Պ.Ֆիորի. «Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ»

«Մեծացել եմ հայկական երաժշտությամբ, հայկական համերով ու բույրերով: Տատիկս սուրճ խմելուց հետո բաժակը շուռ էր տալիս ու փորձում էր գուշակություններ անել»: Հիշելով մանկությունը՝ այս մասին այսօր «Mezzo Classic House-Club»-ում կազմակերպված մամուլի ասիլիսում ասել է անվանի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին:

Երգիչի խոսքերով՝ իր հայրն իրեն դաստիարկակել է հայի բարոյական արժեքներով և հային հատուկ մտածելակերպով. «Ես միշտ միևնույն պայքարն եմ մղել արժանապատիվ հայ լինելու համար»:

Պ.Ֆիորին նաև հայտնել է, որ Հայաստանի հետ կապը սկսել է տարիներ առաջ, երբ Հակոբ Խաչատրյան անունով մի հայ իրեն առաջարկել է դառնալ «Պրովանս Արմենի» կազմակերպության խնամակալը, ինչին ինքը համաձայնել է: Դրանից հետո կազմակերպությունը հավաքած օգնությունը տրամադրել է կարիքավորներին:

«Ես իրականում շատ հպարտ եմ, որ հայ եմ: Ես միշտ շատ զգացված եմ այն հյուրընկալությունից, որ մարդիկ ցուցաբերում են իմ ու իմ ընկերների նկատմամբ»,- ասել է Պ.Ֆիորին:  

Նշենք, որ ֆրանսահայ հանրաճանաչ երգիչը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում համերգով հանդես կգա մարտի 31-ին «Մեցցո» ակումբում: Երեկոյի սկզբում ելույթ կունենա նաև նորահայտ, չափազանց տաղանդավոր և ինքնուս երաժիշտ ֆրանսիաբնակ տասնմեկամյա Րաֆֆին, ով ծնվել է հայկական ընտանիքում:

Պ.Ֆիորին նշել է, որ  ինքը մեկ տարուց ավելի եղել է շրջագայության մեջ և ուրախ է, որ համերգներն ամփոփում է Երևանում.

«Սա իրոք շատ լավ առիթ էր գալու Հայաստան և մեկ անգամ ևս շփվելու հայ հանդիսատեսի հետ»,- ասել է երգիչը՝ խոստանալով առաջիկայում կրկին վերադառնալ Հայաստան մենահամերգով կամ գուցե «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով:

Նա նշել է, որ այդ մյուզիքլում Ֆեբ Դե Շատոպերի իր դերը ճակատագրական է համարում, քանի որ շատ երկրներում իրեն հենց այդ երգով են ճանաչում: «Այդ երգն այնպիսի արագությամբ տարածում ստացավ, ինչպիսին ունի ամենաարագընթաց «ֆերարին»»,- կատակել է երգիչը:

Վաղվա համերգին նույնպես նախատեսվում է վերոնշյալ մյուզիքլից «Բել» երգի կատարումը, ինչպես նաև «Հայաստանի լեռներ» և այլ հայտնի ու սիրված կատարումներ: 

Ֆրանսահայ երգիչն իր Հայաստանյան այցի ընթացքում նաև նկատել է, որ մեր երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում. «Օրինակելի արտառոց շարժ եմ նկատում, իսկ երիտասարդությունն ավելի հմայիչ է դարձել, քան ես տեսել էի տարիներ առաջ»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում