Մամուլն այսօր. Մորմոնների գողացված համակարգչում հետաքրքրիր տեղեկություններ են գտել, իսկ Մշակույթի նախարարը դեմ չէ իր տեղը զիջել Շ.Պետրոսյանին

Ընտրություններ.

Ըստ «Իրատես de facto» թերթի տեղեկաությունների՝ այս օրերին պատկան մարմինները խոշորացույցի տակ են առել նաև «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համամասնական ցուցակը, մարդ ես, բա որ մի «Խաչատուր Սուքիասյան» էլ այստե՞ղ պատահի:

Ու գտել են: Թերթի աղբյուրի փոխանցմամբ` հավանաբար առաջիկայում մեկ-երկու անձինք «դուրս կթռնեն» ցուցակից արտերկրում հաճախ «իջևանելու» պատրվակով: Ի դեպ, լրջորեն ուսումնասիրվում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «ներկա-բացակաները»:

Ի միջի այլոց, «Ժառանգության» առաջնորդը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հնարավոր է` առաջադրվի: Փաստորեն, այս քայլով փորձ է արվում մի կրակոցով «երկու նապաստակ» որսալ: Կստացվի՞:

«Շտաբը բացել են, փողերն էլ բաժանում են, հերթով մարդկանց կանչում են, սպառնում»,- «Երկիր»-ի հետ զրույցում Սյունիքի 38-րդ ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուի գործելաոճն այսպես է բնորոշել Կապանի ՀՅԴ մարզային ներկայացուցիչը: Արմենակ Ստեփանյանն ասում է, որ սյունեցին ուրիշ է, նա կարող է փողը վերցնել, բայց ձայն չտալ ՀՀԿ թեկնածուին, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Վերջինիս մրցակիցը ՀՅԴ-ական ԱԺ պատգամավոր Գագիկ Գևորգյանն է: Ստեփանյանը վստահ է, որ ՀՅԴ թեկնածուն անցնելու է. «Մարզպետն էլ է խառնվել, որովհետև շատերը համախմբվել են մեր թեկնածուի շուրջ»:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հայաստանի հեռուստաընկերություններին զգուշացրել է` եթե քարոզարշավի ընթացքում` ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը, իրենց եթերում հայտնվեն պատգամավորության թեկնածու երգիչներն ու դերասանները, ապա դա կդիտվի որպես քարոզչական նյութի հեռարձակում: «Այս զգուշացման արդյունքում «Հ2» հեռուստաընկերության տնօրինությունը հանրահայտ դերասան Երվանդ Մանարյանին տեղեկացրել է, որ քարոզարշավի օրերին նա չի կարող նկարահանվել «4+» սերիալում, քանի որ ընդգրկված է ՀԱԿ համամասնական ցուցակում: …ԿԸՀ-ում Կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Արտեմ Հակոբյանը նշված հանձնաժողովից երեկ պարզաբանում է պահանջել: …Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում չկա որևէ հոդված, որը ՀՌԱՀ-ին իրավունք է տալիս հեռուստաընկերությունների առջև նման պահանջ դնել»:

«Իրավունք» թերթը «Բամբասանք» խորագրի տակ գրում է. «Ըստ պտտվող լուրերի, ՀԱԿի ճամբարում գնալով իրադրությունը թեժանում է: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ ՀԱԿ առաջնորդ ԼՏՊն և նրա զինյալ գրոհային Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ ի վեր «խմբագրում» է ԼՏՊի մտքերը, հերթական անգամ իրար են բախվել, այս անգամ արդեն Նիկոլին թիվ 7 ընտրատարածքում նախընտրականի համար նախատեսված գումարներ տրամադրելու առումով: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ Նիկոլը ԼՏՊին մեղադրել է այլ հոսքերից եկած գումարները վատնելու մեջ` ասելով, որ ինքը նույնպես այդ գումարներից պետք է հասանելիք ունենա, քանի որ այս տարիների ընթացքում քիչ բան չի արել` հանուն միջազգային հանրության: Դե, սպասելի էր Նիկոլի և Լևոնի զմիմյանս բախվելու փաստը, քանի որ Արևմուտքից ստացված գումարները արդեն կիսվում են ոչ թե ԼՏՊի ու ՀԱԿի միջև, այլ նաև անժառանգ մնացած «ժառանգականների» ու ազատական հայացքների տեր ազատ դեմոկրատների միջև, որոնց հացն ու ջեւրը նույնպես Արևմուտքն է ապահովումԴեռ ի՜նչ նորանոր «զխկոցներ» են լինելու, մնում է մի քիչ էլ համբերել»:

Պայմաններ առաջատար կուսակցություններից.

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ՀՀԿն բոլոր ընտրատարածքների պատասխանատուներ է նշանակել և բոլորի վրա պլան դրել` 20-25 հազար ձայն բերելու: Թերթը հիշեցնում է, որ մեկ ընտրատարածքում ընտրողների քանակը 50 հազարից 74 հազար է: Այսինքն` պլանը կազմում է ընտրողների մոտ 30 տոկոսը:

Թերթը նաև գրում է, որ այս ընտրությունները ևս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ թերթը ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին. «Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել»: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը` երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին: Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք, ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծառուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. Հաղթեցիր`քեզ նվեր, պարտվեցիր` վերադարձնում ես: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլև ընկնում ես մեծ պարտքի տակ: Բայց, թերթին հասած տեղեկություններով, ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:

«Հայացք»-ի փոխանցմամբ՝ խայտառակ վիճակում են հայտնվել ՀՀԿ միջին ու ստորին «խավի» անդամներն ու ակտիվիստները (թաղապետարաններում ու պետական հիմնարկներում միջակ պաշտոններ վարողները): Թերթի «100%-անոց հավաստի տվյալներով»` ՀՀԿ-ն իր անդամներին խստագույնս հրահանգել է` ներկայացնել հարազատների, ազգականների, խնամիների ցուցակները` հասցեներով, որոնք անվերապահորեն ընտրելու են ՀՀԿ-ին: Մարդիկ վախով ու զգուշությամբ են ներկայացնում բարեկամների ցուցակները, որովհետե ՀՀԿ շտաբներից ներկայացված ցուցակների հասցեներով մեկ առ մեկ զանգահարում ու կոնկրետ մարդկանցից հարցնում են, թե ում են ընտրելու: Զանգելուց հետո որոշ մարդիկ ասել են, որ ընտրելու են ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին: Եվ նրանք, ովքեր որպես ՀՀԿ-ական են ներկայացրել այդ պատասխանողներին, հեռացվել են աշխատանքից: Արդեն վեց ՀՀԿ-ականներ, ովքեր աշխատում էին թաղապետարաններում, այլևս գործազուրկ են: Բայց խեղճ մարդիկ փրկության ձևը գտել են: Իրենց գրած ցուցակներում «անդամագրվածներին» տնետուն այցելելով, աղաչանք-պաղատանքով հորդորում են` եթե զանգեն, ասեք ՀՀԿ-ին եք ընտրելու, հետո գլուխը քարը, թե ում կընտրեք:

Զարմանազան.

«Իրատես de facto»-ն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից փորձել է ճշտել` ինչպես է վերաբերվում շրջանառվող այն լուրերին, թե առաջիկայում իրեն կփոխարինի Շուշան Պետրոսյանը:

«Նորմալ»,- արձագանքել է մշակույթի տիկինը` չնայած հարցն առանձնապես իր սրտով չէր: «Կկարողանա՞ երգչուհի Շուշանը ղեկավարել մշակույթի բարդ ոլորտը»,- թերթի հարցին նախարարը պատասխանել է. «Յուրաքանչյուր մտածող մարդ էլ կարող է, խնդիր չեմ տեսնում»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 26-ին` ժամը 14:50-ի սահմաններում, Երևանի Խորենացու փողոցում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» (մորմոնների) եկեղեցուց գողություն է կատարվել: Անհայտ անձինք գողացել էին եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը): «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` գողացված համակարգչի մեջ բավականին հետաքրքիր տեղեկություններ կան Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ ուժերի ու նրանց ֆինանսական տեղաշարժերի մասին: Թե հատկապես որ ուժի մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չմանրամասնեցին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում