Ս.Լավրով. «Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված դաշնակցային փոխհարաբերությունները»
Նմանատիպ
Ապրիլի 2-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը երկու երկրները նշում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ եւ կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, գիտա-կրթական եւ մշակութային ոլորտներում ընդլայնվող փոխգործակցության, ամուր իրավա-պայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում փոխհարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը, նշեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հաստատված դաշնակցային փոխհարաբերությունները, փոխգործակցությունը միջազգային հարթակներում եւ շահագրգիռ է տարբեր ոլորտներում շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխհարաբերությունների քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար բնագավառներում համագործակցության շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականցվող աշխատանքներին:
Նախարարները գոհունակությամբ փաստեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, որի շրջանակներում բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան նաեւ երկու երկրների ապակենտրոնացված համագործակցությանը, քննարկեցին այս տարվա աշնանը աշնանը Ռուսաստանում կայանալիք երկրորդ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանը նախարարները մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում դիրքորոշումների համադրման, միմյանց թեկնածությունների աջակցմանը վերաբերող հարցերի շուրջ:
Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը բովանդակալից քննարկում ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց որպես ՄԽ համանախագահ Ռուսաստանի կողմից իրականացվող հետեւողական ջանքերի համար:
Բանակցությունների օրակարգում էին Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումները: Այս առումով երկուստեք շեշտվեց բռնությունների դադարեցման եւ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո տեղի ունեցան ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի կապակցությամբ երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության ստորագրման եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունները:
Այնուհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում