ԵԱՀԿ հերթական դիտարկումն անցել է առանց հրադադարի ռեժիմի խախտումների
Նմանատիպ
Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան): Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում