Բեյրութում կազմակերպվել է Ե.Չարենցի 115-ամյակին նվիրված գրական երեկո

Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում  ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաեւ «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անց էր կացվում  հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Չարենցի կյանքին և գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը:

ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ գրական երեկոն ուղեկցվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆյան-Եփրեմյանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» և «Սայաթ Նովա» բանաստեղծությունները, երիտասարդ երաժիշտները կատարել են  Սայաթ Նովայի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարևորել է երեկոյի անցկացումը, ներկայացրել է մանրամասներ ապրիլին Երևանում նախատեսվող միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն հայ գրատպության 500-ամյակին և Երևանը՝ որպես 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Նա ընդգծել է, որ հայ գրականությունը, պոեզիան, հայ ընտանիքի, կրթօջախների և եկեղեցու հետ մեկտեղ հայկականության ոգու, հարուստ բարոյական, մշակութային, կրթական և գրական արժեքների պահպանման և ամրապնդման երաշխիքն ու հենասյունն է:

Դեսպան Քոչարյանը հրապարակել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանին ունեցած բազմամյա ստեղծագործական վաստակի համար  ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» ոսկե մեդալով պարգևատրելու մասին: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաև ՀՀ գրողների միության նախագահի որոշման մասին  միջոցառմանը ներկա հայտնի թատերագիր, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանին Հայասատանի գրողների միության ոսկե մեդալով պարգևատրելու մասին:   

Հետևեք մեզ նաև Telegram-ում