ՄԻՊ-ի գնահատականը Երևանի Քաղաքապետարանի գործունեության մասին
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպանն իր գնահատականն է ներկայացրել Երևանի Քաղաքապետարանի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում 2011թ. զարգացումների մասին: Ներկայացնում ենք ՄԻՊ-ի զեկույցն ամբողջությամբ.
«Երևանի Քաղաքապետարանի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
· Քաղաքապետարանի կողմից անբավարար վերահսկողության արդյունքում բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում և խաղահրապարակներում հաճախ իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ, որոնք ժամանակին չեն կանխվել:
· Քաղաքապետարանը կրպակների ապամոնտաժման ծրագիրն իրականացնելիս հիմնականում չի ապահովել անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, ինչի հետևանքով խախտվել են համապատասխան անձանց իրավունքները, և առաջացրել սոցիալական լարվածություն:
· Չի սահմանվել Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմինը, որը պատշաճ հսկողություն պետք է իրականացներ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում կառուցապատողների` օրենքով կամ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ:
· Երևանի քաղաքապետարանը բավարար չափով չի վերահսկել համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների գործունեությունը` կապված շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ու դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման հետ:
· Առանձին դեպքում (Կոմիտաս 26 հասցեում) քաղաքացուն տրամադրվել է շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տվող քաղաքաշինական փաստաթղթեր, որոնք հետագայում նույն մարմնի կողմից վերացվել են` օրենսդրության պահանջների խախտմամբ տրված լինելու պատճառաբանությամբ:
· Երևանի քաղաքապետարանը ոչ բոլոր դեպքերում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքաշինական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության խախտումներ թույլ տված անձանց: Այսինքն՝ դրսևորել է խտրական և կամայական մոտեցում:
· Մտահոգիչ է Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը: Բավարար չափով չեն իրականացվել հասարակական տրանսպորտի շահագործումը բարելավելու, կառավարումն առավել արդյունավետ դարձնելու և ուղևորափոխադրումների որակը բարձրացնելու աշխատանքները:
· Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտները, և հասարակական տրանսպորտը հաշմանդամների ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու ծրագրեր, որի հետևանքով շարունակել են խախտված մնալ վերջիններիս իրավունքները:
Արձանագրված դրական զարգացումները
· Համայնքներում իրականացվել են կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:
· Վերականգնվել, կահավորվել և կառուցվել են հասարակական տրանսպորտի նոր կանգառներ:
· Քաղաքապետարանը բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ կարողացել է լուծել թափառական կյանքով ապրող անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի և առաջին անհրաժեշտության այլ հիմնախնդիրներ:
· Ծայրահեղ կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցություն ցուցաբերելու համար մշակվել և քաղաքապետարանի կայքէջի միջոցով գործողության մեջ է դրվել «Ցանկությունների իրականացում» բարեգործական նախագիծը:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցի սույն բաժինն (22) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/633 հասցեով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում