Ա.Մինասյան. «Քաղաքական քարոզչությունն իրականացվում է ընտրությունների ավարտից սկսած մինչև հաջորդ ընտրություններ»

Քաղաքական քարոզչությունն իրականացվում է միշտ` ընտրությունների ավարտից սկսած մինչև հաջորդ ընտրություններ: Սակայն այս պահին գնահատական տալ քաղաքական քարոզչության օգտագործմանը հնարավոր չէ, քանի որ ընտրարշավը պաշտոնապես դեռևս սկսված չէ: Նման տեսակել այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան (ԱՊՌԱ) ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը:

Ա.Մինասյանի խոսքերով՝ այսօր ԶԼՄ-ների գործունեության մեջ մեծացել է առցանց էլեկտրոնային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դերը. «Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում հեռուստաընկերությունները, ինչպես նաև մյուս լրատվամիջոցները մեծացնում են իրենց դերակատարությունն ընտրությունների ժամանակ»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ ընտրական գործընթացում լրատվամիջոցների դերը կարևորվում է հասարակության իրազեկման առումով, ինչպես նաև ազդում են ընտրողների տրամադրությունների վրա:

Անդրադառնալով տպագիր մամուլին, որն այժմ մոնիտորինգի է ենթարկվում, Ա.Մինասյանի կարծիքով՝ ի տարբերություն հեռուստաեթերի, տպագիր մամուլում քաղաքական առումով առկա է մասամբ հավասարաչափ լուսաբանում, թեև ԿԸՀ կողմից գրանցված Կոմկուսը, Դեմկուսը ու «Միանվորված հայերը» այդքան էլ շատ չեն լուսաբանվում: Ա. Մինասյանը նաև նկատել է, որ տպագիր մամուլում տարբեր ուժերի կողմից սեփական անելիքների ներկայացման պակաս կա ու ավելի շատ են ժխտողական պնդումներ, գնահատականներ պարունակող նյութերը:

Ասուլիսի մյուս բանախոս, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասել է, որ նախընտրական մոնիթորինգի համաձայն՝ դրական միտում է նկատվում տարբեր քաղաքական ուժերին լուսաբանման գործընթացում, թեև քողարկված գովազդը շարունակում է մնալ:

«Որոշ լրատվամիջոցների համար կարծես թե ընտրություններ չլինեն», կարծում է Բ.Նավասարդյանը: Նման հեռուստաալիքի օրինակ է, ըստ բանախոսի, Հանրային հեռուստաընկերությունը, որն այժմ ավելի շատ մշակութային միջոցառումներ է լուսաբանում, իսկ դա արդեն կարելի է դիտարկել որպես արհամարհական վերաբերմունք:

Երևանի մամուլի ակումբի նախագահի համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերլուծության արդյունքում կարելի է առանձնացել երեք ընտրական գործոն, որոնք ազդում են ընտրողների տրամադրության վրա ` ֆինանսական հնարավորություններ, ադմինիստրատիվ ռեսուրս և լրատվամիջոցներ: 

«Լրատվամիջոցների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե վերցնենք 90-ական թվականների կեսերից բոլոր համապետական ընտրությունները, առաջանային դերակատարություն ունեն հեռուստաալիքները»,- շեշտել է Բ. Նավասարդյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում