ են բարձրացել, քան համաշխարհային շուկայում։

Առայժմ այո։

Ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

Այստեղ հարկերի հետ կապված խնդիր կա։ Բացի դրանից, վերջին գներով վառելանյութ չի ներկրվել Հայաստան։ Եթե ներկրվի, ապա սպասվում է եւս շուրջ 5 տոկոսի թանկացում։ 1190 դոլարով բենզին ներկրելու դեպքում ստիպված ենք այսօրվա համեմատ վաճառել 20-30 դրամով թանկ։

Վերջին թանկացումից հետո ներկրված խմբաքանակը որքա՞ն կբավականացնի։ Այլ կերպ ասած, ներկայումս շուկայում հաստատված գները որքա՞ն ժամանակ կպահպանվեն։

Դա կախված է ներկրված ընդհանուր պաշարների չափից։ Մյուս կողմից՝ այն առնչվում է նաեւ սպառման ծավալների հետ, որոնք նվազել են։ Այնուհանդերձ 10-15 օր գները հավանաբար փոփոխության չեն ենթարկվի»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում